Զարուհի Փոստանջյան. ՌԴ-ն մի պետություն է, որը ոտնահարում է ամեն ինչ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի Գյումրիում կատարած հայտարարրությունը կայսերական մոտեցման արդյունք է: Հիշեցնենք, որ Վ. Պուտինը Գյումրիում տեղի ունեցած համաժողովի ժամանակ հայտարարեց, թե Ռուսասանը չի պատրաստվում հեռանալ Հարավին Կովկասից, ավելին՝ պատրաստվում է ամրապնդել իր դիրքերը:
«Կայսերական հայտարարություն էր: Ես շատ եմ ցավում, որ Ռուսաստանի Դաշնությունը 21-րդ դարում նման մտայնությունների մեջ է, նման կայսերական նկրտումներ է բանեցնում նախկին խորհրդային միության հանրապետությունների նկատմամբ: ՌԴ ապագան ողբերգական կլինի, որովհետև կայսերական մոտեցումները, տնտեսական անկումն իրենց ապագա չեն խոստանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ինչ վերաբերում է Վ. Պուտինի այցի ժամանակ երկու նախագահների կողմից ստորագրված փաստաթղթին, ըստ որի՝ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ՀՀ-ի 20 տոկոս բաժնեմասը փոխանցվեց ռուսական «Գազպրոմ» ընկերությանը, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Պարոն Սերժ Սարգսյանը, ով գուբերնատորի պաշտոն է ստանձնել, իր պաշտոնի երկարաձգման համար նվիրաբերեց կայսերական Ռուսաստանին»:
Նա նշեց, թե Հայաստանը Ռուսաստանի հետ կարող է լինել բարեկամներ և խնդիրն այստեղ ամենևին էլ դա չէ: Ըստ նրա՝ ՌԴ-ն ոչ թե ռուս ժողովրդի շահն է ներկայացնում, այլ՝ «մի խմբակի», որն ունի կայսերական նրտումներ:
«Սա է խնդիրը: Նույն ՌԴ-ն, պարոն Պուտինը, ռուս ժողովրդի համար չարիք են: Այնտեղ ապրող ժողովրդի իրավունքները չափազանց ոտնահարված են. ՌԴ-ն մի պետություն է, որը ոտնահարում է ամեն ինչ: Ռուսաստանը հենց իր համար է չարիք, իսկ Հայաստանի համար ՌԴ-ն կրկնակի չարիք է լինելու»,- հավելեց նա: