Ուկրաինան Ռուսաստանի հետ չի պայմանավորվել խոշոր վարկի տրամադրման շուրջ. Նիկոլայ Ազարով
![](https://168.am/wp-content/uploads/2013/11/973384803.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Կիևը որևէ պայմանավորվածություն չունի Ռուսաստանի հետ՝ կապված նոր վարկեր տրամադրելու հետ:
Պատասխանելով Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև նոր վարկերի շուրջ պայմանավորվածություն լինելու վերաբերյալ գործակալության հարցին՝ Ազարովը հայտարարել է, որ բնականաբար այդպիսի բան չկա:
Այն բանից հետո,ինչ Ուկրաինայի կառավարությունը նախորդ շաբաթ կասեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական գործընթացը, ԶԼՄ-ներում տեղեկություններ ի հայտ եկան, որ Ռուսաստանն Ուկրաինային խոստացել է խոշոր վարկ:
Ուկրաինական «Բատկիվշչինա» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկը հայտարարել էր, թե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի հետ պայմանավորվել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր չստորագրելու դիմաց 20 միլիարդ դոլարի փոխհատուցում: Սակայն Նիկոլայ Ազարովը նոյեմբերի 24-ին հերքել էր այդ տեղեկատվությունը: