Բաժիններ՝

Մարգվելաշվիլին առաջարկել է Սաակաշվիլիի նստավայրը հանձնել Վրաց-ամերիկյան համալսարանին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարևոր է համարում Թբիլիսիի «Հավլաբար» թաղամասում գտնվող նախագահական նստավայրը Վրաց-ամերիկյան համալսարանին հանձնելը: Այդ նստավայրը կառուցել է դեռևս գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Մարգվելաշվիլին մտադիր է սկզբնական շրջանում աշխատել Պետական գրասենյակում, իսկ ավելի ուշ տեղափոխվել Անտոնելի փողոցում գտնվող նախագահական նոր նստավայր: Նախկին իշխանությունների ժամանակ այն կառուցվել է որպես երկրի վարչապետի (տվյալ ժամանակ՝ Վանո Մերաբիշվիլիի) նստավայր:

Սակայն այն բանից հետո, ինչ նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթեց «Վրացական երազանք» դաշինքը, որոշվեց, որ դա հանդիսանալու է նախագահական նստավայր:

Մարգվելաշվիլին հիշեցրել է, որ նախընտրական կամպանիայի ժամանակ քանիցս հայտարարել է, որ համաձայն չէ, որպեսզի նախագահական նստավայրը լինի այդչափ մեծ, և որ դրա վրա ծախսված ողջ գումարը պետք է վերադարձվի ժողովրդին:

Մարգվելաշվիլին հավելել է, որ երկրի Կրթության ու գիտության նախարար Թամար Սանիկիձեի հետ քննարկել են «Հավլաբարում» գտնվող նախագահական նստավայրում Վրաց-ամերիկյան համալսարանի տեղակայվելու հարցը և պայմանավորվել են, որ այն բացվելու է հաջորդ տարի:

Նորընտիր նախագահը կարծում է, որ դա շատ հետաքրքիր նախագիծ է, որը Վրաստանին կբերի բարձր մակարդակի կրթությանը՝ ընդգծելով, որ ուրախ է, որ նստավայրի րա ծախսված ողջ գումարը կծառայի ուսանողների կրթությանը:

«Հավլաբարում» նախագահական նստավայրի կառուցումը մեկնարկել է 2004 թվականին՝ 2003 թվականի աշնանը Վրաստանում անցկացված «Վարդերի հեղափոխությունից» հետո:

Շինության բացման արարողակարգի ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, որ դրա կառուցումն արժեցել է 13 միլիոն լարի (7.8 միլիոն դոլար): Սակայն ԶԼՄ-ներն ու ընդդիմությունը կարծում են, որ իրականում նախագահական նոր նստավայրի կառուցումն արժեցել է շատ ավելի թանկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս