Բաժիններ՝

Թալինի կանայք տիկնիկներ են գործում՝ Արևմտյան Հայաստանի տարածքների անուններով (լուսանկարներ)

Թալինի կանայք Մուշ, Կարս, Կարին (Էրզրում), Սասուն, Սեբաստիա, Տրապիզոն, Վան և Արևմտյան Հայաստանի այլ նահանգների ու քաղաքների անուններով տիկնիկներ են ստեղծում:

Նրանց գործած տիկնիկները կրում են տվյալ տարածքի ավանդական հայկական տարազը: Սա մի միջոց է փրկելու մեր պատմությունն ու այդ մասին տեղեկացնելու ու նաև կրթելու ապագա սերունդներին: Բացի այդ, այս կերպ նրանք կարողանում են ինչպես Թալինում բնակվող կանանց ապահովել աշխատանքով, այնպես էլ՝ այս գործից ստացված որոշ գումար հատկացնել հաշմանդամություն ունեցող երեխաներին, որոնց համար ցանկանում են ֆիզիոթերապիայի կենտրոն բացել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Թալինի կանանց ռեսուրս» կենտրոն զարգացման հիմնադրամի տնօրեն Գայանե Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ հենց այս կենտրոնն էլ 2012 թվականին նախաձեռնել է «Թալինի տիկնիկներ» (Talin Dolls) կոչվող նախագիծը:

Talin women

Talin women and thir dolls

Կարդացեք նաև

Գ. Խաչատրյանը պատմեց, որ իրենց այս գաղափարը կյանքի կոչելու հարցում իրենց մեծապես օգնել է Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթը` տրամադրելով տիկնիկ պատրաստելու համար անհրաժեշտ նյութերն ու շյուղերը:

Talin Dolls«Նախ` կանանց տիկնիկ գործել սովորեցրինք, որը տևեց մոտ 6 ամիս, այդ ժամանակ ոչ բոլորն էին պատրաստ այդ «փորձությանը», որովհետև շատերը պարզապես հրաժարվում էին ընթացքում, քանի որ այն լուրջ աշխատանք և ջանքեր է պահանջում, իսկ արդյունքը տեսնելուն պես` փոխում էին իրենց միտքը»,- ասում է Գ. Խաչատրյանն ու հավելում, որ իրենց առաջին արտադրանքը վաճառել են արդեն 2012 թվականի մարտին, իսկ մինչ օրս ընդհանուր առմամբ վաճառել են նման մոտ 500 տիկնիկ` աշխարհի ավելի քան 7 երկրներում:

Գայանե Խաչատրյանի խոսքով՝ իրենք աշխատում են նոր և ավելի գեղեցիկ նմուշներ ստեղծելու ուղղությամբ և այդպիսով փորձում են մարդկանց տեղեկացնել Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգների մասին, որոնց մասին շատերը չգիտեն:
Տիկնիկ գործող այս կանանց մասին ևս շատերը չգիտեն, ուստի ստեղծված տիկնիկները երբեմն նաև անհրաժեշտ է լինում նվիրել: Այժմ արդեն այս ուղղությամբ ևս տարբեր ծրագրեր են մշակվում:

Van

Sasoun

Karin (Erzroum)

«Օրինակ, վերջերս մենք մասնակցեցինք հայաստանյան «Startup Cup» բիզնես մոդելների մրցույթին, որտեղ պրոֆեսիոնալների աջակցությամբ արժեքավոր խորհուրդներ ստացանք, որոնք արդեն սկսում ենք կիրառել: Մենք մեր բոլորը ջանքերն այժմ ուղղում ենք, որպեսզի ավելի շատ մարդիկ ճանաչեն մեզ, և ավելի մեծ շուկա դուրս գանք»,- ասաց Գ. Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ 2015 թվականին՝ Մեծ եղեռնի 100-ամյակին, մարդիկ ավելի շատ կցանկանան ունենալ իրենց նախնիներին հիշեցնող որևէ մշակութային արժեք:

«Թալինից բացի, նաև մոտակա որոշ գյուղերում կան տիկնիկներ գործող կանայք, իսկ եթե պատվերները շատանան, ապա մենք պատրաստ ենք նաև նրանց ներգրավել այս գործում»,- ասաց Գ. Խաչատրյանը` նշելով, որ տիկնիկներ գործելու ցանկություն են հայտնել նաև հաշմանդամություն ունեցող կանայք:

Գ. Խաչատրյանի խոսքով` բոլոր տիկնիկներն ունեն մոտ 21 սմ երկարություն, դրանց բոլորի արժեքը նույնն է` 8200 դրամ, որի մեջ հաշվարկվում է կանանց աշխատավարձը, հարկերը, անհրաժեշտ նյութերի ծախսը, իսկ այդ գումարի 15 %-ն էլ տրամադրում են հաշմանդամ երեխաների աջակցությանը:

Talin Dolls- 3

«Այժմ 12 շրջանների տարազներով տիկնիկներ ունենք, ստացել ենք նաև 2 նոր շրջանների համար պատվերներ: Շատ դեպքերում մարդիկ ինչ-որ գյուղի անունով են ցանկանում պատվեր տալ, որի մասին անգամ չգիտենք, ու այժմ փորձում ենք ճշտել, որպեսզի հասկանանք, թե ինչ տարազով պետք է տիկնիկը գործել»,- ասաց Գ. Խաչատրյանը` նշելով, որ այժմ սկսել են նաև գինու շշի, այսպես ասած՝ «ծածկոցներ» և նաև` բանալիների համար մագնիսով կախազարդեր («բրելոկ») ստեղծել, որոնք ավելի մատչելի կլինեն և հասանելի կլինեն շատերին:

Talin Dolls- 2

«Բացի այդ, տիկնիկն այնպիսի ապրանք է, որ մեկ հատ գնելիս` այն երկար տարիներ կարող է ծառայել, իսկ այս փոքրիկ նորույթները կարող են ավելի շատ գնել, քանի որ դրանց գինն ավելի մատչելի կլինի»,- ասաց Գ. Խաչատրյանը:
Տեղեկացնենք, որ «Թալինի տիկնիկներ» (Talin Dolls) կոչվող նախագիծն ունի նաև ինտերնետային կայք:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս