Սեռական փոքրամասնությո՞ւն, թե՞ քաղաքական մեծամասնություն
Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ
Ամերիկյան ֆիլմերից մեկում, Հայաստանում նույնասեռականության դեմ բուռն պայքարին անտեղյակ, երևում է` բարոյապես քայքայված, սակայն չափազանց սրամիտ մեկն ասում է. «Ոչ, երկնագույն տղամարդ չկա, պարզապես կան տղամարդիկ, որոնք չեն հանդիպել իրենց Ջեքին»: Հիմա` այն լրջությունը, որով քննարկում ենք սփյուռքահայ մեր արվեստագետների բարոյական նկարագիրը, կարծես թե ավելի անլուրջ է, քան վերոնշյալ կատակը:
Մարդիկ անզգուշություն են ունեցել խնդրել մեզ` հայաստանցիներիս, ավելի լոյալ լինել նույնասեռականների նկատմամբ: Նրանք հակված են կարծել, որ նույնասեռականները, եթե չեն քարոզում իրենց սեռական հակումները, ագրեսիվ չեն, իրավունք ունեն շնչել Հայաստանի ոչ այնքան մաքուր օդը: Ինչպես նաև` օգտվել այն ազատություններից, որոնք նախատեսված են Հայաստանի ինտելեկտուալ փոքրամասնության և ոչ ինտելեկտուալ մեծամասնության, բարոյական բարձր նկարագիր ունեցող փոքրամասնության և բարոյականությունն ավելորդ բեռ համարող մեծամասնության համար:
Ազատությունների առումով Հայաստանում խնդիրը լուրջ է: Սահմանադրությամբ բոլորս հավասար ենք օրենքի առաջ, սակայն բոլոր կարգի փոքրամասնություններն ու անգամ մեծամասնությունը հավասարաչափ անազատ է:
Հետևաբար` սեռական փոքրամասնությունների հարցը, թեկուզ հենց նրանց քանակից ելնելով, ամենևին կարևորներից մեկը չէ: Հայաստանում իշխանությունները ոչ թե փոխվում են, այլ վերարտադրվում: Ընտրությունները պերմանենտ կեղծվում են: Պետությունն իր քաղաքացիների հանդեպ ավելի անազնիվ է, քան մարմնավաճառները` իրենց հաճախորդների, և միասեռականները` միմյանց հանդեպ: Չինովնիկնեն օրը ցերեկով մտնում են հարկատուների գրպանը. վերջին օրինակը` իր երկրի գործարարներին պետությունը տասնապատիկ թանկ վերավաճառում է նոր սերնդի ՀԴՄ-ներ:
Այս իրավիճակում սիրո դրսևորման տարօրինակությունների մասին զրույցները գուցե թե որոշակի հետաքրքրություն են մտցնում մեր միապաղաղ կյանք: Ամենևին միտք չունենալով նեղացնել ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանս) համայնքին, այդուհանդերձ, ինձ թույլ եմ տալիս կարծել, որ նրանց խնդիրն այսօր Հայաստանում ամենևին առաջնայիններից չէ:
Սեռական փոքրամասնությունների հանդեպ տոլերանտության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ երկրում գործում է օրենքը, կա ազատ դատարան, թափանցիկ ընտրություններ, երբ գյուղերում դպրոցները չեն փակվում` աշակերտ չլինելու պատճառով, երբ սահմանամերձ գյուղերում կան գոնե մեկական բժիշկներ…
Եվ հիմա բոլորը, այդ թվում` և սփյուռքահայ մեր արվեստագետները, մի կողմ թողած հիմնական խնդիրները, համերաշխորեն պաշտպանում են մարդկանց այն խմբին, որը, ըստ էության, մեր երկրում ամենապաշտպանվածն է: Հանգիստ թողնենք սեռական փոքրամասնություններին և մեր ուշադրությունը սևեռենք քաղաքական մեծամասնության վրա: Եկեք նայենք պաշտոնական վիճակագրության համառ թվերին: Արտագաղթ, մահացության աճ, ամուսնությունների թվի նվազում, ամուսնալուծությունների թվի ավելացում, ծնելիության նվազում:
Այս կոնտեքստում, ինչ խոսք, կարելի է ողջ զայրույթը թափել սեռական փոքրամասնությունների վրա, նրանց մեղադրել ավանդական հայ ընտանիքը քայքայելու նպատակների մեջ:
Սակայն այդպես արդար չի լինի: Այն, ինչից պետք է պաշտպանել ավանդական հայկական ընտանիքը, վերոնշյալ վտանգներից է: Այն, որ գյուղերում առաջ կանայք ամենաքիչը հինգ զավակ էին ունենում, այսօր երկրորդն ունենալուց առաջ երկար են մտածում, նույնասեռականների մեղքը չէ:
Կամ` երբ ավանդական հայկական ընտանիքի տղամարդը գնում է Ռուսաստան` արտագնա աշխատանքի, և այնտեղ իր համար հանկարծ պարզում է, որ Նատաշան կամ Սվետան ավելի հմայիչ ու հրապուրիչ են, քան չարքաշ կյանքով ապրող իր Սուսանը, արևմտյան բարոյազուրկ գաղափարախոսությունը Հայաստան ներմուծելու պատճառով չէ:
Եվ երբ ավանդական հայկական ընտանիքի տղամարդիկ հավաքվում են, ու նրանց խոսքի հիմնական բովանդակությունը հայհոյանքներն են, որոնք, գիտեք, սեռական բնույթի են և խոսքի մակարդակով հասնում են այնտեղ, ուր նույնասեռականների երևակայությունը հավանաբար դեռ չի էլ հասնում, ո՞ր արժեքների փրկության մասին ենք խոսում: Հայ ավանդական ընտանիքներից շատերում, ի դեպ, փոքրիկ տղաներին սեռական բնույթի հայհոյանքը սովորեցնում են վաղ մանկուց և քրքջում, երբ մանչուկն իր առնականության առաջին քայլերն է անում հյուրերի ներկայությամբ:
Երբ հայ կանայք Թուրքիայում, Իրանում, Արաբական Էմիրաթներում, ընտանիքները կերակրելու նպատակով, զբաղվում են ամենևին ոչ հաց թխելով, երկար մտածելու դեպքում` գուցե եվրոպական, արևմտյան ապաբարոյական արժեքների հետքը տեսնենք: Սակայն իրականությունը շատ ավելի մոտ է` Հայաստանում: Եվ շատ կոնկրետ տեղ` ղեկավարող մարդկանց գլխում: Կամ, ավելի ճիշտ, գրպանում:
Ինչ վերաբերում է անզորությունից սեռական փոքրամասնությունների վրա հարձակվելուն, դա էլ տարբերակ է: Ընդ որում` խիստ բնորոշ բարեպաշտ մեծամասնությանը: Սփյուռքահայ արվեստագետների հայտնի նամակի արձագանքը մոտավորապես այսպիսին է. «Ազգի տականքնե՛ր, մոռանո՞ւմ եք 100 տարի առաջ բռնաբարված ձեր հայրերի մայրերին, նրանց բռնաբարված քույրերին, նրանց մորթված եղբայրներին: Մոռացե՞լ եք»: Ցեղասպանության ողջ արհավիրքն ընկալել բռնաբարությունների, մորթված հայերի միջով` առողջ չէ:
Եվ, առհասարակ, կա՞ ինչ-որ տեղ ձևակերպված` ինչ է բարոյականությունը: Եվ ո՞վ պետք է առաջին քարը նետի նրանց վրա, ում համարում է անբարոյական:
Ոչ մի օրենքով, քարոզչությամբ, առավել ևս` հակաքարոզչությամբ մարդկանց ստիպել` լինել բարոյական, ազնիվ, հնարավոր չէ: Կարդացեք մեր Սահմանադրությունն ու մեր օրենքները` ամենահումանիստականն աշխարհում: Հետո՞ ինչ…
Հ.Գ. Ի դեպ, խոսում ենք ընտանեկան ավանդույթների մասին: Կա այսպիսի վիճակագրություն. Եվրոպայում, Արևմուտքում ամուսնությունները գնալով պակասում են: Այնտեղ կարծես արդեն ամուսնանում են միայն նույնասեռականները…
«168 ԺԱՄ»