Բաժիններ՝

Սաակաշվիլիին չեն ընդգրկել Վիլնյուս մեկնող վրացական պատվիրակության կազմում

Kommersant.ua-ի փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանությունները նախագահական պաշտոնին հրաժեշտ տվող Միխեիլ Սաակաշվիլին չեն ընդգրկել պատվիրակության կազմում, որը նոյեմբերի վերջին մեկնելու է Վիլնյուս՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու համար:

Այժմ Սաակաշվիլիին մնացել է միայն մեկ հնարավորություն՝ ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին ներկա գտնվելու համար: Խոսքը գնում է գագաթաժողովի կազմակերպիչների հրավերով պատվավոր հյուրի կարգավիճակով դրան ներկա գտնվելու հնարավորության մասին:

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն սրանից առաջ հայտարարել է, որ Սաակաշվիլին չի կարող Վիլնյուս ժամանել Վրաստանի պաշտոնական պատվիրակության կազմում:

Փանջիկիձեի խոսքերով՝ Լիտվայի նախագահն այդ գագաթաժողովին հրավիրել է նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Փանջիկիձեն ընդգծել էր, որ կազմակերպիչների կողմից պաշտոնական պատվիրակության կազմը որոշվել էր «1+2+5» ձևաչափով՝ պետության ղեկավար, երկու նախարար և ևս հինգ մարդ:

Նշվում է, որ Միխեիլ Սաակաշվիլին մեծապես հուսով է եղել, որ նոր իշխանությունները հաշվի կառնեն իր ներդրումը Վրաստանի եվրաինտեգրման գործընթացում և նախարարներից մեկի փոխարեն պատվիրակության կազմում կընդգրկեն իրեն:

Համոզվելով, որ չեն արդարանում այդ հույսերը՝ Սաակաշվիլին մեկնեց Բրյուսել, ուր և հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի հետ: Հանդիպման ժամանակ Սաակաշվիլին Բառոզուին հայտնել է, որ ուրախ կլինի եթե ԵՄ-ն իրեն հրավիրի Վիլնյուս՝ որպես «պատվավոր հյուր»:

Միևնույն ժամանակ Սաակաշվիլիին կարող են չհրավիրել նաև Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը, որը նոյեմբերի 17-ին տեղի է ունենալու Թբիլիսիում:

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Դավիթ Սագանելիձեն արդեն հայտարարել է, որ Սաակաշվիլին տեղ չունի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը: Նա ընդգծել է, որ անմիջապես կհեռանա երդմնակալության վայրից, եթե այնտեղ հայտնվի Սաակաշվիլին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս