Բաժիններ՝

Հայաստանը դա՞ս կտա Մաքսային Միության անդամներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Համաշխարհային բանկն այսօր հրապարակել է գործարարությամբ զբաղվելու դյուրինության Doing Business 2014 զեկույցը, որում Հայաստանը զբաղեցրել է 37-րդ տեղը՝ 189 երկրների շարքում։

Ուշագրավն այն է, որ Հայաստանը Doing Business-ում զգալիորեն առաջ է անցել Մաքսային միության անդամ երկրներին։ Ռուսաստանը 92-րդն է, Բելառուսը`63-րդ, Ղազախստանը`50-րդը։

Այս առնչությամբ լրագրողները հետաքրքրվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանից, թե ինչո՞ւ է Հայաստանը միանում Մաքսային միությանը, երբ այդ միության անդամ երկրներում բիզնեսով զբաղվելի շատ ավելի դժվար է, քան Հայաստանում։

Փոխնախարարն այս հարցին շատ հետաքրքիր պատասխան է տվել՝ Հայաստանն այս հարցում ասելիք ունի։ Ըստ նրա, Doing Business-ում Հայաստանի լավ դիրքը լրացուցիչ փաստարկ է, որպեսզի մենք արագ միանանք Մաքսային միությանը: «Մեր փորձը շատ կարևոր կլինի միության անդամ երկրների համար, և նրանք պատրաստ են մեզ լսել»,- ասել է Կ. Մինասյանը:

Կարդացեք նաև

Այլ կերպ ասած՝ Մաքսային Միության անդամները անհամբեր սպասում են, թե Հայաստանը երբ է միանալու իրենց և սկսի խորհուրդներ տալ՝ այս զեկույցում վեր բարձրանալու համար։

Անհասկանալի է միայն, թե ի՞նչ կապ ունի ՄՄ-ին անդամակցությունը, հնարավոր չէ՞ ասելիքը տեղ հասցնել առանց այդ միությանը անդամակցելու։

Իսկ առավել անհասկանալի է «անձնազոհության» դրսևորումը, որը Հայաստանի իշխանությունները պատրաստ են ցուցաբերել։ Ստացվում է, որ մեր փորձը ՄՄ անդամների հետ կիսելու նպատակով՝ պատրաստ ենք միանալ (այն էլ արագ) ավելի վատ պայմաններ ունեցող տնտեսական դաշտին, ինքներս մեզ վնաս տալով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս