Թուրքիան առանցքային նոր որոշում է կայացրել զենիթա-հրթիռային համակարգերի գնման հարցում
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիան առանցքային նոր որոշում է կայացրել զենիթա-հրթիռային համակարգերի գնման հարցում՝ կապված տվյալ հարցում ցուցաբերած ԱՄՆ-ի հակազդեցության հետ:
Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության հայտարարած մրցույթի արդյունքներով հաղթել էր Չինաստանը: Մրցույթին մասնակցել էին Ֆրանսիան-Իտալիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանել հոկտեմբերի 31-ը:
Այժմ որոշվել է այդ ժամկետը երկարաձգել մինչև 2014 թվականի հունվարի 31-ը, որպեսզի մրցույթում պարտված կողմերը կարողանան հանդես գալ թարմացված առաջարկներով: Սեպտեմբերի 26-ին հայտարարվել էր, որ մրցույթում ամենաբարձր գինն առաջարկել է ռուսական կողմը՝ Antey 2500 համակարգերի համար:
Չինական առաջարկը (FD-2000) գնահատվել էր 3.5 միլիարդ դոլար, ֆրանս-իտալականը (Samp-T)՝ 4.4 միլիարդ դոլար, իսկ ամերիկյան առաջարկը (Patriot)՝ 4.5 միլիարդ դոլար: Ինչ վերաբերում է այդ համակարգը համատեղ արտադրելուն, ապա չինական տարբերակի պարագայում թուրքական մասնաբաժինը կազմելու է 30 տոկոս, իսկ ֆրանս-իտալական ու ամերիկյան առաջարկների պարագայում՝ 10-12 տոկոս:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք ընտրել են չինական տարբերակը, քանի որ այն ամենաէժանն է, և որ Չինաստանը համաձայնվել է հատկացնել ռազմական տեխնոլոգիաներ: Դրա հետ մեկտեղ Էրդողանն ընդգծել էր, որ ռուսական զենիթա-հրթիռյաին համակարգն ամենաուժեղն է: