Եգիպտոսում բախումներ են գրանցվել ոստիկանության ու իսլամականների միջև
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման հարյուրավոր կողմնակիցներ այսօր դուրս են եկել երկրի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայի փողոցներ:
Արդեն ավանդական է դարձել, որ իսլամականները ուրբաթ բողոքի ակցիաներ են կազմակերպում երկրի նոր իշխանությունների դեմ: Ալեքսանդրիայում կազմակերպված բողոքի ակցիան հանգեցրել է ավտոմեքենաների խցանումներին և ափամերձ Սիդի-Բիշր թաղամասի ամբողջովին շրջափակմանը:
Ոստիկանությունը հարկադրված է եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք բախվել են տեղաբնակների հետ և սկսել են քարեր նետել նրանց վրա: Դրանից հետո իսլամականները հետ են նահանջել:
Իսլամականներն այսօր բողոքի ակցիաներ են կազմակերպել նաև Եգիպտոսի մյուս քաղաքներում: Արդեն իսկ բախումներ են գրանցվել Պորտ Սայիդում ու Դակահլիում:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ոստիկանությունն ու բանակը փակել են «Թահրիր» հրապարակի, ինչպես նաև Կահիրեի համալսարանի բոլոր մատույցները: Բացի այդ, պահպանության տակ են առնվել քրիստոնեական եկեղեցիները: