Մենք կարևորություն ենք տալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Ահմեթ Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ մեկնել է Բեռն և հանդիպել է Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալտերի հետ: Դավութօղլուի այդ այցը համընկել է 4 տարի առաջ նույն օրը (հոկտեմբերի 10) Շվեյցարիայի միջնորդությամբ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետ:

Հանդիպման արդյունքներով կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Դավութօղլուն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին. «Մենք կարևորություն ենք տալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Սակայն որպեսզի դա լինի մնայուն, անհրաժեշտ է լուծել Հարավային Կովկասի հարցերը, ինչը գլխավորապես վերաբերում է Ղարաբաղի խնդրի լուծմանը և ադրբեջանական տարածքների ազատմանը:

Մենք 4 տարի առաջ այստեղ շատ լուրջ քայլ ձեռնարկեցինք այդ արձանագրությունները հաջողությամբ կյանքի կոչելու համար:Մենք շնորհակալ ենք Շվեյցարիային՝ այդ ուղղությամբ գործադրած անկեղծ ջանքերի համար: Սակայն Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը և ավելի ուշ տարածաշրջանի վրա գործադրված ճնշման պատճառով դա դարձավ անհնար:

Հուսով ենք, որ դրանք ամբողջությամբ չեն ընկել օրակարգից: Այժմ աշխատում ենք գործընթացը զարգացնել որոշակի ստեղծագործ մտքերով, նոր գաղափարներով: Առաջիկայում մեծացնելու ենք այս ուղղությամբ մեր աշխատանքները: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բնականաբար պետք է իրականացվի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ»:

Տեսանյութեր

Լրահոս