Բաժիններ՝

Էկումենիկ շարժման մեջ երիտասարդության ներգրավվածությունը կարևոր է

Սեպտեմբերի 28-30-ը Ծաղկաձորում, նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և աջակցությամբ Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի, Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ էկումենիզմին նվիրված սեմինար, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերից, Հայ Կաթողիկե Եկեղեցուց, հասարակական զանազան կազմակերպություններից և քրիստոնեական երիտասարդական միություններից:

Սեմինարը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո սեմինարի կազմակերպիչ Գոհար Ղալաչյանն ամփոփ ներկայացրեց ծրագրի նպատակը, սկզբունքները և օրակարգը: Եռօրյա դասընթացին զեկուցումներով հանդես եկան Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը և Կլոր Սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ղարիբ Հարությունյանը:

Զեկուցողներն անդրադարձան էկումենիկ շարժման ստեղծման պատմությանը, նպատակին, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կառուցվածքին, Հայ Եկեղեցու մասնակցությանը էկումենիկ շարժմանը, միջեկեղեցական աստվածաբանական երկխոսություններին և արդի մարտահրավերներին, որոնք ծառացած են Քրիստոնեական Եկեղեցիների առաջ:

Բանախոսները, ներկայացնելով ԵՀԽ-ի երիտասարդական ծրագրերը, ընդգծեցին նաև էկումենիկ շարժման մեջ երիտասարդության ներգրավվածության կարևորությունը: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի գործունեությանը կրթական, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում:

Սեպտեմբերի 29-ին սեմինարի մասնակիցները Կեչառիսի վանական համալիրում մասնակցեցին նաև Ս. Պատարագին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Տեղեկատվական համակարգ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս