Օբամայի ու Ռոուհանիի միջև հեռախոսազրույցի նախաձեռնողն իրանական կողմն է. Սպիտակ տուն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի ու Իրանի նախագահներ Բարաք Օբամայի ու Հասան Ռոուհանիի միջև հեռախոսազրույցն անցկացվել է իրանական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքերով` հեռախոսազրույցն անցել է ջերմ մթնոլորտում և տևել է ընդհանուր առմամբ 15 րոպե: Սպիտակ տան ներկայացուցիչը հիշեցրել է, որ Օբաման անձամբ ցանկացել է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն հանդիպումը չի կայացել դրա կազմակերպմանն առնչվող, ծագած բարդությունների պատճառով.

«Այսօր (ուրբաթ) մենք իրանցիցներից տեղեկացանք, որ նախագահ Ռոուհանին կցանկանար հեռախոսազրույց ունենալ Օբամայի հետ` նախքան Նյու Յորքից իր մեկնումը: Այդպես էլ կազմակերպվել է հեռախոսազրույցը, որի ժամանակ երկու երկրների առաջնորդները վճռականություն են հայտնել խաղաղ ճանապարհով Իրանի միջուկային ծրագրի խնդիրը լուծելու մասին»:

Առաջինը հեռախոսազրույցի մասին պատմել է անձամբ Օբաման` Սպիտակ տանը հանդես գալով լրագրողների առջև: Նա հայտարարել է, որ հնարավոր է համարում Իրանի միջուկային ծրագրի կարգավորումը` թեպետ դրա ճանապարհին քիչ չեն խոչընդոտները:
Դա ԱՄՆ-ի ու Իրանի նախագահների առաջին շփումն է վերջին 34 տարվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս