1-ամյա Մարիամիկը օրերով մորը չի տեսնում. հետծննդյան փսիխոզի պատճառով ամուսինը երեխային չի տալիս մորը
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ներկայացնում ենք պատմություն մի կնոջ մասին, ով ծննդաբերելուց հետո մինչև օրս չի կարողանում ամուսնու ընտանիքից ետ վերադարձնել իր առաջնեկին: Հիշեցնենք, որ Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:
Փոքրիկ Մարիամիկն ամեն անգամ մորից բաժանվելուց երկար լաց է լինում, 1 ամյա այս երեխան դեռ չի հասկանում, թե ինչո՞ւ ինքը չի կարող գիշերել մոր հետ, կամ ինչու է շաբաթական մի քանի ժամ անցկացնոմ նրա հետ: Բանն այն է, որ Մարիամի ծնվելուց հետո, նրա մայրը` Մելինե Գրիգորյանը, հետծննդյան փսիխոզ է ունեցել. նա մոտ 1 ամիս բուժում է ստացել Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում, այդ ընթացքում նրա նորածին դստեր խնամքը «հանձնել էին» ամուսնու ընտանիքին: Քիչ թե շատ կազդուրվելուց հետո էլ Մելինեի ամուսինը երեխային չի ցանկանում վերադարձնել մորը, պատճառաբանելով`Մելինեն առողջական խնդիրներ ունի եւ ի վիճակի չէ խնամել երեխային: Մելինեն որոշել է ամուսնալուծվել, նրա մայրը տիկին Մելանյան, մեզ հետ զրույցում ասում է, որ Մելինեի ամուսինը շատ անտարբեր է եղել, երբ կինը հիվանդանոցում էր ոչ մի անգամ տեսակցության չի գնացել. «Հիվանդ ժամանակ տիրություն չարեցին, բա էլ ինքն ո՞ւմ է պետք»:
Շուտով 1 տարին կլրանա, ինչ Մելինեն երեխային իրեն վերադարձնելու համար դիմել է փաստաբանի օգնությանը. ներկայումս դատական գործընթաց է` որոշելու թե 1 ամյա Մարիամը ծնողներից հո՞ր, թե՞ մոր հետ պետք է ապրի: Չնայած, նա հույսը չի կտրում, որ իր փոքրիկ Մարիամիկի խնամքի իրավունքն ամբողջովին իրեն կտրվի, բայց երեխայի հայրն էլ է պայքարում դստերն իր մոտ պահելու համար:
Հիմա Մելինեն շաբաթվա ընթացքում մի քանի անգամ կարողանում է իր փոքրիկի հետ հանդիպել. նախկին ամուսնու ընտանիքը բնակվում է Կապան քաղաքում, իսկ Մելինեն` Գեղանուշ համայնքում. առավատոյան վաղ գնում է քաղաք, երեխային վերցնում, վերադառնում գյուղ, նրա հետ ժամանակ անցկացնում, հետո նորից տանում Կապան: Երեխայի հետ շփվելու հնարավորություն ունենալը մոր ապրումները չի թեթեւացնում:
«Շատ դժվար է առանց Մարիամիկի, ես երազում եմ այն օրվա մասին, երբ իմ երեխան իմ գրկում կքնի: Չգիտեմ, էլ դիմանալու չի. մայրը ո՞նց կարա առանց իր երեխայի ապրի: Ամեն անգամ, որ վերադարձնում եմ, լաց ա լինում: Սկեսուրս էլ ասում է, որ իր համար շատ դժվար է էրեխուն մենակ պահելը, չի հասցնում, տան գործ է անում, հող մշակում, նախկին ամուսինս էլ աշխատանքի է, իսկ ես երեխայի հետ կարող եմ շատ ժամանակ անցկացնել, միշտ հետը լինել»,-ասում է Մելինե Գրիգորյանը:
Մարիամիկը դեռ շատ փոքր է, որպեսզի կարողանա ծնողների հետ ապրելու ընտրությունն ինքնուրույն կատարել, նրա փոխարեն այդ ընտրությունը կանի դատարանը, սակայն հիմա գործը կասեցված է, քանի որ նախ պետք է դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ իրականացվեն, որից հետո նորից գործը կվերսկսվի ու վճիռ կկայացվի: Հիմա Մելինեն անհամբեր սպասում է, թե երբ են վերջապես իրեն զննելու. «Սպասումն անտանելի է, իրենցից շատ բան է կախված, ամեն օր սպասում եմ, որ կկանչեն: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այսքան ձգձգվում, էլ ինչքան պիտի երեխաս առանց մոր ապրի»,-ասում է Մելինեն:
Փորձաքննություններից մեկը` դատահոգեբանականը, անցկացվելու է փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ում: Արդեն մոտ 2 ամիս է, ինչ դատարանը փորձաքննության համար դիմել է ՊՈԱԿ, սակայն ինչպես բյուրոյի
վարչական բաժնի պետն է ասում` ըստ օրենքի, կոնկրետ ժամանակ չկա, թե ասենք որեւէ գործ պարտադիր պետք է 1 շաբաթում կատարվի, գործերը բազմաթիվ են, եւ երբ այդ գործի հերթը հասնի, այն ժամանակ էլ փորձաքննության օր ու ժամ կնշանակվի:
Մելինեի առողջական վիճակը պարզելու մյուս փորձաքննությունը` դատահոգեբուժականը, կատարելու է ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովը, որի նախագահ Աննա Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասում է. «Ըստ գործերի ծանրաբեռնվածության դնում ենք հերթական համար, Մելինեի գործի համար մենք կարող ենք ավելի շուտ ժամկետ նշանակել, հիմա նշանակել ենք նոյեմբերին, սակայն օրենքը մեզ թույլ է տալիս առաջնահերթության կարգով առաջ գցել: Դատարանը կարող է գրավոր դիմել, եւ նշել, որ այս դեպքը հրատապ է, դրա հիման վրա էլ մենք գործն առաջ կգցենք»: Տիկին Գեւորգյանը, Մելինեի գործին ծանոթ է, եւ ըստ մասնագետի, հետծննդյան փսիխոզը հեշտ բուժվող է, հիվանդը կարող է այդ վիճակից շատ արագ դուրս գալ կարճ ժամկետում եւ ճիշտ բուժման դեպքում:
Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանը մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ Մելինե Գրիգորյանի առողջական վիճակը բավականին կայուն է, նա արդեն չնչին դոզայով է դեղորայք ընդունում, եւ եթե Մելինեի վիճակը այսպես պահպանվի մինչեւ մեկ տարի, բուժումն ընդհանրապես կդադարեցնեն. «Մելինեն պրակտիկ առողջ մարդ է, ադեկվատ անձնավորություն: Շատ լավ ենք բուժել, արդյուքնում կայուն ռեմիսիա է, լավացման տեսակն է, եթե այսպես շարունակվի, այսքան լավ զգա իրեն, ես ինքս կխնդրեմ դատավորին, դահլիճում նիստի ժամանակ փորձաքննություն անցկացնի եւ տեսնեն, որ Մելինեն լավ է, կարող է իր երեխային խնամել»:
Հետծննդյան փսիխոզն, ըստ բժշկի` անձի օրգանիզմի անհատականությունից է կախված. հղիությունն ու ծննդաբերությունը կնոջ օրգանիզմում հսկայական հորմոնալ տեղաշարժեր են առաջացնում, իսկ հորմոնները գերակտիվ կենսաբանական նյարդային սիստեմի վրա է ազդեցություն թողնում:
Մեր այն հարցին, գուցե Մելինեի ամուսինը լավ տեղեկացված չէ, թե ինչ բան է հետծննդյան փսիխոզը, այդ պատճառով էլ նրա վերաբերմունքը փոխվել է կնոջ նկատմամբ, բժիշկն ասաց. «Ես դատարանում մանրամասն ներկայացրել եմ հիվանդությունը, ու ասել, որ այն բուժվում է: Ամուսինը չգիտեմ ոնց է մտածում, բայց ես նիստին բացատրել եմ, որ Մելինեն լավ է, եւ կարիք չկա երեխային զրկելու մորից: Եւ հետո, գուցե որոշեն միանալ»:
Թե ծնողներից ում հետ իր մանկությունը կվայելի 1 ամյա Մարիամիկը, կորոշի դատարանը, որը հիմնվելու է նաեւ այդ երկու փորձաքննությունների վրա: Հիմա Մելինեն միայն Աստված է կանչում, որ փորձաքննության մասնագետները գործին սրտացավորեն ու անաչառ մոտենան:
Իսկ Արագ Արձագանքման Խումբն էլ իր հերթին հետևողական է և նպաստում է գործընթացի հնարավորինս արագացմանը և մոր ու դստեր շուտափույթ միացմանը:
Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝ http://rru.swv.am/:
Նելլի Բաբայան
Հետաքննող լրագրող
ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ