ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն
ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների համար սահմանված երկու հավելումների միավորման և 2020 թ. մարտական գործողություններից հետո ձևավորված նոր շփման գծում մարտական հերթապահությունում ընդգրկվող զինծառայողների հավելավճարների հաշվարկման գործակիցները կփոխվեն։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Այս որոշմամբ կանխատեսվում է տարեկան լրացուցիչ ծախսեր (2025թ. գործող 1.3 և 2.5 առանձնահատուկ պայմանների ծախսերի հանրագումարի չափով), որի համար անհրաժեշտ է լինելու 2026 թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել շուրջ 3,5 մլրդ դրամ բյուջետային միջոցներ:
Որոշման մեջ նշվում է, որ ներկայում ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներն օգտվում են առանձնահատուկ պայմաններով սահմանված հավելավճարներից, որոնց հաշվարկման պայմանները և հավելումների չափերը տարբեր են: Այսօրվա որոշմամբ կհեշտացվի հավելավճարի տրամադրման գործընթացի հաշվառման, փաստաթղթավորման և հատկացման գործընթացը:
«ՀՀ կառավարության քաղաքականությունը ներկայում միտված է զինծառայողների սոցիալական արտոնությունների ու երաշխիքների ընդլայնմանը, որում առաջնահերթություն է տրվում դրամական ապահովությանը` որպես զինծառայողների նյութական և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու միջոց»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշման նպատակն է ապահովել ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության, հատուկ գործողությունների և հետախուզական ստորաբաժանումներում ծառայության գրավչությունը բարձրացնելու գործընթացը:
Հաշվարկային տեղեկանքները ներկայացված են գաղտնի դրոշմագրով:
Հիշեցնենք` 2024 թվականին Տավուշի մարզում 12 կմ հատվածի սահմանազատում է իրականացվել։



