Պատերազմ՝ գինու շշի շուրջ
Կամ ի՞նչպիսին կարող էր լինել հայկական գինու ճակատագիրը
Ռուսաստան-Եվրամիություն «սառը պատերազմում» երեկ ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ։ Եվրահանձնաժողովը որոշեց վերացնել մոլդովական գինու ներկրմանն առնչվող բոլոր սահմանափակումները՝ այդպիսով պատասխանելով ՌԴ-ին, որը սեպտեմբերի 11-ին կասեցրեց մոլդովական գինու ներկրումը: Սա նշանակում է, որ Ռուսաստանում արգելված մոլդովական գինին կվաճառվի ԵՄ-ում: Եվրոպական հանձնաժողովը որոշել է Մոլդովայից ալկոհոլային արտադրանքի համար վաղաժամ ազատականացնել ԵՄ-ի շուկան: Գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Դաչիան Չոլոշն անդրադառնալով այս հարցին՝ ասել է. «Դա նշանակում է, որ մոլդովական գինու համար եվրոպական շուկայում սահմանափակումներ չեն գործի ո՛չ արտահանման ծավալի, ո՛չ էլ սակագնային քաղաքականության հարցերում: Ինչ վերաբերում է որակին, ապա գոյություն ունեն չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն բոլոր գինիները: Մոլդովական գինին համապատասխանում է այդ պահանջներին: Մոլդովական գինու համար եվրոպական շուկայի ազատականացման մասին որոշումն ընդունվել է վաղաժամ` նախքան ԵՄ-ի ու Մոլդովայի միջև Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն ու դրա ուժի մեջ մտնելը: Շուտով հանձնաժողովի այդ որոշումը կհաստատվի ԵՄ-ի Նախարարների խորհրդում ու Եվրոպական խորհրդարանում: Այն ուժի մեջ կմտնի մի քանի ամսվա ընթացքում, իսկ մոլդովական գինին եվրոպական շուկա անսահմանափակ մուտքի իրավունք է ստանում այժմ: Դրանք որակյալ գինիներ են, որոնք գնալով` դառնում են ավելի հանրաճանաչ»:
Փաստորեն, Մոլդովայի համար մղվող «պատերազմի» գինու ճակատում Եվրամիությունը սատար կանգնեց Մոլդովային և համաձայնեց իր խստապահանջ շուկան բացել մոլդովական «անորակ» գինու առաջ (ինչպես ասել էր «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գեննադի Օնիշչենկոն)։ Մոլդովական գինու արգելքից հետո շատերը շտապեցին պնդել, որ ռուսաստանյան շուկայի կորուստն անդառնալի ծանր հարված է մոլդովական տնտեսության համար, որովհետև, օրինակ, նախորդ տարվա ընթացքում Մոլդովան ՌԴ է արտահանել 21 միլիոն լիտր գինի (22 անգամ ավելի շատ, քան Հայաստանը)։ Ռուսական շուկայում վաճառվող գինուց Մոլդովան ստանում էր տարեկան 35-40 մլն դոլարի հասույթ։ Սակայն երեկվա հայտարարությունը ցույց տվեց, որ ԵՄ շուկայից ստացվելիք օգուտը կարող է Մոլդովայի համար ավելի մեծ լինել, քան ռուսական շուկայի փակման վնասը։
Բանն այն է, որ Եվրամիությունը հանդիսանում է գինու խոշորագույն շուկան։ Այստեղ տարեկան սպառվում է 165 միլիոն հեկտոլիտր (1 հեկտոլիտր = 100 լիտր) գինի, որը համաշխարհային սպառման 62-63%-ն է։ Ռուսաստանի տարեկան սպառումը կազմում է 10.4 միլիոն հեկտոլիտր։ Ընդ որում, Ռուսաստանը գինու սպառման ծավալներով զիջում է ոչ միայն Եվրամիությանն ամբողջությամբ, այլև դրա առանձին երկրներին։ Օրինակ` Ֆրանսիայում տարեկան սպառվում է 30.2մլն հեկտոլիտր գինի, Իտալիայում` 22.6 միլիոն, Գերմանիայում` 20 միլիոն, մեծ Բրիտանիայում` 12.5 միլիոն։
Այսինքն` ԵՄ-ն շատ հանգիստ կարող է «տեղավորել» մոլդովական 200-210 հազար հեկտոլիտրը, որն այլևս ՌԴ-ում չի վաճառվելու։ Առավելևս, եթե դա ունի նաև քաղաքական դրդապատճառներ։
Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը Հայաստանի հետ։ Տեղի ունեցածն անուղղակիորեն խոսում է այն մասին, որ մտահոգությունները, թե Մաքսային միությանը չմիանալու դեպքում ՌԴ-ն կարող էր փակել իր շուկան հայկական սննդամթերքի և խմիչքների համար, այնքան էլ հիմնավոր չեն։ Օրինակ, ի՞նչ կլիներ կոնկրետ հայկական գինու ճակատագիրը, եթե ՀՀ իշխանությունները տեղի չտային ճնշումներին և խորացնեին համագործակցությունը ԵՄ-ի հետ։ Նախ, նշենք, որ ՀՀ-ում 2012թ. արտադրվել է 5713.7 հազար լիտր գինի։ Արտահանվել է ընդամենը 1184.6 հազար լիտր գինի` 4.1 միլիոն դոլար մաքսային արժեքով։ Այսինքն` Հայաստանում արտադրվող գինու 1/5 մասն է գնում արտահանման։ Այս պահին հայկական գինին արտահանվում է հիմնականում Ռուսաստան։ Մասնավորապես, 2012 թվականի ընթացքում ՌԴ է արտահանվել 926.000 լիտր գինի` 3 միլիոն դոլար մաքսային արժեքով։ Մի փոքր խմբաքանակ էլ՝ 11.7 հազար լիտր, արտահանվել է Բելառուս (55.5 հազար դոլարով)։ Սրանք ծիծաղելիորեն փոքր ծավալներ են։ Եվ լուրջ խնդիրներ դժվար թե ծագեին, որովհետև, եթե եվրոպական շուկան կարողանում է մարսել մոլդովական «անորակ» գինին (Օնիշչենկոյի խոսքերով), ապա հայկական գինու 20 անգամ պակաս խմբաքանակը կմարսեր ու կմարսեր։
Ավելացնենք, որ ՀՀ-ն արդեն իսկ գինի արտահանում է Եվրոպա։ Մասնավորապես, 2012թ. ՀՀ-ից գինի է արտահանվել թվով 11 եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն և այլն։ Արտահանված գինու ծավալը կազմել է շուրջ 82.000 լիտր` 320.000 դոլար մաքսային արժեքով։ Ճիշտ է, սա շատ փոքր ծավալ է անգամ ՀՀ-ի մասշտաբներով, սակայն ցույց է տալիս, որ հայկական գինին հնարավոր է վաճառել եվրոպացիներին։ Հատկապես` եթե դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն։
Ու թեպետ այս ամենը վերաբերում էր միայն գինուն, սակայն կարելի է ենթադրել, որ եվրոպական շուկան նույնատիպ վերաբերմունք կցուցաբերեր նաև մյուս ապրանքատեսակների դեպքում, որոնք կհայտնվեին ՌԴ «սև ցուցակում»։ Չենք ասում, որ շուկայի բացվելու պարագայում խմելու ավանդույթներ ունեցող եվրոպացիները միանգամից նախապատվությունը կտային հայկական գինուն, սակայն տարիների ընթացքում հնարավոր կլիներ շուկայում գրավել թեկուզ փոքր, բայց հաստատուն տեղ։
Իսկ ինչո՞ւ ենք խոսում անցյալ ըղձական ժամանակով` «կտային, կլիներ»… Որովհետև, ինչպես երևում է ներկայիս զարգացումներից, Հայաստանը գնալու է Մաքսային միություն, հայկական գինին էլ` Ռուսաստան։ Այս պարագայում միակ հույսը մոլդովացիների ազատած տարածքը գրավելն է ռուսական շուկայում։ Եթե, իհարկե, չիլիացիները կամ այլք մեզանից առաջ չընկնեն։