Թուրք մայորը Կորեական պատերազմում թուրքերի կրած խոշոր կորուստների համար մեղադրել է հայերին
Թուրքական Asker Haber կայքի փոխանցմամբ՝ 1950-1953 թվականներին տեղի ունեցած Կորեական պատերազմում թուրքական բանակն ամենամեծ կորուստներն է կրել՝ ամերիկյան բանակից հետո, ինչի համար «մեղավոր են հայերը»:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակվող պաշտոնաթող մայոր Վեդաթ Ասլայը, ով մասնակցել է այդ պատերազմին: Ասլայի խոսքերով՝ քանի որ Կորեա գործուղված թուրք զինծառայողները (մոտ 5000 մարդ) չգիտեին ո՛չ կորեերեն, ո՛չ էլ անգլերեն, ուստիև ամերիկյան բանակի հրամանատարությունը նրանց հատկացրել էր հայ թարգմանիչներ:
Վերջիններս թուրքական զորամիավորմանը «հայտնում են» սխալ տեղեկություններ, ինչն էլ հանգեցնում է նրան, որ թուրք զինծառայողները չինացի զինվորականների հետ բախման ժամանակ կրում են խոշոր կորուստներ:
Մասնավորապես, նշվում է, որ 1950 թվականին ամանորյա տոներին ընդառաջ ամերիկյան բանակը սկսել է նահանջել, սակայն հայ թարգմանիչներն այդ մասին «չեն իրազեկել» թուրք զինծառայողներին: Արդյունքում, 5000 թուրք զինծառայողները միայնակ են մնացել (ըստ թուրքական լրատվամիջոցի) 500.000-անոց չինական բանկի դեմ:
Նոյեմբերի 26-29-ին գրանցված Կունուրիի ճակատամարտի ժամանակ թուրքական զորամիավորումը տալիս է 2600 կորուստ, որից 767-ը` սպա և ենթասպա, մնացյալ 2400-ին հաջողվում է խույս տալ շրջապատումից և փրկվել:
Հիշեցնենք, որ 1923 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո Կորեական պատերազմն առաջին դեպքն էր, որ թուրք զինծառայողներն ուղարկվում էին արտերկիր՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար: