Հայաստանը կարևոր է ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի համար

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը համոզված է, որ ԵՄ մեր գործընկերները մեր երկրի հետ համատեղ կգտնեն ելքեր` ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրման համար

– Ազգային ժողովի այս շաբաթվա քառօրյայի ընթացքում դուք հանդես եկաք հայտարարությամբ, որում մասնավորապես շեշտեցիք, որ ՀՀ նախագահի՝ Մաքսային միությանն Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից հետո որոշ քաղաքական գործիչներ և քաղաքական ուժեր սկսեցին թատերականացված հայտարարություններ անել՝ իբր զարմացած են, իբր դա իրենց սրտով չէ և այլն: Կասե՞ք, թե կոնկրետ ո՞ւմ և ո՞ր ուժերին նկատի ունեիք:

– Կարծում եմ՝ ավելորդ անգամ հարկ չկա մանրամասնել, քանի որ այդ անձինք և ուժերը իրենք իրենց շատ լավ տեսան և հասկացան, որ խոսքը հենց իրենց մասին է, այնպես որ, չեմ կարծում՝ հականե-հանվանե հրապարակելու կարիք կա: Սակայն եթե նկատեցիք, իմ խոսքն ավելի շատ ուղղված էր այլ բանի. չփորձել երկրի, ազգային անվտանգության և համապետական շահի հարցերը ծառայեցնել անձնական ինքնադրսևորումներին, թեպետ դա ևս հասկանալի է և քաղաքական տրամաբանության մաս է: Մյուս կողմից՝ պարզապես տարօրինակ էր, որ իրականում շատ լավ գիտենալով, որ ոչ մի անակնկալ բան չի եղել, ոմանք փորձեցին եվրոպացիներից առավել եվրոպացի ձևանալ:

– Այդուհանդերձ, համաձայնեք, որ նույն եվրոպացիները ևս գոհ չեն, և արդեն տարբեր պաշտոնյաներ հայտարարություններ են անում, որ իրենց համար անսպասելի էր Հայաստանի այս որոշումը:

Կարդացեք նաև

– Բնական է, մարդիկ մեզ հետ աշխատել են շուրջ 4,5 տարի, գնացել-եկել են, մենք ենք գնացել-եկել, կոնկրետ հարցեր են քննարկվել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և այսօր մեր եվրոպացի գործընկերների ոչ գոհ լինելը շատ տրամաբանական է: Տրամաբանական չէ մեկ այլ բան, երբ նույն եվրոպացիները մոռանում են, որ Հայաստանը ունի մեկ ռազմավարական գործընկեր, և այդ գործընկերը ՌԴ-ն է, որ Հայաստանն ունի սահմանների անվտանգության ապահովման խնդիր, որ կա Արցախի խնդիրը օդի մեջ և սրանից սկսվող ու այստեղ վերջացող բազմաթիվ այլ խնդիրներ: Դժգոհելուց առաջ մեր եվրոպացի գործընկեր երկրները շատ ավելի արդյունավետ գործ արած կլինեին, եթե ստիպեին հարևան Թուրքիային՝ բացել Հայաստանի սահմանը, շատ ավելի օգտակար քայլ արած կլինեին, եթե ուղղակիորեն փակեին Ադրբեջանի բերանն այնպես, որ այլևս չհոխորտար իր ռազմական գնումներով և զինվածությամբ, շատ ավելի օգտակար և անհրաժեշտ գործ արած կլինեին, եթե այս և սրա նման այլ հարցեր արդեն լուծած լինեին Ասոցացման պայմանագրի նախաստորագրումից առաջ:

Ուզում եմ ասել, որ գործընկերության համար կարևոր են երկու կողմերի ջանքերը. մի ծեծված խոսք գործածեմ՝ տանգոն երկուսով են պարում:
Համաձայնեք, որ այս կարգի կոնկրետ հարցերն արդեն լուծված պետք է լինեին ԵՄ համապատասխան կառույցների կողմից, քանի որ դրանք գրեթե կենսական հարցեր են իրենց ապագա ասոցացված անդամի, այս դեպքում՝ անկեղծորեն դեպի Եվրոպա մղվող իրենց գործընկերոջ՝ Հայաստանի համար:

Համոզված եմ, ԵՄ անդամները դա շատ լավ հասկանում են, և, հուսամ, ապագայում կլինեն համապատասխան քայլեր: Իրականում, ի վերջո, Ասոցացման պայմանագիրը կստորագրվի, և շատ ավելի ազնիվ կլինի, որ մենք իմանանք, թե հանուն Հայաստանի՝ կոնկրետ ինչ արվեց նրա գործընկեր եվրոպացիների կողմից, օրինակ՝ բացվե՞ց հայ-թուրքական սահմանը, մանավանդ՝ ոչ թե մենք ենք ասում, այլ նույն եվրոպացի պաշտոնյաներն են շարունակ շեշտում, որ հայտնի գնդակը դեռևս Թուրքիայի դաշտում է: Կարծեմ, եվրոպական ֆուտբոլը պրոֆեսիոնալ է, դե, ուրեմն, թող դիվանագիտական կամ ֆուտբոլային պրոֆեսիոնալիզմով ստիպեն իրենցից շատերի ռազմավարական գործընկերոջը (նկատի ունեմ հենց Թուրքիային)՝ քայլ անել՝ բացելով իրենց իսկ փակած սահմանը:

– Ասում եք` Ասոցացման պայմանագիրը վաղ թե ուշ կստորագրվի, մինչդեռ Շտեֆան Ֆյուլեն այսօր հայտարարեց, որ Ասոցացման պայմանագիրն իրենք մասնատել չենք կարող, որ «ԵՄ հետևողական դիրքորոշումն այն է, որ քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով, մենք չենք կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարևորագույն բաղադրիչները»: 

– Սա դիվանագիտական խոսք է, և բնական է, որ պարոն Ֆյուլեն այդպես պետք է ասեր: Նկատի ունեցեք, որ մարդը երկար ժամանակ աշխատել է այս պայմանագրի վրա, բանակցել է, ուժ ու ջանք է ներդրել և հիմա այսպիսի վիճակում է հայտնվել: Միաժամանակ նկատենք, որ ո՛չ Շտեֆան Ֆյուլեն և ոչ էլ եվրոպացի որևէ այլ պաշտոնյա չի ասում, որ Հայաստանի հետ այրվել են կամուրջները, և ստեղծված է անդառնալի իրավիճակ, ընդհակառակը՝ տպավորություն կա, որ եվրոպացիներն ամեն կերպ փորձելու են և ամեն ելք գտնելու են փոխհամաձայնության գալու համար, որովհետև Հայաստանը կարևոր է ոչ միայն Ռուսաստանի համար, այլև Եվրոպայի, և սա շատ տեսանելի է:

Տեսանյութեր

Լրահոս