Միություններ կան` քիչ է մնում իրար սպանեն, մեզ մոտ ավելի հանգիստ մթնոլորտ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը հոկտեմբերի 26-ին անպայման մասնակցելու է Կոմպոզիտորների միության համագումարին, որովհետև, Միության անդամ լինելուց բացի, նաև վարչության անդամ է։ «Հրապարակը» Երզնկյանից փորձել է ճշտել, թե այդ դեպքում ինչ է նկատի ունեցել Ռոբերտ Ամիրխանյանը, երբ ասել է, որ մի քանի «մոլորյալ մարդիկ» կան, որոնց թվում է նաև Երզնկյանը, որ ուզում է իրեն վարկաբեկել ու գահընկեց անել։ Երզնկյանը մի փոքր զարմանալով մտաբերել է, իր բոլոր «մեղքերը», ապա հիշել թերևս մի դեպք, երբ իրեն հարցրել են` ուզո՞ւմ է, որ համագումար լինի, ինչին ինքը միանշանակ համաձայնություն է տվել, քանի որ երկար ժամանակ չի եղել համագումար։
Երզնկյանը ասել է, որ տեղյակ է նաև Դիլիջանի քոթեջները վաճառելու խոակցություններին, բայց դրանց հնարավորինս շուտ վերջ տալու համար էլ հենց կողմ է արտահայտվել համագումարին, որտեղ էլ ակնկալում է պարզաբանումներ. «Ամենակարճ ճանապարհը` այդ ամեն ինչը պարզաբանելու, դա համագումարին խոսելն է, ճշտելը, որ բոլորս հասկանանք ինչն ինչոց է։ Մեկը մյուսին ինչ-որ բաներ է ասում, բայց ես հավատում եմ նրան, ինչը կոնկրետ փաստ է»։
Թերթը նաև հետաքրքրվել է` օգտվո՞ւմ է արդյոք Դիլիջանի հանգստյան տնից և վերջին անգամ ե՞րբ է հանգստացել այնտեղ։ «Օգտվում էի, բայց այս տարի չգնացի, որովհետև այնքան վատ են պայմանները, որ ավելի լավ է նստեմ իմ մեքենան ու գնամ մի ծովափ»,- պատասխանել է Երզնկյանը։
Երզնկյանը նաև նշել է, որ Միության նախագահի պաշտոնում Ամիրխանյանին է տեսնում, իսկ այն հարցին` արժանի փոխարինող չկա՞, թե՞ արդեն դրա կարիքն էլ չկա, Երզնկյանը նշել է, որ կարիքը կա, ուղղակի հարմար մարդ չի տեսնում. «Կապրող է կոլեգիալ մարմին ստեղծվի, որն ավելի լավ աշխատացնի այդ ամեն ինչը, բայց եթե այդ մարդն այդքան տարի աշխատում է , ինչ-որ բան արել է` լավ թե վատ, եթե թերություններ կան աշխատանքում, թող ուղղի դրանք, դա ավելի ճիշտ կլինի»։ Թերթի հարցին` իսկ 21-տարին բավարար չէ՞ր ուղղելու թերությունները, չէ՞ որ Ամիրխանյանը 92-ից է նախագահում։ Երզնկյանը նշել է. «պետք չէ մոռանալ, որ այդ 21-22 տարին շատ ծանր տարիներ են եղել, որտեղ դժվար է ակնկալել ինչ-որ բարձունք,- գրում է թերթը:
«…Հիմա համագումարի ժամանակ, կպարզվի ամեն ինչ` նոր ծրագիրը, որոշ հարցերի պարզաբանումը ցույց կտա, թե ով ում կողմը կկգանի, կարող է ինչ որ վերադասավորումներ լինեն։ Օրինակ , ինձ դուր չի գալիս, ու պարզվում է, որ մի քանի հոգի` Օրբելյանի, Սմբատյանի նման մարդիկ միությունից հանված են, բայց կարող է դա ինչ-որ անախորժություն է, ոչ թե վատ միտում»,- ասել է նա
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ »Հրապարակ« թերթի այսօրվա համարում