Մաքսային միությանն անդամակցումը չի հակասում աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ ՀՀ համագործակցությանը. ՕԵԿ քաղխորհուրդ

Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հեթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Քաղխորհրդում քննարկվել են 03.09.2013թ. Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը անդամակցելու, անվտանգության, տարածաշրջանային գործընթացների, հայ-ռուսական տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներին առնչվող հարցերին:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղաքական խորհրդին հանգամանորեն ներկայացրել է Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները: Անդրադարձ է կատարել նաև իր կողմից  ունեցած երկկողմ հանդիպումներին:

ՕԵԿ քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով  Հայաստանի և Մաքսային միության անդամ երկրների` մասնավորապես Ռուսաստանի հետ առկա ռազմավարական գործակցությունը, տնտեսական մեծ ներուժը և ինտեգրման հեռանկարային հնարավորությունները, գտնում է, որ Մոսկվայում ստորագրված փաստաթղթերը արտահայտում են Հայաստանի Հանրապետության շահերը, համահունչ են երկրի ազգային անվտանգության հռչակված գերակայություններին: Վերոշադրյալն ավելի է ամրապնդվում նաև այն հանգամանքով, որ Հայաստանին և Մաքսային միության անդամ երկրներին միավորում է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` որպես ռազմաքաղաքական կարևորագույն դաշինք, որը Հայաստանի անվտանգության ապահովման գործում ունի առանցքային դերակատարում:

Միաժամանակ ՕԵԿ քաղխորհուրդը ընդգծում է, որ Մաքսային միությանն անդամակցումը չի հակասում աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ ՀՀ համագործակցության խորացման գործընթացին:

Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը դիտարկելով Հայաստանի քաղաքական գերակայություններից մեկը` քաղաքական խորհուրդն ընդգծում է, որ դրանք էական նշանակություն են ունեցել երկրում ժողովրդավարական բարեփոխումները առաջ մղելու գործում և կարևորում է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդարադատության և այլ ոլորտներում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների շարունակականության ապահովումն ու առաջիկայում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք այլ խնդիրներին, ինչպես նաև կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպական հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս