Բաժիններ՝

Գյումրիում իր գործունեությունն է սկսել «բարեգործական ջոկատը»

Գյումրիում 2013 թվականից, Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, իր գործունեությունն է սկսել նորաստեղծ «բարեգործական ջոկատը»: Կամավորների խոսքերով, Սուրբ «Յոթ Վերք» եկեղեցասեր երիտասարդաց միության շրջանակներում ստեղծված ջոկատի հիմնական նպատակը ոչ միայն աջակցելն է անապահով ընտանիքներին մշտական ակցիաներով, դրամահավաքներով և հանդիպումներով, այլև փնտրելն ու գտնելն այնպիսի անհատների կամ կազմակերպությունների, որոնք պատրաստակամ կլինեն  աջակցելու օգնության կարիք ունեցող մարդկանց և ընտանիքներին, իսկ Գյումրիում նման ընտանիքների թիվը մեծ է:

Սակայն խոսելով օգնության և աջակցության մասին` կամավորները նշում են, որ խոսքը միայն նյութական օգնության մասին չէ, այլ նաև ոչ նյութականի, հոգևորի մասին, լինեն դրանք ջոկատի հոգեբանների հանդիպումները բնակիչների հետ, կամ Գյումրիի Քրիստոնեական հոգեբանության կենտրոնի աշխատակիցների  հանդիպում-զրույցները քաղաքացիների հետ և այլն:

Gyumri-septemberi1 (3) Gyumri-septemberi1 (4)

Աղքատության բարձր շեմ ունեցող մարզում հարկավոր է անել ամեն բան, որպեսզի նախևառաջ փոխվի անհատի մտածելակերպը: «Մենք պետք է հասկանանք, որ պատասխանատու ենք մեր կողքին ապրող աղքատի համար, այո՛, հե՛նց պատասխանատու ենք, քանի որ չօգտագործելով մեր ձեռքին եղած հնարավորությունները` դեմ ենք գնում մեր խղճին ու Աստծուն»,- ասում է ջոկատի կամավոր Ռոզա Աղայանը:

Կարդացեք նաև

Հատկանշական է, որ ջոկատն իր ձևաչափում չի կարելի համարել ստանդարտ բարեգործական կազմակերպություն. «Մենք բնավ բարեգործական կազմակերպություն չենք ու չենք էլ դառնա: Մեր նպատակն է միջնորդ դառնալ օգնել ցանկացողների և օգնության կարիք ունեցողների միջև: Իհարկե, մենք էլ մեր կողմից մեր ուժերի սահմաններում կանենք այն, ինչ հարկավոր է ջոկատի և մեր քաղաքի բարեկեցության համար, սակայն համարել մեզ բարեգործական կազմակերպություն՝ սխալ կլինի, մենք բարեգործական ջոկատ ենք»,- ժպիտով նշում են կամավորները:
Ջոկատի առաջին ակցիան նվիրված էր գալիք սեպտեմբերի 1-ին: Մարզում ընտանեկան նպաստների հույսին ապրող ընտանիքների թիվը շատ է, մեծ է տնակային պայմաններում ապրող երեխաների թիվը, ովքեր ոչինչ չեն հասկանում իրենց մանկությունից, ոչինչ չեն տեսնում, բացի տնակի խոնավացած պատերից և իրենց կողքին հանգիստ մանկություն վայելող երեխաներից: Ջոկատը որոշեց այս անգամ ևս միջնորդ հանդիսանալ քաղաքացիների և կարիքի մեջ գտնվող երեխաների միջև` կազմակերպելով գրենական պիտույքների հավաքագրման ակցիա:

Gyumri-septemberi1 (1)

Օգոստոսի 29-ին՝ ժամը 11:00-ից 17:00-ը, Գյումրիի` գրենական պիտույքների վաճառքով զբաղվող թվով երեք խանութների դիմաց զուգահեռաբար տեղի ունեցավ գրենական պիտույքների հավաքագրման ակցիա, որի շրջանակներում քաղաքացիներից յուրաքանչյուրը, ցանկության դեպքում, նշյալ խանութներից գրենական որևէ պարագա գնելիս կարող էր մեկն ավել գնել կարիքավոր ընտանիքների երեխաների համար: Ջոկատի կամավորները և իրենց օգնությունն առաջարկած երիտասարդները, կազմելով երեքական ջոկատր, երկու ժամը մեկ փոխարինում էին միմյանց և խանութի հաճախորդներին տեղեկացնում ակցիայի և ջոկատի գործունեության մասին: Իհարկե, եղան մարդիկ, ովքեր բացարձակ անտարբերությամբ անցնում էին երիտասարդների կողքով, սակայն դա ինքնին բնական երևույթ էր, երիտասարդները պատրաստ էին դրան: Եղան նաև խանութներ, որոնք կտրականապես մերժեցին իրենց խանութի կողքին տեսնել ակցիայի կամավորներին: Մասնակից Ռոզա Աղայանը նշում է. «Մենք ուղղակի ցանկություն չունեինք կռվի մեջ մտնել խանութի տերերի հետ, այլապես կբացատրեինք, որ նրանք իրավունք չունեն մեզ արգելել իրենց խանութի տարածքից դուրս ակցիա կազմակերպելու, դա արդեն ուրիշ հարց է: Ամեն դեպքում, մեր գործը դրանից չտուժեց»: Օրվա վերջում հավաքվեց գրենականներ պիտույքների մի քանի տուփ, որոնք բաշխվելու են անապահով ընտանիքներին` նախապես ճշտված ցուցակին համապատասխան:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս