Շուշան Պետրոսյանը՝ ակտիվիստին համբուրող ոստիկանի մասին. Համբույրի մեջ վատ բան կա՞, ավելի լավ չէ՞ համբույր, քան ծեծկռտուք (տեսանյութ)
Վերջերս համացանցում մեծ աղմուկ բարձրացեց 168.am-ի տեսանյութը, որտեղ ոստիկանը Կոմիտաս 5 հասցեում պայքարող ակտիվիստուհուն էր համբուրում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր այս դրվագին անդրադաձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ով զարմանքով արձագանքեց.
«Համբույրի մեջ վատ բան կա՞: Ավելի լավ չէ՞ համբույր, քան ծեծկռտուք: Ինչո՞ւ եք այդպես վատ վերաբերում այդ երևույթին, դա՞ է՞մեր միակ պրոբլեմն այսօր: Շատ նուրբ համբույր էր, ավելի հետաքրքրիր նյութեր կան, եկեք դրանից խոսենք»:
Շուշան Պետրոսյանը հավաստիացրեց, թե համբույրը շատ սիրուն երևույթ էր. «Այ մարդ: Էդ ամենն էնքան քիչ է լինում Հայաստանում, ի՞նչ կա այդտեղ»: Ըստ նրա՝ ոստիկանի համբույրը մարդկային վարք էր: «Էդ աղջիկը հայ աղջիկ է, ինչի՞ եք դրա մասին խոսում, նաև նրան եք վատաբանում»,- նշեց նա, ապա գնահատեց ակցիաների ժամանակ ակտիվիստուհիների վարքը, որն էլ, ըստ նրա՝ նման միջադեպերի է հանգեցնում. «Իսկ էդ աղջիկների վարքը ձեր դուրը գալի՞ս է, հարի՞ր է հայ կնոջը, հայ աղջկան: Բացի ոստիկանից, նա նաև հայ տղա է, դա պետք է հաշվի առնել: Ինչի՞ եք տենց սարսափելի տանում այդ հանգամանքը: Ինչի՞ իմ ներկայությամբ չեն հայոհում, մյուսներին հայհոյում են»: Լրագրողները միաբերան նշեցին, թե Շուշան Պետրոսյանը բողոքի ակցիաներին չի մասնակցում, դրա համար էլ չեն հայհոյում: ՀՀԿ-ական պատգամավորն էլ շրջանցեց ու նշեց. «Ոոտիկանն էլ է հայ՝ էդքան բան»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: