«Հարցազրույցը, որ տեսանք, իսկական սարսափեցինք, ոնց որ Հակոբս չլիներ»
«Հարցազրույցը, որ տեսանք, իսկական սարսափեցինք, ոնց որ մեր երեխան չլիներ, ոնց որ Հակոբս չլիներ, ես ի՞նչ իմանամ ինչ էին արել երեխիս գլուխը: Նա չէր կարող այդպիսի բաներ ասել, որովհետև նման բաներ պարզապես չկար… Երեխի խոսելը, դեմքի միմիկաները, սարսափելի է, մոր խելքը արդեն քանի օր գլուխը չի գալիս, ընտանիքը խելագարվում է, շտապօգնության մեքենան չի հեռանում իրանց դռնից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է հայ ռազմագերի Հ. Ինջիղուլյանի մորական տատը՝ Զարուհի Պետրոսյանը:
«Ստիպել են, ազիզ ջան, մեր երեխեն թշնամի չէ, իհարկե ստիպել են, մեր երեխի հարցազրույցը մենք էլ լսեցինք և շատ զարմացանք, մեր հարազատները բոլորն էլ զարմացած են, քանի որ ինչ-որ խոսում էր, նման բան չկար, ինքը չէր կարող հորինել ու խոսել»:
Հակոբի տատը վստահեցրել է, որ Հակոբի քիթը կոտրված չի եղել երբևէ, ինչի մասին ինքը խոսել է, և ոչ էլ փորձել են թոռանն ազատել բանակից. «Ոչ մի 8000 դոլար, նման պատմություն չկա, հորինված է, որ լիներ, կիմանայի: Մեր երեխի քիթն էլ կոտրված չէր, նման բան չկար, մեր երեխեն սիրով ծառայել է, ոչ մի բողոք չի եղել, ընդհանրապես ոչ մի բան չի ասել, ինքն է սեփական կամքով ցանկացել գնալ ու ծառայել: Երեխեն նաև տարիքով մեծ էր ու որ սովորել էր, իրան ուրիշ ձևի հարգում ու սիրում էին… Ասում էր՝ ինձ համար պրոբլեմ չկա, իմ ղեկավարները, հրամանատարները բոլորն էլ ինձ հարգում են, սիրում են, խփում են ուսիս, ասում են՝ բոլորդ Հակոբից օրինակ վերցրեք: Ես ինչ ասեմ, ինչի չերևա՞ց, երեխայի միմիկայից, դեմքի արտահայտությունից չերևա՞ց երեխեն ինչի տակ էր, դա ոնց որ մեր երեխան չլիներ»:
Հակոբի տատը հերքել է նաև այն, թե Հակոբը աշխատավարձ չի ստացել.
«Իրենց ամեն ամիս աշխատավարձ են տալիս, բա ըտենց բան ոնց կլինի, երկու թոռս էլ են ծառայության մեջ, Հակոբից բացի, ըտենց բան չենք լսել ու իմացել, ոնց է, որ երկուսը չեն բողոքում, ինքն էլ չէր բողոքում, հիմա գնաց ընդեղ բողոքե՞ց»:
Տիկին Զարուհի Պետրոսյանն ասել է, որ աղջկա, այսինքն՝ Հակոբի մոր առողջական վիճակը շատ վատ է:
Կարդացեք այստեղ.