Պ. Հայրիկյան. Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները Հայաստանին պարտադրեցին մի կատարյալ խուժանություն (տեսանյութ)

1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը», որով դրվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Այսօր` օգոստոսի 23-ին,  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի անկախության հռչակագրի նշանակության մասին, նշեց հետևյալը.

«Այդպիսի հռչակագրի ընդունումն արդեն ինքնին անկախության ակտ էր, չնայած որ հռչակագրում ասվում էր, որ սկսվում է անկախ պետականության հաստատման գործընթացը: Արդեն «անկախ պետականություն» ձևակերպումը ցույց է տալիս, որ այն ժամանակ մարդիկ այնքան էլ պատրաստ չէին անկախությանը, որովհետև չի կարող լինել պետականություն` առանց անկախության»:

Հայրիկյանը հատկապես անդրադարձավ այն հարցին, թե որքանով են Հայաստանի իշխանությունները 1990 թվականից ի վեր հետևողական եղել Հանրապետության առաջին փաստաթղթի դրույթների իրականացման մեջ, և նշելով մի քանի անուններ` նրանց մեղադրեց Անկախության հռչակագրի գաղափարների նկատմամբ դավաճանության մեջ: Հայրիկյանի հիմնական քննադատությունն ուղղված էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա կողմնակիցներին:

Կարդացեք նաև

«Անկախության հռչակագրում նշված է, որ Գերագույն խորհրդի որոշմամբ ստեղծվելու է բանակ, բայց 91 թ. մարտին դեռևս ոչ մի քայլ արված չէր, և երբ ԱԻՄ-ի կոչով հայ երիտասարդները հայտարարեցին խորհրդային բանակում ծառայելու մասին, նրանց ՀՀՇ-ական իշխանությունները կալանավորում էին` որպես դասալիքներ: Հայ երիտասարդներն ասում էին` մենք պատրաստ ենք գնալ հայկական բանակ` Անկախության հռչակագրի համաձայն…Նույնիսկ Գերագույն խորհուրդը դարձրին դատարան` ԱԻՄ-ը փակելու համար, բայց չստացվեց: Եվ պատկերացրեք` այդ դատարանում ազգային բանակի հիմնադիր համարվող Վազգեն Սարգսյանը ասում էր` մենք ռուսների հետ պայմանավորվել ենք, որ մեր տղաները սովետական բանակում պիտի ծառայեն Վանաձորի գումարտակում: Գումարտակը կարող է լավագույն դեպքում 1500 հոգի ներառել, բայց 60.000 զինակոչիկներին ինչպե՞ս ես տանում գումարտակ, այսինքն` մի խելահեղություն էր, և դա նույնպես դավաճանություն էր  այս հռչակագրի նկատմամբ»,- ասաց Հայրիկյանը:

«Այս հռչակագրի առաջաբանում ասվում է, որ պետք է հավատարիմ մնանք 1918 թ. ժողովրդավարական ավանդույթներին…1919 թ. մեր հայրերը որոշել էին, որ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն` ընդունված սահմանադիր ժողովի միջոցով: Այդ հարցում նույնպես հետևողական չեղան, այսինքն` Անկախության հռչակագրում գրեցին` «հավատարիմ մնանք 1918 թ. ժողովրդավարական ավանդույթներին և զարգացնենք», բայց երբ եկավ կյանքի կոչելու պահը, նրանք իրենց քմահաճույքներով առաջնորդվեցին, և Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները Հայաստանին պարտադրեցին մի կատարյալ խուժանություն. այդ Սահմանադրությունը այլանդակության մարմնացումն էր: Ես, ամեն բան թողած, 1998 թ. զբաղված էի սահմանադրական բարեփոխումների հարցով»,- նշեց Պ. Հայրիկյանը:

«Այնուամենայնիվ այս փաստաթուղթը շատ կարևոր է մեր ազգային-քաղաքական կյանքում և որոշակի դերակատարություն ունեցավ, որովհետև վերջապես իրավաբանորեն ամրագրվեց պետականության վերականգման գաղափարը»,- ավելացրեց ԱԻՄ առաջնորդը:

Մանրամասն՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս