Գյուղացիներին կբաշխվի 3400 տոննա սերմացու
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, հաստատել է ՀՀ 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրով 2013 թ. աշնանացանի համար ՀՀ մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը: Մինչև ս.թ. հուլիսի 12-ը յոթ մարզից ստացվել է 147 նախնական ցանկ-հայտ: 2013 թ. աշնանացանի համար կբաշխվի 3 հազար 400 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու:
Նիստում հաստատվել է նաև երկրի հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը: Այդ նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է ավելի քան 380 մլն դրամ: Հանրապետություն կներկրվի 8 հազար 310 տոննա ամոնիակային սելիտրա, և 50 կգ կշռող 1 պարկը 6 հազար դրամով կվաճառվի հողօգտագործողներին: Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ իրագործվելու է նաև դիզվառելիքի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի վառելիքի ծավալները մարզպետների հետ ճշտելուց հետո: