Բաժիններ՝

Գյուղօգնության հիմնադրամում հավաքված գումարի 35%-ը փոխանցել է Սերժ Սարգսյանը

Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամում հավաքվել է ավելի քան 240 մլն դրամ: Դրամահավաքի ժամկետն ավարտվել է երեկ և այժմ մայիսի 12-ին տեղի ունեցած կարկուտից տուժած Արմավիրի մարզի ամեն մի գյուղում պետք է հանձնաժողով ստեղծվի, որը կորոշի, թե որ ընտանիքին ինչքան գումար հատկացվի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց հիմնադրամի նախաձեռնող, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:

«Ամենակարևորը՝ գումարն արդար բաշխելն է: Կախված թե տվյալ ընտանիքն ինչ չափով է տուժել կարկտից՝ 80%, 100% թե 20%, ըստ այդմ էլ գումարը կբաշխվի: Բարդ է մեխանիզմը»,- ասաց Ա. Պետրոսյանը՝ նկատելով, որ իր սպասածից քիչ գումար է հավաքվել:

Նրա խոսքով՝ գումարը պետք է բաշխվի մոտ 12 հազար ընտանիքի միջև և, եթե հավասար բաժանեն, կստացվի ամեն ընտանիքի մոտ 20 հազար դրամ, որը շատ քիչ է. «Ես մտածում էի, որ գոնե 1 մլրդ դրամ կհավաքվի ու հավասար բաշխելու դեպքում ամեն ընտանիքի 80-100 հազար դրամ բաժին կհասնի, բայց այդքան գումար չփոխանցեցին»:

Պետրոսյանը նշեց, որ հավաքված ամբողջ գումարի մոտ 35%-ը նախագահ Սերժ Սարգսյանն է փոխանցել, իսկ գործարարները չափազանց պասիվ են եղել. «Ես էլ եմ գործարար աշխարհում եղել, բայց իրենց տրամաբանությունը չեմ հասկանում: Ամեն մի գործարար, առավել ևս գյուղմթերք վերամշակող, չպետք է այդքան անտարբեր լիներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս