Բաժիններ՝

Գյումրիի «Շիրակ» հյուրանոցի խնդիրն այդպես էլ չի լուծվում (լուսանկարներ)

Միջինից բարձր տարիք ունեցող յուրաքանչյուր գյումրեցու հետ խոսելիս` գրեթե անհնար է խոսքի մեջ չգալ ու չհասնել երկրաշարժի պատճառած ահռելի վնասներին: «Ինչ էինք, ինչ դարձանք…»,- ցավով նշում են բնակիչները:

Անընդհատ նշվում է, որ քաղաքը բռնել է վերածննդի ուղին, սակայն բնակչության ներկա կենսամակարդակը, հաշվառված ու չհաշվառված  անօթևան ընտանիքների թվաքանակը, սոցիալական, տնտեսական, բնապահպանական բազմաթիվ հարցերն ու հոգեբանական խնդիրները, որոնք ամեն Աստծո օր իրենց վրա են զգում գյումրեցիները, չեն թողնում ազատվել անցյալի կապանքներից ու մտնել նոր, հանդարտ ու հավատով լի կյանք:
Ճգնաժամ կոչվածը կարծես բնավ Գյումրիից ոչ մի տեղ գնացած չլինի, հակառակը, գյումրեցիները նույնիսկ կատակում են, թե ճգնաժամը հենց Գյումրիից է սերվել: Դրա լուռ վկան էլ արդեն որերոդ տարին՝ ինքնափլուզման մատնված Գյումրիի «Շիրակ» հյուրանոցն է:

«Շիրակ» հյուրանոցը աղետալի երկրաշարժի` դեռևս կանգուն մնացած զոհերից է, որն ամեն օր, հասնելով Շարլ Ազնավուրի անվան հրապարակ, իր ծանր ու անմխիթար  տեսքով հիշեցնում է բնակիչներին թե ՛  իր, թե ՛  գյումրեցու գլխին եկած դժոխային օրերն ու տարիները: 1970-ականների վերջին շահագործման հանձնված «Շիրակ» հյուրանոցը ժամանակին համարվում էր տարածքի առաջնակարգ  հյուրանոցներից մեկը, եթե ոչ՝ լավագույնը:

Shirak-hotel-Gyumri5

Կարդացեք նաև

Shirak-hotel-Gyumri4

Shirak-hotel-Gyumri2

Բնակիչները նշում են. «Հյուրանոցը խորհրդային տարիների առաջնակարգ տուրիստական հյուրանոցներից էր: Հայաստանի համար առհասարակ իրադարձություն էր նման հյուրանոց ունենալը: Հյուրանոցում կանգ էին առնում հիմնականում տուրիստներն ու գործուղման մեջ գտնվողները»:

Իսկ հիմա ՞: 10 հարկանի խրոխտ հսկայից հիմա մնացել է միայն 4 հարկանի կմախքը: Կործանման են մատնված նաև հյուրանոցի սկզբնամասում գտնվող հարթաքանդակները, որոնց հեղինակը քանդակագործ Ֆերդինանտ Առաքելանն է:   Հյուրանոցի քանդման կամ վերակառուցման հարցը մեկ անգամ չէ, որ քննարկվել է կառավարության կողմից, սակայն, որպես վերջնարդյունք, տեսնում ենք նույն պատկերը. նախկին հյուրանոցի շենքի կմախքը, որի կողքին անընդհատ հսկայական աղբակույտեր են գոյանում, իսկ կառույցի կողքին գնտվող գետնանցումը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Ու այդ ամենը Շ. Ազնավուրի անվան հրապարակի ճիշտ կողքին:

Shirak-hotel-Gyumri7

Shirak-hotel-Gyumri6

Shirak-hotel-Gyumri1

Խնդրի լուծման գործընթացում որոշակի փոփոխություններ նկատվեց 2010 թվականին, երբ կառավարությանը նոր դիմում ներկայացվեց տարածքը բարեկարգելու ու նոր հյուրանոց կառուցելու համար: Սակայն սայլն այդպես էլ տեղից չշարժվեց ու ոչ մի վերակառուցում էլ չեղավ: Հյուրանոցի ներկա պատկերի ազդեցությունը բնակիչների վրա հոգեբանական տեսանկյունից, պարզաբանեց բժիշկ-հոգեբան Վաղարշակ Խաչատրյանը` նշելով, որ պատկերն իր հոգեբանական նշանակությունը գնալով կորցնում է` դադարելով առօրյա հետաքրքրության առարկա լինել. «Նոր սերնդի համար հյուրանոցը, որպես երկրաշարժի վկայություն, ունի պատմական նշանակություն, քանի որ երիտասարդությունն ուղղակի տեղյակ չէ, չի պատկերացնում, թե ի՞նչ է երկրաշարժը և ի՞նչ ազդեցություն է այն թողել բնակչության վրա: Ներկա պահին տեղին է մտածել կառույցի հոգեբանական ազդեցության անկման մասին»,-նշում է հոգեբանը:
«Շիրակ» հյուրանոցում ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ինքնափլուզումներ, ինչը շրջակա բնակիչների և անցորդների համար շատ  վտանգավոր է: Մեկ անգամ չէ, որ տարածքում եղել են մահվան ելքով փլուզումներ: Տարածքի անմխիթար վիճակը չի հուսադրում, որ օրերից մի օր, ժամանակին պարծանք համարվող հյուրանոցի տեղում կտեսնենք մեկ այլ կառույց, բարեկարգ վիճակում, շրջապատի համար անվտանգ, կամ ուղղակի չենք տեսնի առհասարակ և ոչ մի կառույց:

Shirak-hotel-Gyumri

Shirak-hotel-Gyumri1

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս