Գեղարքունիքի մարզում առատ գարու բերք է սպասվում (լուսանկարներ)
Ավելի քան 10 օր է՝ Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսություններում սկսվել է հացհունձը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ մարզում գարու 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 29, 5 ցենտներ: Մասնագետների հաշվարկներով՝ գրանցված արդյունքը նախորդ տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելի է: Գավառի տարածքի բնակիչները գարուց ստացված այս տարվա բերքը համարում են աննախադեպ արդյունք: Գարու առատ բերքատվությունը մարզի բնակիչները կապում են նաև բնակլիմայական բարենպաստ պայմանների, ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորված որակյալ սերմացուի և ազոտական պարարտանյութի տրամադրման հետ:
Գեղարքունիքի մարզում հացահատիկի ցանքատարածությունները զբաղեցնում են մոտ 42.000 հեկտար, և, ըստ կանխատեսումների, այդ ցանքատարածություններից ակնկալվում է հավաքել մինչեւ 120.000 տոննա բերք, որը կարող է ռեկորդային լինել:
Մարզում հացահատիկահավաք կոմբայնները ևս բավարար են` բերքահավաքը ժամանակին ու անկորուստ իրականացնելու համար: Գյուղացիական տնտեսությունները հույս ունեն, որ այս տարի կկարողանան ստացված հացահատիկն իրացնել շահավետ գներով:
Լուսանկարները` հեղինակի