Լուսագյուղում խնդիրներն ավելի շատ են, քան բնակչության թվաքանակը
Փոքրիկ գյուղ, 1196 բնակիչ ու բազմաթիվ խնդիրներ: Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում կատակով ասում են, որ պրոբլեմներն ավելի շատ են, քան բնակչության թվաքանակը: Կիսախարխուլ դպրոց, քանդված ճանապարհներ, աշխատատեղի բացակայություն ու տարեցտարի աճող արտագաղթ: Բնակիչները չեն հիշում, թե կառավարության որևէ ներկայացուցչի ե՞րբ են վերջին անգամ տեսել իրենց գյուղում: Դրա փոխարեն միայն խոստումներ են լսում, որ շուտով ամեն ինչ լավ կլինի, բայց այդ շուտովն այդպես էլ չի գալիս: Լուսագյուղի միակ բարեկարգ անկյունը, լույսի փոքրիկ կտորը՝ արդեն տարիներ շարունակ նախակրթարանի 2 սենյակն է: Այդ երկու սենյակներում մի կերպ տեղավորվում են 22 երեխաներ ու փոքր-ինչ կտրվում առօրյա անհետաքրքրական կյանքից, ցեխոտ փողոցներից:
«Գյուղում մի կարուսել էլ չկա, որ երեխաներին տանենք, որ գոնե մանկություն տեսնեն»,- դժգոհում են ծնողներն ու հավելում, որ տարվա մեջ գոնե մեկ անգամ Երևան գնալու և փոքրիկին մի պաղպաղակ հյուրասիրելու, կարուսել կամ կենդանաբանական այգի տանելու հնարավորություն քչերն են ունենում:
Հենց դա է պատճառը, որ գյուղի մոտ 40 ընտանիք հույսով և անհամբերությամբ սպասում են, թե ե՞րբ է ավարտին մոտենալու մանկապարտեզի վերանորոգումը:
«Տեղի փոքր լինելու պատճառով 40 երեխա նախակրթարան չի հաճախում: Դա շատ վատ է, որովհետև գյուղացիների մեծ մասը հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում ու էդ ժամանակ խնդիր է առաջանում, թե ո՞ւմ մոտ պետք է թողնեն փոքրիկ երեխային: Դրա համար մանկապարտեզի շահագործումը ոչ միայն կնպաստի, որ մեր փոքրիկները զարգանան, այլև նրանց ծնողները կկարողանան աշխատել ու տուն պահել»,- ասում է տիկին Ժենյան:
Մանկապարտեզի վերանորոգումը սկսվել է 2012 թվականին: Գյուղացիներին հավաստիացրել են, որ այն ամենայն հավանականությամբ կավարտվի այս տարվա վերջին: Միայն թե՝ շենքի պատրաստ լինելը դեռ չի նշանակում, որ մանկապարտեզն անմիջապես կշահագործվի: Մանկապարտեզին դեռ անհրաժեշտ է գույք, էլեկտրականություն, գազ: Գյուղապետարանում չեն կիսում բնակիչների խանդավառությունը ու նշում են, որ այս հարցերը կլուծվեն ոչ թե միանգամից, այլ փուլ առ փուլ: Համայնքի բյուջեով ծրագրերն իրականացնել չի լինի, պետք է սպասել կա՛մ բարերաների, կա՛մ կառավարության օժանդակությանը: Երկուսի դեպքում էլ թերահավատ են թե գյուղապետարանում, թե համայնքում. «Տեսնենք ոնց կլինի»,- ասում են նրանք:
Նորոգվող մանկապարտեզի շենքում 2 սենյակ հատկացվելու է գյուղի ամբուլատորիային: Այն կգործի ավելի շուտ, քան մանկապարտեզը. «Բուժքույր ունենք, անհրաժեշտ բժշկական պարագաներն էլ պահպանվել են նախորդ տարիներից: Հետևաբար ամբուլատորիան գոնե հաջորդ տարվանից կաշխատի: Մի կերպ ցրտին կդիմանան, մինչև տեսնենք, թե երբ հնարավոր կլինի այն շահագործել»,- ասում են գյուղապետարանում: Հարցին, թե ի՞նչ են անում, երբ տարիներ շարունակ գյուղում ամբուլատորիա չի գործում, գյուղացիներն ուսերն են թափահարում ու պատասխանում. «Ով՝ ոնց կարողանում է»:
Գյուղում ամենահին շինություններից է գրադարանը: 6000 կտոր գիրք կա, մեծ մասը՝ լավ վիճակում, սակայն ընթերցող չկա: Պատճառը ոչ թե ընթերցողների հետաքրքրության բացակայությունն է, այլ գրադարանի շենքում զրոյից ցածր ջերմաստիճանը: Դժվար է ասել, թե գրադարանը ե՞րբ կջեռուցվի, խոստում չեն տվել, գրադարանավարուհին էլ այդ հարցով չի դիմել: «Դպրոցը վթարային է, մանկապարտեզը նոր է կառուցվում, ամբուլատորիայում էլ ջեռուցում չկա: Մինչև հերթը գա հասնի գրադարանին՝ տարիներ, եթե չասենք տասնամյակներ կանցնեն»,- ասում է գրադարանավորուհին ու հավելում, որ չի ջեռուցվում նաև մշակույթի պալատը: Ինչպես գյուղացիներն են ասում՝ ակումբում միջոցառումներ հազվադեպ են կազմակերպվում: Դահլիճում աթոռներ էլ չեն մնացել: «Ցուրտ ու մութ տարիներին վառել են, հատուկենտ միջոցառումների ժամանակ դպրոցի տնօրենից են աթոռ խնդրում»,- ասում է մշակույթի պալատի պահակը:
Լուսագյուղում, ինչպես Արմավիրի մարզի գրեթե բոլոր համայքներում, առկա է նաև ջրի խնդիրը: Խմելու ջուրը դույլերով կրում են փողոցների աղբյուրներից, ոռոգման ջրի սղության պատճառով գյուղացիները դժվարությամբ են հող մշակում: Այս համայնքում ջրի բացակայությանը կանդրադառնանք առաջիկայում՝ առանձին հոդվածով: