Լուսագյուղի դպրոցը ցանկացած պահի կարող է փլվել 230 աշակերտների վրա
Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում դժկամությամբ ու սարսափով են սպասում սեպտեմբերի 1-ին: Անգամ առաջին դասարանի աշակերտներն ու իրենց ծնողներն են մտահոգված ու մի տեսակ վախով խոսում սպասվելիք ուսումնական տարվա մասին: Նման վերաբերմունքի պատճառը ոչ թե սպասվող ծախսերն են կամ դժվարությունները, այլ այն, որ դպրոցում սովորելը լուսագյուղցիների համար դարձել է յուրօրինակ էքստրիմ և յուրաքանչյուր անցկացված դասաժամը կարող է ողբերգությամբ ավարտվել:
Այսօր դպրոցում 230 աշակերտ է «սովորում»: Սովորելը այս պարագայում հարաբերական հասկացություն է: Գրքերի, տետրերի ու գրիչների հետ հոկտեմբեր ամսից աշակերտներն իրենց հետ նաև ծածկոց՝ «ադիալ» կամ ոչխարի մորթուց կտորներ են տանում, դնում նստարաններին, որպեսզի այդ կերպ դիմակայեն ցրտին: Դասասենյակները տաքացնում են սոլյարկայով, յուրաքանչյուր դասարանի համար հատկացվում է 1,5-2 լիտր, բայց քանի որ պատուհանները չեն փակվում, իսկ ապակիները կոտրված են ու ցելոֆանապատ, ապա վառելիքը չի կարողանում բավականացնել, որպեսզի դասասենյակը տաքանա: Ստիպված՝ դասերն անցկացնում են ցուրտ սենյակներում: Միայն ցուրտ պայմանները չեն դպրոցի խնդիրը:
Դպրոցը թե՛ դրսից, թե՛ ներսից կրթօջախի տեսք չունի: Երկհարկանի շենքը կիսախարխուլ է և այնպիսի տպավորություն է, թե անգամ ուժեղ հազալուց տանիքը կարող է փուլ գալ: Շենքի պատուհանները կոտրված են, առաջին հարկի պատերն ամբողջությամբ խոնավ են, պոկված, առաստաղից կաթում է և տարվա մեծ մասն աշակերտներն անձրևանոցով են նստում պարապմունքներին:
Դպրոցը կառուցվել է հեռավոր 70-ականներին և երբևէ չի վերանորոգվել: Մի քանի անգամ դպրոցի աշակերտներն իրենց հավաքած գումարներով կոսմետիկ նորոգումներ են կատարել, սակայն առաջին անձրևից հետո նորոգումից հետք անգամ չի մնացել: Կրթօջախն այժմ այն վիճակում է, որ վերանորոգումն էլ չի փրկի. «Շենքը վթարային է և որևէ շինարարական աշխատանք իրականացնելը վտանգավոր է»,- հայտարարել էին մասնագետները,-միաժամանակ զգուշացնելով, որ կրթօջախում դասընթաց անցկացնելը վտանգավոր է:
ՀՀ կառավարությունը խոստացել էր, որ մինչև 2013 թվականը Լուսագյուղի աշակերտների համար կկառուցվի նոր դպրոց: Հետո այդ խոստումը ձգվեց ևս մեկ տարի և այժմ աշակերտներին ու ուսուցչական կազմին հավաստիացնում են, որ անհրաժեշտ է սպասել ևս մեկ տարի և որ ամենայն հավանականությամբ շինարարությունը կսկսվի 2014-ին:
Ուսուցիչները հույսով սպասում են, իսկ աշակերտների ծնողներն արդեն չեն հավատում: «Ամեն օր վախով երեխեքին դպրոց ենք ուղարկում: Իրանք ասում են՝ շինարարական աշխատանքներ իրականացնելը վտանգավոր է, բայց ոչինչ չեն ձեռնարկում, չեն ասում՝ բա վտանգավո՞ր չէ, որ 200-ից ավելի երեխաներ էդտեղ սովորում են, երեխեքը վախենում են միջանցքներում վազեն, ֆիզկուլտուրայի ժամին ուսուցիչը խստիվ արգելել է գնդակն ուժեղ խփել: Հաճախ պարապմունքները դրսում են անցկացնում, որովհետև գնդակի ամեն հարվածն ավելի է մոտեցնում վտանգը»,- ասում են ծնողներն ու հավելում, որ ցրտերն ընկնելուց երեխաները հիվանդանում են ու մինչև գարուն հիվանդությունն անընդհատ սրվում ու կրկնվում է:
«Այս պայմաններում դժվար է նորմալ կրթության մասին խոսել: Ինչպե՞ս կարող ես դաս բացատրել, երբ ձմռանը մատերդ ցրտից սառում են, և, երբ երեխաները կուչ եկած վառարանի շուրջ՝ մտածում են, թե ե՞րբ պետք է զանգը հնչի, որ գնան տուն: Էդ պայմաններում որակյալ կրթության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է»,- իրավացիորեն ասում են ուսուցիչներն ու ավելացնում, որ իրենք էլ են դժգոհում այդ պայմաններից, սակայն այլ տարբերակ չունեն: Եթե աշխատանքից հրաժարվեն՝ գյուղում այլ աշխատանք չեն կարողանա գտնել, բացի այդ, չեն կարող մի քանի հարյուր աշակերտի թողնել առանց ուսման: