Էրդողանը հաստատել է Թուրքիայի խոշորագույն նավահանգստի կառուցման որոշումը
Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բարձրագույն պլանավորման խորհուրդը ընդունել է Չանդարլըի նավանահգստի կառուցման մասին որոշումը, ինչը հաստատվել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից:
Թուրքիայի տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարարությունը հայտարարել է, որ կառուցումից հետո Չանդարլըի նավահանգիստը կհանդիսանա Թուրքիայի խոշորագույն և աշխարհի 10-րդ նավահանգիստը:
Նավահանգստի տարածքում կառուցվելու է 900 մետր երկարությամբ ծովապատնեշ և 2000 մետր երկարությամբ նավամատույց: Դրանով իսկ նավահանգիստը կկարողանա միաժամանակ ընդունել 300 մետր երկարությամբ 6 նավի:
Պլանավորված է, որ նավանահանգիստն առաջին նավը կընդունի 2015 թվականին: Ակնկալվում է, որ Չանդարլըի նավահանգիստը տարեկան 700 միլիոն լիրա (1 դոլարը հավասար է 1.91 լիրայի) եկամտով կապահովի Իզմիրին: Նավահանգիստը կստեղծի մոտ 15.000 աշխատատեղ:
Կանխատեսվում է, որ Չանդարլըն կհանդիսանա Միջերկրական ծովում տարանցիկ բեռներ փոխադրելիս հունական Պիրեուս նավահանգստի մրցակիցը: Նշվում է, որ Չանդարլըի նավահանգիստն իր մեծությամբ 4 անգամ պետք է գերազանցի Պիրեուսի նավահանգստին: