Բաժիններ՝

Իրանը սպառնում է Ադրբեջանին. The Washington Times

Ամերիկյան The Washington Times թերթում հուլիսի 18-ին հրապարակվել է «Համաշխարհային կղզի. Եվրասիական աշխարհաքաղաքականություն և Արևմուտքի ճակատագիրը» գրքի (2007) հեղինակ Ալեքսանդրոս Պետերսենի «Իրանը նայում է դեպի հյուսիս» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Վերջին շրջանում Իրանը մտադիր է առաջ շարժվել դեպի հյուսիս և այդ կերպ սպառնալ Կասպյան ավազանի մյուս երկրներին և մասնավորապես Ադրբեջանին: Հունիսի վերջին իրանական ռազմանավերը Կասպից ծովի միջոցով ժամանեցին ռուսական Աստրախան նավահանգիստ:

Դրանց առաքելությունը կայանում էր աշնանը կայանալիք համատեղ ռազմածովային զորավարժությունների պլանների կոորդինացման մեջ: Այդ նորությունն արժանի է մեծ ուշադրության, քանի որ Կասպյան ավազանը հանդիսանում է ոչ միայն նավթի արդյունահանման կենտրոն, ինչն արտահանվում է արևմտյան շուկաներ, այլև՝ առանցքային տարանցիկ կենտրոն՝ Աֆղանստանից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի, ինչպես նաև սարքավորումների դուրս բերման համար:

Համատեղ ռուս-իրանական ռազմածովային զորավարժությունները (Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ Կասպիցում համատեղ զորավարժություններ են անցկացրել 2009 թվականին, որոնց երկու կողմից ընդհանուր առմամբ մասնակցել է 30 ռազմանավ – 168.am) կարող են խախտել թե՛ էներգետիկ, թե՛ նաև տարանցիկ գործունեությունը Կասպից ծովում:

Եվ դա արդեն նմանատիպ առաջին դեպքը չէ: Նախկինում իրանական ռազմանավերը սպառնացել են հարձակվել ադրբեջանական նավթահանքերի վրա, որում տվյալ ժամանակ հետազոտություն էին անցկացնում British Petroleum (BP) նավերը:

Մերձկասպյան երկրների միջև Կասպից ծովի էներգակիրներով հարուստ ջրերի բաժանման հարցը մնում է չլուծված (դեռևս 1970 թվականին ԽՍՀՄ նավթարդյունաբերության նախարարությունn ազգային սեկտորների հիման վրա իրականացրել էր Կասպիցի բաժանման պրակտիկան, ըստ որի՝ Ադրբեջանին բաժին էր հասել Կասպից ծովի տարածքի (371.000 կմ2)  մոտ 70.000 կմ2, Թուրքմենստանին` 80.000 կմ2, Ռուսաստանին` 60.000 կմ2, Ղազախստանին` 105.000 կմ2 և Իրանին` 55.000 կմ2: Մինչդեռ ներկայումս Իրանը պահանջում է Կասպից ծովի տարածքի 20 տոկոսը (ավելի քան 74.000 կմ2)՝ ելնելով նրանից, որ գոյություն ունի մերձկասպյան 5 երկիր, ինչի համար էլ Կասպից ծովը պետք է բաժանվի 5 մասի – 168.am):

Չնայած նրան, որ մերձկասպյան երկրների մեծ մասի միջև ձեռք են բերվել երկկողմանի պայմանավորվածություններ՝ Իրանը հրաժարվում է համագործակցել իր յուրաքանչյուր հարևանի հետ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Իսլամական հանրապետությունը միավորվում է Ռուսաստանի հետ և սպառնում է տարածաշրջանի մնացյալ երկրներին:

Իրանը նաև ինքն է ներքաշվում տարածաշրջանի ամենաձգձգվող հակամարտությունների և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Մյուս կողմից Թեհրանը ծայրահեղական հոգևորականներից իրանամետ խմբեր է ձևավորել Ադրբեջանում՝ խաթարելու համար Բաքվի կառավարության գործունեությունը: Իրանը ցանցահենային հարձակումներ է մոբիլիզացրել իրանական կիբեր բանակի դրոշի ներքո:

Այդ միջոցառումները սկսում են ուժեղանալ հոկտեմբերին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրությունների մոտենալուն զուգընթաց: Այս տարեսկզբին արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով իրանցի օրենսդիրները խորհրդարանում հանդես եկան մի շարք հայտարարություններով՝ պահանջելով Ադրբեջանի 17 քաղաքների, այդ թվում նաև մայրաքաղաք Բաքվի միացումը երկրին:

Նրանք պատրաստեցին օրինագիծ, որն ուղղումներ կմտցնի 1828 թվականի (Թուրքմենչայի) պայմանագրում, որով սահմանագծվել է Իրանի հյուսիսային սահմանը: Այդպիսով, Իսլամական հանրապետությունը ձգտում է ճանապարհ հարթել մեծ Իրանի ձևավորման համար, որի կազմում կարող են մտնել Կասպյան տարածաշրջանի սահմաններից դուրս ընկած տարածքները՝ Թուրքիայից մինչև Կենտրոնական Ասիա:

Ստեղծվում է տպավորություն, որ Իսրայելը միակ երկիրը չէ, որին Թեհրանը ցանկանում է ջնջել երկրի երեսից: Այդօրինակ գործողությունները փաստացիորեն էլ ավելի են հանգեցրել (դրդել) Իսրայելի ու Ադրբեջանի մերձեցմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս