Բուխարեստյան հռչակագիրը և տնտեսական իրականությունը․ ինչո՞վ է Հայաստանը կապվելու Ռումինիայի հետ

TRIPP նախագծի պաշտոնական գործարկումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Բուխարեստ ներկայացվեց որպես եվրոպական ուղղությամբ հարաբերությունների խորացման ևս մեկ քայլ։

Այցի ընթացքում կողմերը ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր, իսկ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարեց Հայաստանի հետ հարաբերությունները քաղաքական և առևտրատնտեսական մակարդակներում խորացնելու պատրաստակամության մասին։

«Հայաստանը և Ռումինիան ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, որը նշանակում է, որ մենք էլ ավելի հավակնոտ ենք մեր հետագա հարաբերությունների հարցում: Հայաստանը հատուկ դեր ունի այն երկրների շրջանում, որոնց հետ Ռումինիան ռազմավարական գործընկերության համաձայնագրեր է ստորագրել։ Ուզում եմ ընդգծել Ռումինիայում հայկական համայնքի դերը: Այն էական կարևորություն ունի մեր պատմության, մեր երկրի սոցիալ-մշակութային կյանքում»,- ասել է Ռումինիայի նախագահը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ քննարկումները ծավալվել են ինստիտուցիոնալ համագործակցության խորացման շուրջ։ «Մենք նաև խոսեցինք այն գերազանց տնտեսական հնարավորությունների մասին, որոնք կան մեր երկու երկրների համար։ Քննարկման առանցքում եղել է նաև Հայաստանի Հանրապետության և Եվրամիության հարաբերությունների սերտացման հարցը, որին Ռումինիան հետևողականորեն աջակցում է։

Կարդացեք նաև

Այս երկխոսության բոլոր փուլերում՝ Հայաստան-ԵՄ երկխոսություն, վիզաների ազատականացում, համագործակցության ամրապնդում անվտանգային, ինստիտուցիոնալ, դիմակայունության և այլ ոլորտներում, մենք աջակցում ենք Հայաստանին։

Ինչպես գիտեք, Ռումինիան նաև ներկայացված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության շրջանակներում։ Թույլ տվեք իմ աջակցությունը հայտնել և վերահաստատել, որ ցանկացած հարցում կարող եմ օգտակար լինել Հայաստանին»,- ասել է Ռումինիայի նախագահը։

Նույնպիսի լավատեսական դիվանագիտական ձևակերպումներով ու ակնկալիքներով է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը՝ շեշտը դնելով Ռումինիայի հետ առևտրատնտեսական ներուժի օգտագործման, տարանցիկ ծառայությունների մատուցման, ցամաքային և ծովային-նավահանգստային լոգիստիկ կապերի ձևավորման վրա։

Սակայն, եթե մի կողմ դնենք դիվանագիտական ձևակերպումներն ու պաշտոնական լավատեսությունը, առաջ է գալիս հիմնական հարցը՝ արդյո՞ք Բուխարեստում ձեռք բերված պայմանավորվածությունները կապահովեն իրական տնտեսական արդյունք, թե՞ կմնան քաղաքական հայտարարությունների և հավակնությունների մակարդակում։ Բանակցությունների առանցքային կետերից մեկն առևտրատնտեսական և տրանսպորտային համագործակցությունն էր, մասնավորապես, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավոր կապակցումը ռումինական սևծովյան նավահանգիստների հետ։

Տեսականորեն հաշվարկը պարզ է. Ռումինիայի Կոնստանցա նավահանգիստը Սև ծովի խոշորագույն նավահանգիստներից է և կարևոր հանգույց՝ դեպի Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի շուկաներ հասնելու համար։ Հայաստանի համար, որի արտաքին առևտրի լոգիստիկան զգալիորեն կախված է Վերին Լարսի անցակետից, դրա հետ կապված խնդիրներից, վրացական նավահանգիստներից, այս ուղղությունը ներկայացվում է՝ որպես տարանցիկ հնարավորությունների ընդլայնման հեռանկար։

Մինչդեռ այս տնտեսական հաշվարկները բախվում են աշխարհագրական և ենթակառուցվածքային խնդրահարույց իրականության: Հայաստանից դեպի Ռումինիա տանող ցամաքային երթուղիների կարևոր ուղղություններից մեկը Թուրքիայով և Բուլղարիայով անցնող ճանապարհն է։ Թեև պաշտոնական Երևանը շեշտում է Թուրքիայի հետ առևտրի ուղղակի արգելքի բացակայությունը, հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ ցամաքային բեռնափոխադրումների համար։ Սա նշանակում է, որ գործնականում հայկական բեռնափոխադրումների համար թուրքական ուղղության օգտագործումը շարունակում է պայմանավորված լինել սահմանային ռեժիմի փոփոխությամբ, իսկ գործող երթուղիների դեպքում Հայաստանը շարունակում է կախված մնալ Վրաստանի տարածքով անցնող ճանապարհներից՝ կրելով լրացուցիչ ծախսեր։

Հետևաբար՝ տարանցիկ հնարավորությունների ընդլայնման ծրագրերը ենթադրում են տարածաշրջանային ենթակառուցվածքների գործարկման, սահմանների բացման և քաղաքական համաձայնությունների առկայություն։

Ավելին, նույնիսկ տրանսպորտային ուղիների հասանելիության ընդլայնման դեպքում հայկական արտադրանքի մրցունակությունը եվրոպական շուկայում պայմանավորված է լինելու ոչ միայն լոգիստիկ հնարավորություններով, այլև չափորոշիչների համապատասխանությամբ ու մրցակցային պայմաններով։ Միաժամանակ, Սևծովյան էներգետիկ և տարանցիկ ենթակառուցվածքների զարգացման գործում Բուխարեստի հիմնական տարածաշրջանային գործընկերներն արդեն իսկ Ադրբեջանն ու Վրաստանն են։ Այս պայմաններում այդ ցանցերում ներգրավվելու ՀՀ-ի հեռանկարները դեռևս քաղաքական հայտարարությունների մակարդակում են, այսինքն՝ դրանց տնտեսական կենսունակությունը պայմանավորված է լինելու կոնկրետ երթուղիներով, ենթակառուցվածքային ներդրումներով, տարանցման պայմաններով և մրցունակությամբ։

Այցի աշխարհաքաղաքական ենթատեքստը ևս միանշանակ չէ։ Իշխանական շրջանակներն այն դիտարկում են որպես Եվրամիության ներսում գործընկերային կապերի ընդլայնման և եվրոպական ուղղությամբ համագործակցության խորացման քայլ։ Ռուսական քաղաքական և փորձագիտական շրջանակների մի հատվածում, սակայն, Հայաստանի եվրոպական ուղղությամբ ակտիվացումը դիտարկվում է նաև Ռուսաստանի ազդեցությունը շրջանցող այլընտրանքային լոգիստիկ ճարտարապետության ձևավորման համատեքստում, այդ թվում՝ TRIPP նախագծի շուրջ ձևավորվող գործընթացների շրջանակում։

Բուխարեստի հետ հարաբերությունները Հայաստանի համար նորություն չեն․ նախորդ ղեկավարների օրոք ևս Ռումինիան Հայաստանի եվրոպական գործընկերների շարքում էր, իսկ երկկողմ շփումները տեղավորվում էին արտաքին քաղաքական բազմավեկտորության շրջանակում։ Սակայն ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքական մոտեցման առանձնահատկությունն այն է, որ եվրոպական ուղղությամբ հարաբերությունների խորացումը ներկայացվում է՝ որպես Հայաստանի ռազմավարական վերակողմնորոշման բաղադրիչ՝ մի գործընթաց, որը զուգահեռաբար ուղեկցվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությամբ։

Այս համատեքստում միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացումը ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական օրակարգի մաս է դառնում՝ իշխանությունների կողմից ներկայացվելով՝ որպես արտաքին աջակցություն ստանալու վկայություն։ Մինչդեռ ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը, առանց կոնկրետ ծրագրերի, դեռևս չի կարող դիտարկվել որպես տնտեսական համագործակցության շոշափելի արդյունք։

Գլխավոր հակասությունը, որը չեն կարողանում վերացնել բուխարեստյան պայմանավորվածությունները, Հայաստանի քաղաքական հռետորաբանության և տնտեսական իրականության միջև առկա անհամապատասխանությունն է։ Հայաստանի արտաքին առևտրի, էներգետիկ կապերի և տնտեսական գործունեության զգալի մասը շարունակում է կապված մնալ Ռուսաստանի և ԵԱՏՄ շուկայի հետ։ Եվրոպական չափորոշիչներին մոտենալու խոստումները, երկկողմ խորհրդակցությունները և հայ-ռումինական հեռանկարները չեն կարող ինքնաբերաբար փոխհատուցել գործող տնտեսական կապերի թուլացման հետևանքները, քանի դեռ եվրոպական շուկաների հասանելիությունը չի ապահովվել կոնկրետ գործնական մեխանիզմներով։

Բուխարեստյան պայմանավորվածությունները ևս մեկ անգամ արտացոլում են Երևանի արտաքին քաղաքականության հիմնական խոցելիությունը՝ եվրոպական ուղղությամբ քաղաքական հավակնությունները հաճախ առաջ են անցնում երկրի իրական տնտեսական, ենթակառուցվածքային կարողություններից։

Հռչակագրերն ու ծրագրերը կարող են ապահովել դիվանագիտական արտաքին փայլ և քաղաքական ուղերձների տարածման հնարավորություն, սակայն չեն բացում փակ սահմանները, չեն ձևավորում մրցունակ տարանցիկ ուղիներ և չեն ստեղծում տնտեսական այլընտրանք գործող շուկաներին։

Առանց կոնկրետ ենթակառուցվածքային, ներդրումային և առևտրային բովանդակության՝ նման նախաձեռնությունները կարող են ոչ թե ընդլայնել Հայաստանի տնտեսական հնարավորությունները, այլև խորացնել հին ու նոր գործընկերների միջև ձևավորվող քաղաքական հակասությունները՝ Հայաստանին թողնելով աշխարհաքաղաքական հավակնությունների և տնտեսական իրականության միջև առկա բարդությունների առջև։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30