Գերագույն հրամանատարը պետք է ընտրվի ուղղակի քվեարկությամբ, իսկ սահմանված ժամկետի դեպքում ԳՇ պետին կարելի է փոխել, եթե… Մարտիկ Մարտիրոսյան

Իշխանությունների կողմից առաջարկվող Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք զինվորական և քրեական գործերով փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանի հետ:

«Եթե կարճ, ապա կարող ենք ասել, որ նոր Սահմանադրության նախագծով ՀՀ վարչապետը դառնում է գերագույն հրամանատար նաև խաղաղ ժամանակ, ԶՈւ ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը։ ԳՇ պետին նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։  Եվ չնայած նշվում է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինվորական ամենաբարձր պաշտոնյան է, սակայն նրա նշանակումն ու ազատումը, ըստ էության, հավասարեցված է բարձրագույն հրամանատարական կազմի մյուս զինծառայողների նշանակման և ազատման հարցին: Գործող Սահմանադրությամբ նշվում է, որ ԳՇ պետը նշանակվում է օրենքով սահմանված ժամկետում, իսկ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով: Մի խոսքով՝ երկու դեպքում էլ խորհրդարանական կառավարման վատ մոդելի արդյունքի հետ գործ ունենք»,-  նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նախագծով ստացվում է, որ «ԳՇ պետի և վարչապետի մեջտեղում պաշտպանության նախարար կա»:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք սահմանադրական նոր փոփոխությունների ընդունման պարագայում Գերագույն հրամանատար-Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ խնդիրներ չեն առաջանալու ռազմական դրության պայմաններում, ԶՈւ կիրառման հարցերում, զինվորական և քրեական գործերով փաստաբանը մի կողմից բացառեց դա և նշեց, որ այդ հարաբերությունները հնարավոր է նաև համապատասխան օրենքների կամ օրենսդրական փոփոխությունների միջոցով կարգավորել, Սահմանադրությամբ այդ աստիճան մանրամասն կարգավորման անհրաժեշտություն չկա: Մյուս կողմից, նա նկատեց՝ «եթե նման խնդիր լինի, վարչապետը կարող է ազատել երկուսին էլ»:

Մարտիկ Մարտիրոսյանն այս համատեքստում ասաց, որ ինքն իրականում կողմ է, որպեսզի և՛ խաղաղ, և՛ պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարը նույնը լինի՝ երկրի ղեկավարը:

Կարդացեք նաև

«Գտնում եմ, որ երկրի ղեկավարի թիվ մեկ գործը երկրի պաշտպանությունն ապահովելն է, և նա պետք է լինի գերագույն հրամանատարը: Այլ հարց է, որ ես կիսանախագահական կառավարման մոդելի կամ ձևի կողմնակից եմ և կարծում եմ, որ գերագույն հրամանատարը պետք է ընտրվի ուղղակի քվեարկությամբ»,- մանրամասնեց փաստաբանը:

Իսկ այն, որ նոր Սահմանադրության նախագծից կարելի է ենթադրել՝ խաղաղության հաստատմանը գնացող ՀՀ իշխանությունները կարծես թե ընդմիշտ բացառել են ռազմական որևէ բախում, պատերազմի հավանականությունը, ինչը, թերևս, սխալ է, փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը համաձայնեց:

Այս համատեքստում վերադառնալով իր սկզբնական մտքին, նա ասաց, որ եթե անգամ ԳՇ պետը նշանակվում է կոնկրետ ժամկետով, կողմ է, որ՝ «գոնե պատերազմի ժամանակ երկրի ղեկավարն իրավունք ունենա փոխելու նրան, եթե Գերագույն հրամանատարն այլ մտքի կողմնակից է, կան բավարար պայմաններ, բայց ԳՇ պետն ասում է, որ պետք է կռիվը դադարեցնել, չեն կարող հաղթել»:

Սա, իհարկե, ոչ Նիկոլ Փաշինյանի նման ղեկավարի դեպքում:

Այստեղ հարկ է հիշեցնել, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ 2020 թ. հունիսի 8-ին ԳՇ պետի պաշտոնում իր նշանակումից հետո Նիկոլ Փաշինյանին առաջարկել է ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխելու, կամ՝ առնվազն ՀՀ ԶՈՒ կիրառման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

«Մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ՝ հատկապես ՌԴ-ի հետ   հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին` Իրան և Վրաստան, բարեկամաբար տրամադրելուն և այլն, ինչը, ըստ էության, տեղի չի ունեցել»,- մանրամասնել էր գեներալը:

Արդեն 2020 թ. պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանն առաջարկել է՝ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում՝ այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Գուցե ԳՇ պետի դեպքում այս հայտարարությունն այդ պահին ընդունելի չի եղել հենց ՊՆ-ում, բայց հետագան ցույց տվեց, որ Օնիկ Գասպարյանը, ըստ էության, ճիշտ էր. հետո կանգնեցինք «պատերազմն ամեն գնով կանգնեցնելու» ընտրության առաջ:

Եվ չնայած պատերազմի 4-րդ օրն առաջարկվել է կանգնեցնել պատերազմը, բայց բանակը կարողացել է պահել Աղդամը, Քարվաճառը, Լաչինը, որոնք հանձնվել են Ադրբեջանին 2020 թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ: Իսկ Օնիկ Գասպարյանին Նիկոլ Փաշինյանն իրավունքի ուժով հեռացրեց ԳՇ պետի պաշտոնից 2021 թ.-ի փետրվարի 25-ի հայտնի հայտարարությունից հետո, որով Զինված ուժերը պահանջում էին Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը:

Մեկ այլ առիթով գրել ենք, որ Փաշինյանի իշխանության օրոք ԳՇ ոչ մի պետ չի պաշտոնավարել այնքան, որքան օրենքը թույլ է տալիս, բայց պաշտոնանկությունները եղել են քաղաքական կամայականության արդյունք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30