Բաժիններ՝

«Սա Արմենչիկի համերգը չէ, բայց այցելուների հոսքը չդադարեց»

Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացված «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն» ցուցահանդեսը մեր հասարակական կյանքում ստեղծեց ցուցահանդես այցելելու մի նոր մշակույթ: «Բարձր արվեստ» կենտրոնի կողմից ստեղծված www.hi-artonline.com-ի նախագծի հեղինակները կարողացան մեր քաղաքացիների մեջ արթնացնել արվեստի ընկալման պահանջ, որի վկայությունը Ժամանակակից արվեստի թանգարանում տիրող մթնոլորտն էր: Այս օրերին թանգարանի չդադարող մարդկային հոսքն ապացուցեց, որ բարձր արվեստի պահանջ ունեն հասարակական բոլոր շերտերը, պաշտոնյաներից սկսած` մինչև շարքային քաղաքացիներ, երիտասարդներից սկսած` մինչև տարեցներ: Մենք փորձեցինք փոքրիկ հարցախույզ անցկացնել ցուցահանդեսի մասնակիցների հետ, թանգարանի ղեկավարությանը հարց ուղղելով, թե որքանո՞վ այս ցուցահանդեսը կարողացավ արվեստի նկատմամբ հասարակական պահանջ ձևավորել:

Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանի հավաստմամբ՝ «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն» խորագիրը կրող ցուցահանդեսը շրջադարձային դերակատարում ունեցավ հայ իրականության մեջ: Հուլիսի 11-ից սկսած, մինչև երեկ, ամեն օր, ամեն ժամ թանգարանն այցելուների հոծ բազմություն է ունեցել, և հասարակական ակտիվությունը նույնիսկ զարմացրել է թանգարանի ղեկավարությանը: «Առաջին անգամ ներկայացվեց 19-րդ դարի հայ արվեստը և այսօրվա՝ 21-րդ դարի ժամանակակից արվեստը:

Բավականին համարձակ ներկայացում էր, քանի որ մինչ օրս մեկ հարթակի վրա այս արվեստները ներկայացնելու փորձ չի եղել: Ցուցահանդեսը շատ մեծ արձագանք ունեցավ: Թեև նախատեսված էր ցուցահանդեսը ներկայացնել մինչև ամսի 16-ը, այդուհանդերձ, հաշվի առնելով հասարակական ակտիվությունը` որոշեցինք մեկ օր ևս երկարաձգել: Այցելուների հոսքն իսկապես շատ մեծ է»,- ասում է Ն. Ավետիսյանը: Թանգարանի տնօրենը վստահեցնում է, որ անգամ եվրոպական երկրներից, Մոսկվայից զանգահարում և փորձում են ճշտել, թե ցուցահանդեսը մինչև ե՞րբ է ներկայացվելու՝ ցանկություն հայտնելով Հայաստան ժամանել և այցելել թանգարան: Ի դեպ, «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն» ցուցահանդեսում ներկայացված արվեստի նմուշները տեսնելու համար երկու օր առաջ թանգարան էին այցելել նաև վետերանները: Ն. Ավետիսյանի խոսքով՝ վետերան տատիկ-պապիկների` արվեստի նկատմամբ հետաքրքրությունը թանգարանի ղեկավարությանը շատ է հուզել:

«Վետերաններն այնպիսի հետաքրքրվածությամբ էին նայում գործերը, որ շշմել կարելի էր: Ամեն նկարի մոտ կանգնում, երկար նայում էին, հարցեր էին տալիս, փորձում էին հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ հեղինակներից: Հետաքրքիրն այն է, որ թվում է՝ իրենց սերունդը պիտի ժամանակակից արվեստի կողքով անտարբեր անցներ, բայց շատ հետաքրքրված էին, մանրամասնորեն փորձում էին ընկալել` ինչ բան է կոնցեպտուալ արվեստը, pop-art-ը: Իրենց հարցերն այնքան անսպասելի և հաճելի էին»,- վստահեցնում է Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը՝ ավելացնելով, որ կոնկրետ այս ցուցահանդեսն արտառոց էր նրանով, որ այցելուները շատ բազմաշերտ էին, սկսած՝ պետական պաշտոնյաներից, վերջացրած շարքային այն քաղաքացիներով, ովքեր հավանաբար առաջին անգամ էին այցելում թանգարան:

Ըստ նրա, այցելուներից շատերը թեև մասնակցել են ցուցահանդեսի բացման արարողությանն, այդուհանդերձ, գալիս են թանգարան երկրորդ, երրորդ անգամ՝ ներկայացված աշխատանքները կրկին դիտելու.

«Ամենաուրախալի փաստն այն է, որ տեսնում ես` նույն մարդը հաջորդ օրը գալիս է ընտանիքի, երեխաների հետ: Կամ ուսանողը կրկին վերադառնում է թանգարան` արդեն ընկերների մի մեծ խմբով»:
Ցուցադրության խորհրդատու, նկարչուհի Մերի Մունը ցուցահանդեսի նկատմամբ հասարակական հետաքրքրության հարցում շատ կարևորում է ԶԼՄ-ների ճիշտ աշխատանքը, որի արդյունքում մարդիկ տեղեկատվություն ստացան և այցելեցին թանգարան. «Շատ մեծ հոսք եղավ: Դրանից զատ, բոլորը միասին աշխատում էին: Տարբեր սերունդների ներկայացուցիչներ եկան, և բոլորի կարծիքն էլ շատ հետաքրքիր էր: Օրինակ՝ ինձ համար շատ անսպասելի էր վետերան կանանց հետաքրքրվածությունը ժամանակակից արվեստի նկատմամբ: Քանդակագործներին այնքան հետաքրքիր հարցեր էին տալիս, որ բոլորիս համար անսպասելի էր: Երիտասարդներն էլ շատ ակտիվ են և հիմնականում ցանկանում են դեմքով տեսնել հեղինակին, ծանոթանալ, հարցեր տալ»:
Ցուցահանդեսի մասնակիցներից քանդակագործ Արա Ալեքյանի կարծիքով՝ թե՛ ցուցադրությունը, թե՛ մարդկանց արձագանքն իր համար ոչ միայն անսպասելի էր, այլ նաև՝ շատ զարմանալի ու հաճելի:

«Ինձ ավելի շատ գաղափարը դուր եկավ, մասնավորապես` այն, որ մեր մեծերի հետ ցուցադրվելու հնարավորություն ունեցան ժամանակակիցները: Դա շատ ճիշտ մոտեցում է, որովհետև ամեն տեսակ մասնագիտությունների մեջ՝ լինի ֆիզիկոս, երաժիշտ, արվեստագետ, պետք է աստիճանը չկոտրել: Երբ աստիճանը կոտրվում է, մյուս աստիճանը թռնելը դժվար է:

Հիմա այնպիսի հնարավորություն է տրվել, երբ մեզնից ամեն մեկը` կցված մեր մեծերին, բարձրանում ենք, դա ամենահրաշալի բանն է: Կցանկանայի, որ այդ ավանդույթը շարունակվեր, որովհետև այդպես են ստեղծվում արվեստի գործեր, այդպես են բարձրանում դառնում ակադեմիկոսներ, արվեստագետներ, որովհետև «շկոլան» կարևոր բան է: Հայաստանում պետք է արվեստի մեջ նույնպես այդ աստիճանը ստեղծվի, որը երիտասարդությանը թույլ կտա աստիճան առ աստիճան բարձրանալ: Օրինակ՝ տեսե՛ք, Ժանսեմի նկարի տակ տեղադրված է իմ քանդակը, ու դա ինձ համար անգնահատելի մի բան է, շատ մեծ պատիվ է` ցուցադրվել նման մեծությունների հետ՝ Քոչար, Սարյանգ»,- ասում է Արա Ալեքյանը:
Ցուցահանդեսի մասնակիցներից լուսանկարիչ Հայկ Թութունջյանը վստահեցնում է, որ թանգարանի այցելուներն, այնուամենայնիվ, բարձր տպավորություններով են հեռանում:

Աշխարհում բավականին ցուցահանդեսներ տեսած լուսանկարիչը հավաստիացնում է, որ ցուցադրության նման համադրում որևէ երկրում չի տեսել։ «Այս մոտեցմամբ ցուցահանդես կազմակերպելու համար մեծ համարձակություն է պետք, և պետք է ասեմ, որ բավականին հաջողված, լավ արդյունք է գրանցվել: Գոնե մարդկանց ակտիվությունն ու տպավորությունները դա են վկայում: Իմ լուսանկարներն առաջին անգամ են ներկայացվում այս համադրությամբ, աբստրակտ, մոդեռն գործերի, քանդակների հետ միևնույն սրահում, և, փաստորեն, կարելի է արձանագրել, որ բավականին հետաքրքիր համադրություն է ստացվել»,- ասում է Հ. Թութունջյանը՝ հուսալով, որ նման ցուցահանդեսներ առաջիկայում նույնպես կլինեն: Նա նաև շատ կարևորում է այս ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից ոչ շատ ակտիվ արվեստագետներին ներգրավելու փորձը, քանի որ հեղինակներից շատերը լավ գործեր են ստեղծել, բայց երբեք չեն ցուցադրել:

Քանդակագործ Աշոտ Հարությունյանն ընդգծում է, որ ցուցահանդեսը դրական ազդեցություն թողեց մեր հասարակական կյանքում, և դրա մասին պարտադիր պետք է խոսել: «Պետք է փաստագրել մեկ բան, որ ցուցահանդեսը կազմակերպվեց մեծ սրտացավությամբ, ներդրումներ կատարվեցին, կարճ ժամանակահատվածում լուծվեցին մեծ խնդիրներ, հանուն նրա, որ էքսպոզիցիան պատշաճ ներկայացվի: Այս ամենի մեջ հաջողված շատ բան կա, որը հիմքային է և մեկ անգամվա համար չէ: Վստահ եմ, որ շարունակական քայլերն ավելի ուսանելի կլինեն: Մոտ 130 տարվա ժամանակագրական աշխատանքները ներկայացնելը շատ բարդ աշխատանք է, բայց կարծում եմ՝ կազմակերպիչները պատվով կատարեցին իրենց նախաձեռնած աշխատանքը:

Եթե համեմատենք նախորդ ցուցադրությունների հետ, երբ բացման օրը գալիս են, բայց հաջորդ օրերին քար լռություն է, ապա այս ցուցահանդեսն ինչ-որ բանի սկիզբ է, որովհետև ամեն օր և ամեն ժամ են մարդիկ գալիս, ծանոթանում են աշխատանքների հետ և հարցեր են տալիս, պատասխանների են սպասում: Ընդ որում, գալիս են` անկախ տարիքից ու ճաշակից: Ինձ մոտ նույնիսկ տպավորություն է, կարծես մեկ այլ քաղաքակիրթ երկրում եմ, որտեղ թանգարանի այցելուների անընդհատ հոսք կա: Նախադեպ չեմ էլ հիշում: Սա Արմենչիկի համերգը չէ, բայց մարդիկ մեծ հոսքով գալիս են»: Աբստրակցիոնիստ Խաչատուր Մարտիրոսյանն ընդգծում է, որ դասականից` մինչև ժամանակակից արվեստ ներկայացնելու ձևաչափը թեև աշխարհում ընդունված է, բայց Հայաստանում նման բնույթի ցուցահանդես առաջին անգամ կազմակերպվեց. «Կցանկանայի անդրադառնալ մի կարևոր խնդրի՝ այս ցուցադրությունից հետո նոր ակտիվություն պետք է լինի: Ժամանակակից արվեստի բոլոր ուղղությունները պետք է ներկայացվեն, որովհետև նաև նման հասարակական պահանջ կա: Այս նախաձեռնությունը թույլ է տալիս մտածելու, որ նկարիչների մոտ կլինի մի համերաշխ տարածք, որտեղ բոլորն իրենց ասելիքը կներկայացնեն»:

Աբստրակցիոնիստ Գարիկ Կարապետյանի հավաստմամբ՝ հայկական արվեստի նման մեծ ընտրանու ցուցահանդեսի նախադեպ Հայաստանում չի եղել: «Փաստորեն, միանգամից ներկայացվեց երկու դարերի հայկական արվեստ: Սա շատ կարևոր շեշտադրում էր, և ականատես եղանք, որ մարդիկ մեծ ոգևորությամբ են նայում: Իսկ որ ամենակարևորն է՝ կարելի է ակնկալել, որ մարդիկ իսկապես սպասում են ցուցահանդեսների: Մենք տեսանք, որ լավ կազմակերպված, ԶԼՄ-ներով ակտիվ լուսաբանված մշակութային իրադարձությանն անմիջապես արձագանքում է մեր հասարակությունը: Փաստ է, որ մարդկանց կողմից բավականին ակտիվություն կա: Այցելուների հետ մեր հանդիպումները ցույց են տալիս, որ մարդիկ շատ հետաքրքրված են արվեստով, հարցեր են տալիս, փորձում են հասկանալ: Այս առումով` պիտի արձանագրենք, որ ցուցահանդեսը ստացվեց, և արդյունքները բավականին ուրախալի են»,- ասում է Գ. Կարապետյանը՝ կարևորելով հետևողականությունն ու նման ցուցահանդեսների շարունակական բնույթը, քանի որ հասարակություն-արվեստ ստեղծված կոնտակտը պետք է պարտադիր պահել և զարգացնել:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս