Ինտելեկտուալ մարմնավաճառների ժամանակը
Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի սոցիալական հենարանի մասին գնահատականները, որպես կանոն, հանգում են նրան, որ այն բաղկացած է ցածր կրթական ցենզ ունեցող, միայն նյութական արժեքներին դավանող, հեշտ մանիպուլացվող զանգվածից, իսկ ահա մտավորական շերտերը մերժում են նրան։
Այս գնահատականի մեջ, իհարկե, կա ճշմարտության մեծ չափաբաժին, սակայն այն առնվազն կիսատ է։ Իսկ այդ կիսատության ամենամեծ շահառուն այն, այսպես կոչված, մտավորական, կրթական նոմինալ բարձր ցենզ ունեցող խավն է, որն ամեն ինչ լյումպենի վրա բարդելով՝ վայելում է գործող իշխանության լատենտ պաշտպանությունից ստացվող բարիքները։
Իրականությունն այն է, որ Փաշինյանի հակապետական քաղաքականությունը պաշտպանողների շարքերում կան մեծ թվով ուսյալ, կրթված, անգամ բարձր կոչումներ ու հանրային ճանաչում ունեցող մարդիկ, որոնք իրենց ինտելեկտը ծառայեցնում են գործող իշխանությանն իրենց ծառայությունները լղոզված ներկայացնելու, նրանց գործողություններն արդարացնելու էժանագին գործին։
Այդ շերտը բազմազան է, դրա մեջ կան շատ արվեստագետներ, ուսուցիչներ ու դասախոսներ, այս կամ այն ոլորտի պրոֆեսորներ, վերլուծաբաններ, բժիշկներ, ինժեներներ, ծրագրավորողներ… Նրանցից ոմանց կարելի է տեսնել ու լսել տարբեր եթերներում, որոշներն իրենց ծառայությունները մատուցում են սոցիալական ցանցերում, այլք՝ իրենց ազդեցության տակ գտնվող կոլեկտիվներում, մեծ ու փոքր խմբերում։
Ընդունված է համարել, որ լայն զանգվածների մանիպուլյացիան իշխանությունն իրականացնում է միայն բութ, էժանագին, պրիմիտիվ քարոզչությամբ։ Բայց դա կրկին ճշմարտության միայն կեսն է։ Դրա կողքին պարզ մարդիկ ամենօրյա մանիպուլյացիայի են ենթարկվում նաև լատենտ իշխանական ուսյալ խավի կողմից, որի ներկայացուցիչները՝ նոմինալ պաշտոններ չզբաղեցնելով, բայց ունենալով հանրային դիրք, ճանաչում, որոշակի հեղինակություն, դրանք ծառայեցնում են Փաշինյանի կործարար գործողություններն արդարացնելուն։
Տարբերությունը միայն այն է, որ եթե պայմանական Վահագն Ալեքսանյանն ու Տարոն Չախոյանը դա անում են մտքի ու դեմքի բութ արտահայտությամբ, էլիտար ծառայություններ մատուցողները դրանով զբաղվում են ավելի անուղղակի՝ քարոզչական իրենց աղբը փաթեթավորելով ինտելեկտուալ շղարշով ու «պետության մասին մտահոգություններով»։
Այս իրականությունը կոտրելու ճանապարհը հաճախ փակուղի է դառնում այն պատճառով, որ քաղաքականությամբ զբաղվողների մեծ մասը մտածում է՝ պետք է իշխանությունը փոխել՝ նոր էլիտա ձևավորելու, ավելի որակյալ ընտրախավ գոյացնելու համար։
Հակառակը՝ նոր էլիտայի, արդեն իսկ անհատական մակարդակում գործող ամենատարբեր ընտրախավերի ներկայացուցիչների իրական համախմբման միջոցով իշխանափոխության հասնելու տարբերակը գրեթե չի էլ քննարկվում, որովհետև պահանջում է անհամեմատ մեծ ջանքեր ու ժամանակ։
Բայց դա է մնացել Հայաստանը ներկայիս քաղաքական, քաղաքակրթական ու արժեքային անդունդից դուրս բերելու միակ գործնական հնարավորությունը, որն իրենց գոյությամբ ամեն օր ավելի են փոքրացնում առաջին հերթին «ուսյալ», «չեզոք» մտավորականները՝ գործող իշխանությանը ոչ այնքան էժան գներով վաճառելով իրենց սոցիալական դիրքն ու կոչումները։
Հարություն Ավետիսյան

