Բաժիններ՝

Թեման ցրելու նուրբ արվեստը. Արարատ-Արմենիայից պատասխանել են Մելիքյանի խոսքերին

Երեկ՝ նոյեմբերի 12-ին՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրում՝ Կիպրոսի դեմ կայացած հանդիպումից հետո, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղյա ասուլիսի ժամանակ հայտարարություն էր արել՝ հորդորելով «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչին «քիթը չմտցնել իր գործերի մեջ»։

Այս խոսքերին ի պատասխան՝ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«ԹԵՄԱՆ ՑՐԵԼՈՒ» ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ

«Եղիշե Մելիքյանը հավաքականի հերթական խաղից հետո հետխաղյա ասուլիսում որոշեց անդրադառնալ նախորդ ամսվա իրադարձություններին։

«Քիթ խոթել» համարելով Արարատ-Արմենիայի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի՝ սեփական ֆուտբոլիստին պաշտպանելու փորձը՝ նա հավանաբար մոռացավ, որ հենց իր քայլերի հետևանքով է Ժիրայր Շաղոյանը ավելի շուտ լքել հավաքականի բազան և վերադարձել Արարատ-Արմենիայի հետ մարզումներին։

Նշենք, որ հենց Մելիքյանի «ոչ կառուցողական բնույթի» որոշումների հետևանքներն են, որոնք Արարատ-Արմենիայի մարզչական շտաբին հաջողվել է հաղթահարել Ժիրայրի հետ համատեղ ջանքերի շնորհիվ կարճ ժամանակահատվածում։ Դա թույլ է տվել ֆուտբոլիստին կրկին վերգտնել իր լավագույն մարզավիճակն ու վերջին խաղերում ցուցադրել իր լավագույն որակները՝ լինի դա Արարատ-Արմենիայի, թե ազգային հավաքականի կազմում։

Եղիշե Մելիքյանին մենք ենք հորդորում հետայսու Արարատ-Արմենիայի համեստությունը չշփոթել թուլության հետ և հրամայական տոնով չխոսել այն ակումբների հետ, որոնցից հատկապես Արարատ-Արմենիան վերջին տարիներին եղել է հավաքականի ֆուտբոլիստներ մատակարարող հիմնական ակումբներից մեկը։

Եվ վերջապես, արդյո՞ք Մանուել Տուլիպայի խոսքը, որը պարզապես բարի հորդոր էր՝ փորձելու զսպել էմոցիաներն ու հարգանքով մոտենալ ֆուտբոլիստներին, հավաքականի վերջին ելույթների ֆոնին իսկապե՞ս արժանի էր ասուլիսում հիշատակման։

Ստացվում է, սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի այս խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականն իր վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին։ Մեր ընտրանին կհյուրընկալվի Լատվիայի հավաքականին, իսկ հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30