Ղրղզստանի նախագահական ընտրություններում առաջադրվել է 11 թեկնածու
Ղրղզստանում 2027 թվականի հունվարի 27-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում առաջադրվել է 11 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Սադիր Ժապարովը:
Առաջադրումների ժամկետը լրացել է: Այժմ հավակնորդներին հարկ կլինի հավաքել ընտրողների առնվազն 30 հազար ստորագրություն: Այդ փուլը կշարունակվի մինչև դեկտեմբերի 8-ը: Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվելու են մինչև դեկտեմբերի 13-ը, գրանցումն իրականացվելու է մինչև դեկտեմբերի 23-ը:
Ժապարովն արդեն իսկ հավաքել է 50 հազար 177 ստորագրություն: Նա Ղրղզստանի նախագահ է ընտրվել 2021 թվականին՝ ստանալով ընտրողների 79.2 տոկոսի քվեները: Այդ ժամանակ Սահմանադրությունում ամրագրված էր, որ նախագահը կարող է պաշտոնավարել վեցամյա և միայն մեկ ժամկետով: Ժապարովի ընտրվելուց երեք ամիս անց փոփոխություն է կատարվել, և այժմ նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է, բայց միևնույն անձը կարող է ընտրվել երկու անգամ:

