Բաժիններ՝

Ինչու է արժեզրկվում դոլարը

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում անցած շաբաթ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը նվազել է 0.63%-ով՝ կազմելով 409.53 դրամ: Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալները կազմել են 8.84 մլն դոլար, ինչը 2.27 անգամ ավելի է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0.44%-ով և կիրակի, հուլիսի 14-ին, կազմել է 411.51 դրամ: FOREX Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը 168.am-ի հետ զրույցում ԱՄՆ արժույթի փոխարժեքի նվազումը պայմանավորեց բիզնեսի և բնակչության կողմից դրա պահանջարկի անկմամբ: Բացի դա՝ դոլարի նման վարքագիծը, հավանաբար, պայմանավորված է ՀՀ Կենտրոնական բանկի միջամտությամբ, որը շարունակում է աջակցել ազգային արժույթին: Դրա մասին է վկայում ոսկու և արտարժույթի պահուստների նվազումը: Այսպես՝ նախնական տվյալներով, պահուստները  հունիսին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել են 3.83%-ով՝ դառնալով 1605.7 մլն դոլար: Հայկական դրամի գրավչության ավելացմանը նպաստում է նաև FOREX միջազգային արժութային շուկայում ԱՄՆ դոլարի ոչ կայուն դիրքը:

Այս շաբաթ ԱՄՆ դոլարի փոխարժեքը, ամենայն հավանականությամբ, կկոնսոլիդացվի, կամ մի փոքր կբարձրանա՝ շուկայի մասնակիցների վարքի և միջազգային շուկայում դոլարի դիրքերի ամրապնդման արդյուքնում: Միաժամանակ, դեռ ցածր է մնում բիզնեսի և բնակչության կողմից դոլարի հանդեպ պահանջարկը: ԿԲ տվյալներով՝ ներբանկային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի վաճառքի ծավալներն անցած շաբաթ կազմել են 4.414 մլն դոլար, ինչը 64.16%-ով քիչ է, քան նախորդ շաբաթ:

«Մեր գնահատականներով՝ Հայաստանում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այս շաբաթ կգտնվի 409.0-414.0 դրամի սահմաններում»,- ասաց Մ.Վերդյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս