Հայ-վրացական համագործակցության ամրապնդում մաքսային ոլորտում
ՀՀ նախագահի կողմից հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման խնդիրը դեռևս մի քանի տարի առաջ է դրվել պատասխանատու կառույցների առջև: Այդ ուղղությամբ ՄԱԿ-ի կողմից իրականացվող «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցումային կետերի արդիականացում» ծրագրի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Ծրագրի խորհրդի` օրերս կայացած հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նշել է, որ անցումային կետերի արդիականացման ծրագիրը մտել է վճռորոշ փուլ. հստակեցվել են շինարարական աշխատանքների մեկնարկի և ընթացքի հետ կապված հարցերը, ծրագրի բոլոր բաղադրիչների ուղղությամբ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` առանց ժամկետային լուրջ շեղումների: Հայ-վրացական սահմանի մաքսային սպասարկման որակը բարձրացնելու նպատակով հուլիսի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի պետ Վլադիմիր Խունդաձեի գլխավորած պատվիրակությունը: ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են մաքսային ոլորտում փորձի փոխանակմանն ու համագործակցությանը, ինչպես նաև «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» սահմանային անցակետերի բարեփոխման ծրագրին առնչվող հարցեր: ՊԵԿ նախագահն առաջարկել է համատեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով մաքսային հայտարարագրերը փոխանակել էլեկտրոնային եղանակով, իսկ մաքսանենգության դեմ պայքարը հայ-վրացական սահմանին արդյունավետ դարձնելու նպատակով երկու գերատեսչությունների միջև ակտիվացնել հարցումների փոխանակումը: Առաջարկներն իրականացնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր և սահմանել միջոցառումների հստակ ժամանակացույց: Վրաստանի եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Խունդաձեն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել համագործակցությունը. «Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային անցակետերի համատեղ կառավարման մասին» անցած տարեվերջին կնքված միջկառավարական համաձայնագրով ինքնին նախատեսվում է, որ սահմանը հատելիս կրկնակի ստուգման փոխարեն` մեկ անգամ կիրականացվի ստուգում: Դա առաջին հերթին թույլ կտա կրճատել ընթացակարգերը, ժամանակ խնայել, նվազեցնել ծախսերը, և, իհարկե, հարմարավետություն ապահովել: Այն, ինչ նախկինում տասը րոպեում էր կատարվում, կիրականացվի արդեն ընդամենը հինգ րոպեում: Իսկ երկու երկրների մաքսային ծառայությունների միջև ամբողջ տեղեկատվությունը կփոխանակվի առցանց ռեժիմով: Հայաստանի և Վրաստանի միջև երկու հիմնական՝ Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա անցակետերում արդեն իսկ բավականին աշխատանք է իրականացվել: Առաջին անցակետում աշխատանքներն ավարտել ենք, իսկ երկրորդը պատրաստ կլինի արդեն 2014-ի առաջին եռամսյակում»: Երկօրյա այցի ընթացքում հյուրերը եղել են նաև տեխնիկապես վերազինված մաքսային ուսումնական կենտրոնում, ծանոթացել հայ մաքսավորների վերապատրաստման ժամանակակից մեթոդներին:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին