Սիրիայի և Իսրայելի միջև պատերազմն անխուսափելի է

Մինչ համաշխարհային ԶԼՄ-ները քննարկում են Իրանի հետ դիմակայության և պատերազմի վերսկսման սպառնալիքը, Սիրիայի հարավում՝ Դամասկոսից 20 կմ հեռավորության վրա, հանգիստ ու մեթոդաբար տեղի է ունենում այն, ինչը կարող է դառնալ casus belli։

Իսրայելական» բուլդոզերներն ու էքսկավատորները կրկին դուրս են եկել Կունեյտրա նահանգի բաժանարար գիծ։ Նախագիծը, որն իսրայելական շտաբային փաստաթղթերում նշվում է որպես «Sufa 53», իսկ սիրիական ամփոփագրերում՝ «Մեծ փոթորիկ», դադարել է «ժամանակավոր պաշտպանական միջոց» լինելուց։ Այն վերածվում է մշտական տեղակայման լիարժեք ռազմական ենթակառուցվածքի։

Ի՞նչ է կառուցում «Իսրայելը»

Սիրիական «Ալ Իխբարիա» պետական հեռուստաալիքի տվյալների և իսրայելական աղբյուրների հավաստումների համաձայն՝ աշխատանքները վերսկսվել են Կունեյտրա նահանգի հարավային մասում գտնվող Աշա գյուղից արևմուտք։ Խոսքը կետային աշխատանքների մասին չէ։ «Սահմանային պատի» նախագիծը, որը սկսվել է դեռևս 2022 թվականի կեսերին Կունեյտրայի հյուսիսում գտնվող Հադերա շրջանում, ներկայումս ձգվում է Ջուբաթա էլ Խաշաբի, Ալ Համիդիայի, Քահթանիայի, Բիր Աջամի և Բարիկայի միջով՝ տարածվելով դեպի հարավ՝ Աշա գյուղ, այնուհետև՝ սիրիական, հորդանանյան և իսրայելական սահմանների միացման կետ։

Կարդացեք նաև

Ի՞նչ է ներառում նախագիծը

Մոտ 8 մետր լայնությամբ ռազմական ճանապարհ, որը նախատեսված է զրահատեխնիկայի և ծանր ռազմական բեռնատարների երթևեկության համար։

Մինչև 5 մետր բարձրությամբ հողային լիսեռներ, որոնք կատարում են պաշտպանիչ պատնեշների և միաժամանակ նոր «դե ֆակտո» գծի տեսողական նշիչի գործառույթ։

Խորը խրամատներ, որոնք փոխում են անձրևաջրերի բնական հոսքը։

Դիտակետեր և ամրացված ռազմական դիրքեր մայրուղու ողջ երկայնքով:

Սիրիական աղբյուրների տվյալներով՝ սիոնիստները հրադադարի գծից տարբեր վայրերում 300-1000 մետր առաջ են շարժվել դեպի սիրիական տարածքի խորքը։

Սա այլևս «բուֆերային գոտի» չէ 1974 թվականի իմաստով․ դա իրականացման փուլում գտնվող անեքսիա է, որը քողարկված է որպես ինժեներական անվտանգություն։

Սա «ինժեներական գործողություն» է, որն ընդլայնում է Գոլանի օկուպացիան դեպի հարավ, փաստացի բուֆերային գոտին տեղափոխում է իսրայելական վերահսկողության տակ և երկարաժամկետ հիմք է ստեղծում անեքսիայի համար՝ ԱՄՆ-ի փաստացի աջակցությամբ։

Մարդասիրական գինը՝ 12 հազար դունամ և ավերված ճակատագրեր

Ռազմական ենթակառուցվածքների չոր թվերի հետևում կանգնած է մարդկային ողբերգություն, որի մասին նախընտրում են չխոսել արևմտյան մայրաքաղաքներում։

Կունեյտրայի տեղական իշխանությունները գնահատում են, որ նահանգի հյուսիսային և կենտրոնական մասերում շուրջ 12,000 դունամ (1200 հա) գյուղատնտեսական հողեր արդեն առգրավվել կամ ոչնչացվել են։ Միայն Ջուբաթա էլ Խաշաբում կորել է մոտ 7000 դունամ, ևս 6000 դունամ՝ Ալ Համիդիայում և Ալ Հուրիայում։ Ջուբաթա էլ Խաշաբի մուխթար Մուհամմադ Մազեն Մարյուդը նկարագրում է հետևանքները․ խրամատները փոխել են անձրևաջրերի հոսքի ուղիները, ինչը հանգեցրել է հողի էրոզիայի։ Ֆերմեր Աբու Սադամ Հասան Ահմեդը կորցրել է 10 դունամ պտղատու այգի, ինչը նրա ընտանիքի եկամտի միակ աղբյուրն էր։ Նրա որդուն առևանգել են սիոնիստները և պահում են անհայտ վայրում։ Բնակիչները հայտնում են խրամատների մոտ գտնվող գյուղատնտեսական մշակաբույսերի վրա անհայտ քիմիական նյութերի ցողման մասին, ինչը հանգեցնում է ծառերի չորացման և հողի դեգրադացիայի։

Նպատակն ակնհայտ է՝ ստեղծել բուսականությունից և բնակչությունից զերծ գոտի՝ ռազմական հսկողությունն ու վերահսկողությունը հեշտացնելու համար։

Դամասկոսի լեթարգիական արձագանքը և համաշխարհային հանրության լռությունը

Սիրիայի նոր իշխանություններն Իսրայելի հանցավոր գործողություններին արձագանքում են հայտարարություններով, բողոքներով և դիմումներով։ Խաղաղ բնակչության պաշտպանության ուղղությամբ Դամասկոսը ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկում, ինչը միայն ուժեղացնում է սիոնիստների ախորժակը։

Սիրիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հերթապահ հայտարարությամբ՝ «Sufa 53»-ի ուղղությամբ աշխատանքների շարունակությունն անվանելով 1974 թվականի ուժերի անջատման մասին համաձայնագրի «աղաղակող խախտում» և կոչ անելով միջազգային հանրությանը «զսպող միջոցներ» ձեռնարկել։ Դամասկոսը շարունակում է կրկնել նույն ձևակերպումը՝ «հաստատելով հավատարմությունը 1974 թվականի համաձայնագրին» և պահանջելով իսրայելական զորքերի դուրսբերումը գրավյալ տարածքներից։

Սակայն հռետորական դատապարտումներից այն կողմ լռություն է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել բուֆերային գոտում սիոնիստական ռազմական կազմավորումների առկայության կապակցությամբ, սակայն Անվտանգության խորհուրդը չի ընդունել ոչ մի բաձաձև, որը Իսրայելին կպարտավորեցներ դադարեցնել աշխատանքները և ազատագրել գրավյալ տարածքները։

ՄԱԿ-ի՝ ուժերի անջատման վերահսկման դիտորդական առաքելությունը (UNDOF) արձանագրում է խախտումները, բայց ոչ ավելին՝ իր անգործությունը բացատրելով այն պատճառաբանությամբ, որ չունի հարկադրանքի մանդատ։

Թուրքական հայացք. ի՞նչ է կանգնած Անկարայի լռության հետևում

Թուրքիայի համար այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի հարավում, վերացական աշխարհաքաղաքական սյուժե չէ։ Դա ուղղակի սպառնալիք է հետասադական Սիրիայում Անկարայի ռազմավարական շահերի համար։ Էրդողանը բազմիցս իսրայելական ագրեսիան անվանել է «Սիրիայի կայունության գլխավոր սպառնալիք» և կայուն կարգավորման ճանապարհին՝ «գլխավոր խոչընդոտ»։ Այդուհանդերձ, Թուրքիան իր գործողությունները սահմանափակում է դիվանագիտական ակտիվությամբ։

Միևնույն ժամանակ, 2025 թվականի օգոստոսին Անկարան և Սիրիայի անցումային կառավարությունը ռազմական համագործակցության հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է սիրիական զինված ուժերի պատրաստում և համակարգում անվտանգության ոլորտում։

Թուրքիան Դամասկոսին անվտանգության մասին նոր համաձայնագիր է առաջարկել, որը ներառում է Սիրիայի տարածքում իսրայելական ավիահարվածներին հակազդելու մեխանիզմներ։

Իսկ ինչո՞ւ Անկարան չի անցնում ավելի կոշտ գործողությունների։ Պատճառները մի քանիսն են.

Նախ՝ տնտեսական առաջնահերթությունները։ Թուրքիան վերականգնման բարդ շրջան է ապրում 2023 թվականի ավերիչ երկրաշարժերից հետո և շահագրգռված չէ Իսրայելի հետ ուղղակի ռազմական առճակատման մեջ։

Երկրորդ՝ ուժերի հավասարակշռությունը Սիրիայում։ Թուրքիան արդեն զգալի տարածքներ է վերահսկում Սիրիայի հյուսիսում և չի ցանկանում երկրորդ ճակատ բացել հարավում։ Իսրայելական օկուպացիայի ընդլայնումը Կունեյտրայում անուղղակիորեն թուլացնում է Իրանի դիրքերը տարածաշրջանում, ինչը թուրք ստրատեգների տեսանկյունից ունի նաև դրական կողմեր:

Երրորդ՝ ռուսական գործոնը։ Մոսկվան, որը պահպանում է ռազմական ներկայությունը Սիրիայում, ակտիվորեն առաջ է մղում իր պարեկներին անջատման գոտի վերադարձնելու գաղափարը՝ որպես բուֆերային ուժ։ Ըստ մի շարք աղբյուրների՝ Ռուսաստանը գործում է ԱՄՆ-ի հավանությամբ, ինչը բարդ բազմակողմ կոնֆիգուրացիա է ստեղծում, որում Թուրքիան նախընտրում է միայնակ չգործել:

Չորրորդ՝ Ահմադ Շարաան, որն ամրապնդվել է Դամասկոսում և հենվում է թուրքական օգնության վրա, ամեն կերպ փորձում է նվազեցնել թուրքական միանձնյա ազդեցությունը՝ Սիրիա ներգրավելով բոլոր նրանց, ում հնարավոր է՝ Ռուսաստանից և Ֆրանսիայից՝ մինչև ԱՄԷ ու Սաուդյան Արաբիա։ Ընդ որում, որպես Թուրքիայի գլխավոր հակակշիռ՝ Ահմադ Շարաան դիտարկում է ԱՄՆ-ին։

Եվ Անկարայում դա շատ լավ տեսնում և հասկանում են։

Աշխարհաքաղաքական ենթատեքստ. «Մեծ փոթորիկը»՝ որպես մեծ խաղի մաս

«Sufa 53» նախագիծը չի կարելի դիտարկել մեկուսացված։ Սա ավելի լայն իսրայելական ռազմավարության տարր է, որը 2024 թվականի դեկտեմբերին Ասադի վարչակարգի անկումից հետո «ժամանակավոր արձագանքից» վերածվեց Սիրիայի ողջ հարավային պարագծի համակարգային վերաձևավորման։

Ասադի անկումից հետո Իսրայելը Սիրիայի հարավ-արևմուտքում ստեղծել է ինը ռազմաբազա և հենակետ՝ Հերմոն լեռից մինչև Դարաայի և Կունեյտրայի նահանգներ, որոնցից չորսը գտնվում են բուֆերային գոտուց դուրս։ Միայն 2026 թվականի մայիսին սիոնիստական զինված ստորաբաժանումները 84 ցամաքային արշավանք են իրականացրել Սիրիայի հարավում՝ կատարելով առևանգումներ և սպանություններ։

Իր հերթին՝ Նեթանյահուն բացահայտ հայտարարել է «բուֆերային գոտու» օկուպացիան պահպանելու մտադրության մասին և պահանջել է «ապառազմականացված գոտի» ստեղծել Դամասկոսից մինչև Գոլանի բարձունքներ։ Իսկ դա մարտավարություն չէ, դա դոկտրին է։

Բախումն անխուսափելի է։

Դատելով իրադարձությունների դինամիկայից և սիոնիստների հայտարարած ծրագրերից՝ ամեն ինչ տանում է Սիրիայի և Իսրայելի միջև ռազմական բախման՝ չնայած սիոնիստական ագրեսիային հակահարված տալու՝ Դամասկոսի անզորությանը։

 Իսրայելն ավարտում է ենթակառուցվածքների շինարարությունը, ստեղծում է անդառնալի «փաստեր գետնի վրա», այնուհետև Դամասկոսին առաջարկում է բանակցություններ վարել իր պայմաններով՝ պահպանելով օկուպացիոն վերահսկողությունը ռազմավարական բարձունքների և ռազմական ճանապարհի նկատմամբ։

Թուրքիան, Իրանը և Ռուսաստանն օգտագործում են սիրիական հովանավորյալ ուժերը Թել Ավիվի վրա ճնշում գործադրելու համար՝ խուսափելով ուղղակի առճակատումից, բայց մշտական սպառնալիք ստեղծելով իսրայելական հաղորդակցության ուղիների համար։

Կողմնակի սցենար, երբ անջատման գծում տեղի ունեցած միջադեպը, օրինակ՝ իսրայելական պարեկային խմբերի գնդակոծումը կամ սիրիական գյուղի վրա չափազանց արյունալի հարձակումը, վերաճում է լայնամասշտաբ ռազմական հակամարտության՝ Թուրքիայի, Իրանի և, հնարավոր է, Ռուսաստանի մասնակցությամբ։

Ներկայիս իրավիճակն ուղղակիորեն փորձարկում է Սիրիայի նոր ղեկավարության ինքնիշխանությունը։ Իսրայելի կողմից խրամատների, լիսեռների և ճանապարհների օգնությամբ ստեղծված միջանցքը մեծացնում է ռազմական շարժունակությունը և միաժամանակ ուժեղացնում ճնշումը քաղաքացիական բնակչության վրա։ Տեղական դիմադրության ներուժը կարող է աճել գյուղատնտեսական հողերի առգրավման պատճառով։

Թուրքական դիվանագիտությունն այսօր աշխատում է երրորդ սցենարը թույլ չտալու ուղղությամբ։ Սակայն Անկարան ավելի ու ավելի քիչ ազդեցության լծակներ ունի։

Մինչ Էրդողանը ելույթ է ունենում «գլխավոր սպառնալիքի» մասին, իսկ Ահմադ Շարաան բողոքում է ՄԱԿ-ին և վկայակոչում միջազգային հանրությանը, իսրայելական բուլդոզերները մեթոդաբար շարունակում են իրենց աշխատանքը։ Եվ ռազմական ճանապարհի յուրաքանչյուր նոր կիլոմետրի հետ դիվանագիտական մանևրի տարածքը նեղանում է։

«Sufa 53»-ը պարզապես շինարարական նախագիծ չէ։ Սա ռազմաճակատի նոր գիծ է, որն անցնում է ոչ միայն սիրիական հողով, այլև Մերձավոր Արևելքում Թուրքիայի ռազմավարական շահերով։

Եվ եթե Անկարան չգտնի այդ գործընթացը կանգնեցնելու կամ գոնե այն իր վերահսկողության տակ դնելու ձևը, իսկ Դամասկոսը գործնական քայլեր չձեռնարկի անվերջ ու անիմաստ բողոքների փոխարեն, կարճ ժամանակ անց թուրք զինվորականները ստիպված կլինեն գործ ունենալ գրեթե իրենց հարավային սահմանների մոտ ամրացված սիոնիստական միջնաբերդի հետ, իսկ սիրիացիները կմնան հեշտ թիրախ իսրայելական հրետանու անմիջական հարվածների տակ։

«Կովկաս Կենտրոն»

kavkazcenter.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031