Բաժիններ՝

Երբ հասարակությունը մարդուն դարձնում է գիշատիչ (տեսանյութ)

Ինչ-որ առումով ավանդույթ է դարձել այն հանգամանքը, որ եթե որևէ միջազգային կինոփառատոնում ներկայացված է իրանական ֆիլմ, ապա այն համարվում է փառատոնի ֆավորիտներից մեկը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն էլ բացառություն չէ: Տարբեր տարիներին Երևանում ներկայացված իրանական ժապավեններն արժանացել են տարբեր մրցանակների: Մասնավորապես, 2011-ին Ասգար Ֆարհադիի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» արժանացավ փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե ծիրանին»:

Այս տարի միջազգային խաղարկային մրցույթում պայքարում է մեկ իրանական ժապավեն՝ երիտասարդ ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Փարվիզը»: Այն բավական ջերմ ընդունելության արժանացավ հայ հանդիսատեսի կողմից և կարող է համարվել  կինոփառատոնի գլխավոր մրցանակի հիմնական հավակնորդներից մեկը:

Փարվիզը 50-ամյա իրանցի է, ով ապրում է սովորական կյանքով: Նա լուռ է ու բարի, գումար է վաստակում տարաբնույթ աշխատանքներով, օգնում է բոլորին: Նրան սիրում են իր թաղամասում, թեև բոլորն էլ միակարծիք են, որ Փարվիզն անհաջողակ է կյանքում: Նա ապրում է իր անբարեհամբույր հոր հետ, ով մի օր հանկարծակի հայտարարում է, որ պատրաստվում է ամուսնանալ: Մի քանի օր անց հայրը բնակարան է վարձում Փարվիզի համար և նրան վռնդում է տանից: Սեփական հոր նման արարքն օրինակ է ծառայում շրջապատի մյուս անդամների համար, և հասարակությունը հետզհետե մեկուսացնում է Փարվիզին: Հասարակության անտարբերությունն ու մերժողական վերաբերմունքն այնքան են խորանում, որ մարդուն վերածում են իրական գիշատիչի: Ռեժիսորին հաջողվել է վարպետորեն և սյուժետային հարթ զարգացման միջոցով արտահայտել համամարդկային արդիական այս հիմնախնդիրը: Դրան մեծապես օգնել է հայկական ծագում ունեցող Լևոն Հաֆթվանը, ով մարմնավորել է Փարվիզին:

Ի դեպ, ֆիլմի լավ ընդունելությանը նպաստեց նաև այն, որ Մաջիդ Բարզեգարն իր ֆիլմը նվիրել է իրանական կինոյի «նոր ալիքի» ամենահայտնի գործիչներից մեկին՝ Ջաֆար Փանահիին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս