Երբ Արցախի շրջափակման օրերին երեխաների ձեռքերն էլ էին սառչում, ի՞նչ էիք անում դուք․ Այժմ ձեր ձեռքերը տաք են, իսկ փորները՝ կուշտ, բայց Արցախն այլևս չկա․ Յաղջյան
Համաճարակաբան, դոկտոր, պրոֆեսոր, ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի դասախոս Լուսինե Յաղջյանը գրել է․
«Ուղերձ խորհրդարանական 64 տխմարներին:
Այսօր ոմն Արաքսյա Վարդանյանը, դպրոցների որակի մասին խոսելիս ճղճղան ձայնով հիշեց, թե 90-ական տարիներին ինչպես էին դպրոցում սառչում իր փոքրիկ ձեռքերը ։ Ակնհայտ է, որ այդ տարիներին իրենց մոտ սառչեցին ոչ միայն մատները, այլ և ուղեղները. ակնկալել, որ նրանք ի վիճակի կլինեն որևէ իրական մտքի, անիմաստ է։
Ձեր փոքրիկ ձեռքերը սառչում էին հենց այն թշնամի երկրի պատճառով, որի ներկայացուցիչների հետ այսօր ձեռք եք սեղմում և նույն սեղանի շուրջ նստում։ Դա որևէ կապ չուներ դպրոցների «որակի» հետ։
Մինչ ձեր փոքրիկ ձեռքերը սառչում էին, մենք տեսնում էինք, թե ինչպես ամեն օր թաղում էին ռազմաճակատում զոհված
մեր հերոսներին, ականատես էինք լինում հիվանդանոցներում ինսուլինի պակասից (ինչը շրջափակման հետևանք էր) մահացող պացիենտների, սառած ձեռքերով սեղմում էինք անզգայացման սարքի ռետինե տանձիկը՝ յոթ ժամ շարունակ օգնելով պացիենտին շնչել՝ մինչ նա դանդաղ մահանում էր վիրահատական սեղանին, քանի որ հարազատները վառելիքի պակասի պատճառով չէին կարողացել նրան ժամանակին հասցնել հիվանդանոց, տեսնում էինք թե ինչպես էին փոքր վիրահատություններն անցկացվում առանց անզգայացման, քանի որ այդ պաշարները պահվում էին ավելի ծանր դեպքերի համար, թե ինչպես էին երիտասարդ տղաներ հաշմանդամ դառնում՝ պաշտպանելով իրենց հայրենիքն ու ձեզ նման մարդկանց։
Մենք հետևում էինք, թե ինչպես էին մեր տատիկ-պապիկների սերնդի ներկայացուցիչները կաղնու պտուղներից ըմպելիքներ պատրաստում, որպեսզի իրենց երեխաները՝ մեր ծնողները, իրենց վատ չզգային սննդի պակասի պատճառով, և ինչպես վառարանների մեջ նետում էին ամեն ինչ, ինչ կարող էր այրվել…
Եվ այնուամենայնիվ, մենք չէինք դժգոհում, քանի որ մարդիկ միավորված էին մեկ գաղափարի շուրջ՝ Հայաստանի ինքնության ու Արցախի ազատագրման։ Եվ որքան էլ դժվար լինեին այդ տարիները, մենք դրանց հետ ենք նայում ամենաջերմ զգացումներով։
Եվ երբ Արցախի շրջափակման օրերին երեխաների ձեռքերն էլ էին սառչում, ի՞նչ էիք անում դուք։ Շարունակում էիք ձեր անհոգ կյանքը Երևանում։ Մինչդեռ այդ երեխաները չէին բողոքում, ինչպես դուք եք անում. նրանք գիտեին, թե ինչի համար են դիմանում այդ ամենին։
Այժմ ձեր ձեռքերը տաք են, իսկ փորները՝ կուշտ, բայց Արցախն այլևս չկա, , չկան այն լուսավոր 5 հազարից ավելի երիտասարդները, ովքեր կյանք կտային իրենց նման պայծառ մեկ ուրիշ սերնդի Հայաստանի գոյատևման համար՝ փոխանցելով այն հերոսական գեները, որոնց շնորհիվ Հայ ազգը գոյատևել է տասնյակ դարեր։
Ձեր խմբի անդամներն այնքան մտավոր առումով թերզարգացած են, որ նույնիսկ չեն գիտակցում, թե երբ են ձեր իսկ հայտարարությունները փաստացի դառնում սեփական ձախողումների խոստովանություն։ Երբ Բաբկեն Թունյանը հպարտորեն պնդում է, որ Հայաստանի կրթական ցուցանիշները դեռևս 2018 թվականին էին վատ վիճակում, նա չի գիտակցում, որ դա փաստացի խոստովանություն է այն մասին, որ իրենց իշխանության գալուց ի վեր անցած ութ տարիների ընթացքում կրթության ոչ մի բարելավում տեղի չի ունեցել։
Ո՞րոնք են ձեր ձեռքբերումները։ Այն, որ ասֆալտապատ ճանապարհները հասձնե՞ցիք թշնամուն։ Այն, որ Արցախում հարյուրավոր հանձնված դպրոցների դիմաց մի բուռ նոր դպրոց եք կառուցում։ Այն, որ Արցախում այլևս չեն հնչում եկեղեցիների զանգերի ձայները՞։ Թե՞ մի գուցե գերազանց ն եք համարում, որ էլակ եք կերակրել այն զինվորներին, որոնց հետո մահի եք ուղարկել։
Կուշտ փորներն ու ձեր սեփական լցված գրպանները ձեր միակ ձեռքբերումն են։
Իսկ գիտե՞ք, թե ինչ են անում կենդանիներին սպանդանոց տանելուց առաջ։ Լավ կերակրում։ Իսկ ինչ են անում մահապատժից առաջ։ Տալիս են հնարավորություն՝ ընտրելու, թե ինչ ուտել։
Սիրելի՛ ժողովուրդ, մտածե՛ք, թե որտեղ են ձեզ տանում այս հանցագործները»։

