Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը
Արցախ Միությունը կտրականապես դատապարտում է սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված շոու-այցը դեպի բռնազավթված Արցախ (Լեռնային Ղարաբաղ)։
Միության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Սա ալիևյան ցեղասպանական ռեժիմի կողմից տարիներով շարունակվող համակարգված արշավի հերթական դրվագն է, որի նպատակն է միջազգային հանրության աչքին օրինականացնել Արցախի բռնազավթումն ու էթնիկ զտումը՝ դրանք ներկայացնելով որպես «վերածնունդ» և «զարգացում»։
Դիվանագետներին Ստեփանակերտում ներկայացված զբոսայգին կառուցվել է հայերի քանդված տների և հուշարձանների տեղում, որը ցեղասպանական և օկուպացիոն քաղաքականության շարունակականության հստակ ապացույց է:
Ադրբեջանի ցեղասպան բռնապետի օգնական Հիքմեթ Հաջիևը դիվանագետներին Գանձասարի և Դադիվանքի հայկական վանական համալիրները ներկայացրել է որպես «հին կովկասյան աղվանական» ժառանգություն՝ դրանք կապելով իբր «աղվանական իշխան Հասան Ջալալի» անվան հետ, մինչդեռ Հասան-Ջալալյանների տոհմը եղել է հայ իշխանական տոհմ, իսկ երկու վանքերն էլ դարեր շարունակ եղել են Հայ Առաքելական Եկեղեցու գործող կենտրոններ՝ իրենց հայերեն արձանագրություններով և շարունակական հայկական ծիսակարգով։
Սա «աղվանացման» քաղաքականության հստակ դրսևորում է, որի իրական նպատակն է Արցախի քրիստոնեական ժառանգությունից պատմականորեն զրկել հայ ժողովրդին։ Նույն այցի ընթացքում Հ. Հաջիևը հերթական կեղծ պնդումն է արել, թե իբր Գանձասարում ցուցադրված հայկական հնագույն ձեռագրերը (փաստացի՝ դրանց պատճենները) «կեղծ» են, և թե՛ իբր Գանձասարը, թե՛ Դադիվանքը «օկուպացիայի տարիներին» «վերականգնման քողի տակ» կրել են աղավաղումներ։
Նման մեղադրանքները հնչում են այն կողմից, որը, ըստ բազմաթիվ անկախ ապացույցների, փաստացի պատասխանատու է Արցախի հայկական եկեղեցիների, խաչքարերի, տապանաքարերի և այլ հուշարձանների ոչնչացման կամ աղավաղման համար։
Այս համատեքստում Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը հայտարարել է. «Ադրբեջանը շարունակում է դիվանագիտական պատվիրակությունների այցերն օգտագործել իբրև մեխանիզմ՝ իր իսկ կողմից Արցախում իրականացված ցեղասպանական ոչնչացումն ու ինքնության բռնի ջնջումը «վերականգնման» քողի տակ ներկայացնելու համար։
Մենք պահանջում ենք միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցիչներից չդառնալ հանցագործությունների լեգիտիմացման ու պատմության կեղծման գործիք, այլ պահանջել անկախ ու թափանցիկ հետաքննություն և հրապարակայնորեն արտահայտվել Արցախի ժողովրդի բռնի տեղահանման, նրա ժառանգության ոչնչացման և բազմաթիվ իրավունքների խախտման դեմ»։
Հիշեցնում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանը, որն ուժի մեջ է և պարտադիր է կատարման համար, Ադրբեջանից պահանջում է ապահովել 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո տեղահանված անձանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը, կանխել նրանց հետագա բռնի տեղահանումը, պաշտպանել ու պահպանել նրանց ինքնության և սեփականության փաստաթղթերն ու գրանցումները, ինչպես նաև վերահաստատում է Դատարանի նախորդ՝ 2021 և 2023 թթ. հրամանները։
Միաժամանակ հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի 40 երկրների 2023 թ. հոկտեմբերի 11-ի համատեղ հայտարարությունը հստակորեն պահանջել է Ադրբեջանից երաշխավորել բնիկ բնակչության անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը, պաշտպանել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը և ապահովել Արցախ անկախ միջազգային մուտքն ու մոնիտորինգը։
Այս այցին մասնակցող դիվանագիտական կորպուսի մեջ ընդգրկված են հենց այդ հայտարարության տակ ստորագրած բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ, ինչը նրանց մասնակցությունը Ադրբեջանի կողմից միակողմանիորեն կազմակերպված այս տուրին դարձնում է ուղղակի հակասություն իրենց իսկ պաշտոնապես ստանձնած պարտավորությունների հետ։
Ելնելով վերոգրյալից՝ մենք պահանջում ենք.
1. Անհապաղ ապահովել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ անկախ միջազգային մասնագիտական առաքելությունների անարգել և շարունակական մուտք Արցախի բոլոր հայկական պատմամշակութային ու կրոնական հուշարձաններ՝ դրանց ներկա վիճակի անկախ փաստագրման նպատակով, համաձայն ԱՄԴ 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40 երկրների 2023 թ. հոկտեմբերի 11-ի հայտարարության և Եվրոպական խորհրդարանի վերաբերելի բանաձևերի։
2. Դիվանագիտական կորպուսի անդամ պետություններից և միջազգային կազմակերպություններից՝ հրաժարվել մասնակցելուց Ադրբեջանի պետության կողմից կազմակերպված և ուղեկցվող շրջայցերից՝ քանի դեռ ապահովված չեն անկախ ստուգման, թափանցիկության և հայկական կողմի մասնակցության պատշաճ երաշխիքները։
3. Արդեն մասնակցած և ապագայում մասնակցելիք դիվանագետներից ու այլ գործիչներից՝ հրապարակային և հստակ գնահատականներ տալ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման և նրա մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման դեպքերին՝ չդառնալով Ադրբեջանի քարոզչության և միջազգային լեգիտիմացման գործիք։
4. Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ որպես հայ ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության երաշխավոր և Արցախից բռնի տեղահանված բնակչության հյուրընկալ պետություն, պաշտոնապես և հրապարակայնորեն արձագանքել այս այցին ու հայ ժողովրդի պատմության կեղծման քաղաքականությանը և միջազգային բոլոր հարթակներում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները։
5. Կրկին հիշեցնում ենք միջազգային հանրության ներկայացուցիչներին Արցախի բռնի տեղահանված շուրջ 150,000 բնակիչների անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի, ինչպես նաև Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին, որոնք նվազագույն նախապայմաններ են տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության ապահովման համար։
Արցախի հարցը կարող է փակվել միայն այն ժամանակ, երբ մեր հավաքական ու անհատական իրավունքները վերականգնվեն ամբողջապես և ամուր ու կայուն կերպով երաշխավորված լինեն միջազգային հանրության կողմից։

