Օղակը սեղմվում է, գրպան են ման գալիս՝ գցեն. իդիոտիզմով կերակրում են ժողովրդին. Նաիրա Զոհրաբյան

ՔՊ-ական Արմեն Գրիգորյանը 7 տարում արդեն երկու անգամ, հետաքրքիր զուգադիպությամբ՝ երկու անգամ էլ նույն լրագրողի հետ հարցազրույցում, փորձում է 2020 թվականի պատերազմի պատճառների համար մեղադրել նախկին իշխանությանը՝ պատերազմի «նախերգանքը» համարելով 2016 թվականի Ապրիլյան քառօրյան։

Նա, որպես ասվածի հավաստում, նշում է, թե Սերժ Սարգսյանի՝ Ադրբեջանին ու Ռուսաստանին տված խոստումների դիմաց է կանգնել պատերազմը։

Արմեն Գրիգորյանը, սակայն, այդպես էլ չխոսեց այն մասին, որ եթե ՔՊ-ում այդ համոզումն էր, ինչո՞ւ 2018 թվականին ամեն գնով վերցրին «նախկինների բեռը», ինչպես նաև չանդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են կատարվածում շարունակում մեղավոր փնտրել անցյալում, եթե Փաշինյանը խոսում էր սեփական՝ «զրոյական կետի» մասին։

«Ես ոչ մի բանի վրա այլևս չեմ զարմանում, որովհետև քանի դեռ մենք ունենք հասարակության մի սեգմենտ, որ ցանկացած ցնդաբանության, ցանկացած մտքի արտաթորանքի կարող է հավատալ, ոչ միայն հավատալ, այլև դա վերարտադրել, արտաբերել, այս կարգի հայտարարությունները լինելու են,- ԱԽՔ արդեն նախկին քարտուղարի հայտարարություններին անդրադառնալով՝ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և հավելեց,- Պարզ է մի բան` էս իշխանության շուրջ աշխարհաքաղաքական օղակը սեղմվում է, Ռուսաստանի հետ չի հաջողվում հարաբերություններ կարգավորել՝ ավելի ճիշտ, չի հաջողվում շարունակել ֆռացնել։ Եվրոպական միությունը շատ ուշադիր հետևում է, և վիզաների ազատականացման պրոցեսը, որը կարծես թե որոշակի պայմանավորվածություններով պիտի մինչև 29-ն ավարտվեր, տեսանք, որ Եվրահանձնաժողովի խոսնակը, ըստ էության, ասաց, որ նույնիսկ վաղ է դրա մասին ընդհանրապես խոսելը, և, բնականաբար, ի՞նչ է պետք․ պետք է հաց և տեսարաններ»։

Կարդացեք նաև

Քաղաքական գործիչը այս և այլ հայտարարությունները, մեղավորների փնտրտուքը, գործակալների որսը պայմանավորում է բացառապես առկա քաղաքական իրավիճակով։

«Լուծումը, որն առաջարկում է ՔՊ-ականը, որ եթե Ռուսաստանը գազը թանկացնի, մենք աթարից գազ կստանանք․․․ չեմ կարծում՝ հնարավոր է այդ իդոտիզմով հասարակություն կերակրել․ մնում է տեսարաններ հատվածը՝ գտնել մեղավորներ։ Ու այն, ինչ ասվում է, այդ թվում՝ պատերազմի պարտությունը տարբեր գրպաններ գցելը, էս սերիայի մեջ է։

Ինչքան սոցիալական վիճակը վատանա (իսկ ես չեմ բացառում անգամ, որ Նիկոլի մոսկովյան այցը չկայանա այլևս այն ֆոնին, երբ սպառնում են ռուսական ռազմաբազայի համար գումար գանձել և այլն), ինչքան այս ընդդիմությունը շարունակի վերաձևակերպումները, որ՝ մի օր Նիկոլը հեռանալու է, այնքան նման տեսարանները լինելու են»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ այս տիրությում պետք է դիտարկել նաև շարունակվող կալանավորումների դրվագները։

Դիտարկմանը, թե եթե Արմեն Գրիգորյանը պնդում է, որ 2016թ․ եղել է 2020թ․ պատերազմի նախերգանքը, հետևաբար՝ իրենք հասկանալո՞վ են այդ բեռի տակ մտել և չե՞ն հավատացել զրոյական կետից սկսելու իրենց խոստմանը, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց․

«Պետք չէ այդ հայտարարություններին լուրջ վերաբերվել, որովհետև վաղն իրենք կարող են ասել՝ Քենեդու սպանությունն էլ, ասենք, կապված էր Գագիկ Խաչատրյանի ունեցած հսկայական կարողության հետ։ Իրենք հիմա գրպան են փնտրում, որ գցեն․ Արմեն Գրիգորյանն այս կարգի հայտարարություններով նորից փորձում է դառնալ պահանջարկված իր քաղաքական թիմի համար և ոչ թե ընդամենը մեկը, որին առանց տեղեկացնելու հանեցին գործից՝ Ալեն Սիմոնյանին տեղավորելու համար։ Բայց այս հայտարարությունները, կրկնում եմ, քանի դեռ ունեն սպառող, էս կարգի տեսարանները շարունակվելու են»։

«Առաջիկա ամիսները շատ լուրջ են լինելու հայ-ռուսական հարաբերություններում, և Ռուսաստանն այս անգամ կարծես չի կատակում, երբ խոսում է լրջագույն սանկցիաների մասին, ուստի ես չգիտեմ՝ աթարից գազ ստանալու համար նոր գործարա՞ն են հիմնելու, թե՞ ինչ են անելու, բայց որ դրան զուգահեռ իրենք շարունակելու են այս կարգի հայտարարությունները, դա շատ կանխատեսելի էր և զարմանալ պետք չէր»,- ամփոփեց քաղաքական գործիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930