Վիլեն Գաբրիելյանը կաշխատի՞ Անդրանիկ Քոչարյանի փորձագետների հետ, թե՞… փորձագետների նրա ընտրությունը որքանո՞վ կլինի ոչ խոցելի
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց, որ ներկա է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանը, որը, ըստ նրա, շատ բան ունի պատմելու, բայց կոնկրետ ինչ՝ բաց նիստին չի կարող մանրամասնել:
«Բայց գործընկերներին կոչ կանեմ առաջիկայում գաղտնիության թույլտվությունը ստանալուց հետո այդպես էլ «կյանք չստացած» 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթանան: Բավականին հետաքրքիր շերտեր կան այնտեղ, աղմկահարույց մատնանշումներ, քանի որ գաղտնի է, ես իրավունք չունեմ հրապարակելու, հակառակ դեպքում՝ մեր հասարակության աչքերը շատ ավելի լայն կբացվեին, այդ թվում՝ 42 միլիոնի մետաղի ջարդոնի մասին, որ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, և հազար տեսակ այլ հարցերի: Անպայման ծանոթացեք զեկույցին, տարողունակ զեկույց է, և շատ փաստեր այնտեղ կան»,- շարունակեց Գեղամ Մանուկյանը:
2025 թվականի սեպտեմբերի 17-ին՝ «Քննիչ հանձնաժողովի զեկույցի սուբյեկտիվ կողմը. Փաստերի հետքերով» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ ուշագրավ փաստ ենք համարել այն, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ընդգրկված են եղել փորձագետներ, որոնք, ըստ էության, շահագրգիռ կողմ են հանդիսանում՝ 44-օրյայի ժամանակ Նիկոլ Փաշինյանի «դաբրոյով» ՀՀ ՊՆ ներկայացուցիչ ընտրված Արծրուն Հովհաննիսյանը, Ապրիլյանի քննիչ հանձնաժողովում աշխատելու փորձ ունեցող ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանը, որն անցել է 42 միլիոնի զենքի հայտնի գործով՝ «մետաղաջարդոնների», և ավելի ուշ արդարացվել է:
Անդրանիկ Քոչարյանի փորձագետներից է եղել նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը, որը Վահան Ավետիսյանի հետ միասին ներկա էր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին:
Ինչո՞ւ է հատկապես ուշագրավ Վահան Ավետիսյանի ներկայությունն արդեն Վիլեն Գաբրիելյանի ղեկավարած ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին. նա ոչ միայն եղել է Անդրանիկ Քոչարյանի մտերիմներից, այլև՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի օրոք Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերմանը խիստ դեմ արտահայտվողներից մեկը:
Մասնավորապես, մի առիթով հայտնել ենք, որ 2020թ. ապրիլին այդ ժամանակ դեռ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող գնդապետ Վահան Ավետիսյանը բաց նամակ էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ «ԳՇ պետ Արտակ Դավթյանի և նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում»՝ մասնավորապես, նշելով. «2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո համարձակություն եմ ունեցել մասնագիտական հիմնավորված կարծիք հայտնելու և կասկածի տակ դնելու Սու-30 ինքնաթիռների ձեռքբերման նպատակահարմարությունը ՀՀ ԶՈւ-ի համար»:
Մենք գրել ենք, որ Անդրանիկ Քոչարյանը, ով ևս դեմ է եղել Սու-30-ների ձեռքբերմանը, ուշացումով 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցին կցել է դրանց հետ կապված մի քանի էջանոց իր նամակ-վերլուծությունը, որը նա ներկայացրել էր Փաշինյանին, և ինչի մասին հիշատակվել էր նաև քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հարցաքննության ժամանակ:
Արդյոք Վիլեն Գաբրիելյանը գնդապետ Վահան Ավետիսյանին պահելո՞ւ է իր ղեկավարած հանձնաժողովում, կարծում ենք՝ ոչ, եթե անգամ չի ծանոթացել 44-օրյայի զեկույցին և դրանում Վահան Ավետիսյանի «արձանագրումներին», որոնք, Գեղամ Մանուկյանի ակնարկից կարելի է ենթադրել, որ բավականին հետաքրքիր են:
Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Գեղամ Մանուկյանը, առանց փակագծեր բացելու, ասել էր, որ 44-օրյա պատերազմի զեկույցում անդրադարձ կա սպառազինությանը՝ և՛ ձեռքբերմանը, և՛ ձեռքբերման պլանների փոփոխությանը, որին հաջորդում է հետևանքների գնահատումը:
Ավելին, մի առիթով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մասնավորապես, նշել էր, որ սպառազինության ձեռքբերումը շատ վիճահարույց է եղել տարիներ շարունակ։
«Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) հայտնի է, բոլորս էլ լսել ենք, հետևում ենք, ուսումնասիրում ենք։ Եվ կարծում եմ, որ մեր անվտանգային համակարգին ով տվել է վնաս, պետք է օր առաջ պատժվի»,- հավելել էր նա։
Գաղտնիք չէ, որ Քոչարյանը տարբեր ժամանակներում բարձրացրել է և՛ «Օսա-ԱԿ»-ների հարցը, և անգամ նյութեր են ուղարկել Գլխավոր դատախազություն, քանի որ «տեսել է լուրջ կոռուպցիոն սխեմաներ», և՛ անպիտան հրթիռների խնդիրը, որի վերաբերյալ քրեական գործ կա, որով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և այլք:
44-օրյայի զեկույցի և սպառազինության գնումների թեմային դեռ անդրադառնալու առիթներ լինելու են: Անցնենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոր ընտրված նախագահ Վիլեն Գաբրիելյանի՝ փորձագետներ ընտրելու հարցին:
Երբ դեռ նոր էր ընտրվել այս պաշտոնում, նա հայտարարություն էր տարածել,որտեղ դիմել էր ՀՀ-ում և Սփյուռքում անվտանգային ոլորտի մասնագետներին, փորձագետներին, հետազոտողներին և համապատասխան մասնագիտական կառույցների ներկայացուցիչներին և նշել, որ իր առաջնահերթ նպատակն է՝ ստեղծել մասնագիտական միջավայր, որտեղ գերակայում են մասնագիտական գիտելիքը, փորձը, փաստարկված մոտեցումը և Հայաստանի Հանրապետության անվտանգային շահը։ Թե որքան մասնագետ է արձագանքել այս առաջարկին կամ կոչին, կամ՝ արդյո՞ք արդեն կան ընտրվածներ, չենք կարող ասել:
Բայց, ամեն դեպքում, մի հարցադրում ենք ցանկանում անել՝ հնարավո՞ր է՝ Վիլեն Գաբրիելյանն այս հանձնաժողովում փորձագետի աշխատանք առաջարկի, տարբեր տեղեկություններով, իր երբեմնի օգնականին՝ Միքայել Միքայելյանին, որն ընդգրկվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում, սակայն դրա հաստատման առաջին փուլի քվեարկության ժամանակ ստացել էր ընդամենը 58 ձայն (212-րդ տեղ), և ոչինչ, որ կամավորագրվել էր 44-օրյա պատերազմին և դրա ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանին պաշտպանությունը չէր մոռանում:
Եվ ամբողջ խնդիրն էլ հենց սա է, որ պատերազմի ընթացքում նա բավականին ակտիվ է եղել Ֆեյսբուքում և մարտական գործողությունների թեժ պահերին գրառումներ անելու ժամանակ է գտել, այդ թվում՝ քաղաքական ենթատեքստերով, թե ստում են նրանք, ովքեր ասում են, թե Նիկոլ Փաշինյանը հողերը ծախել է:
Իհարկե, նաև չէր մոռանում գովաբանել այդ ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կառավարման ունակությունները (թեև ռազմական դրության ժամանակ Նիկոլ Փաշինյանը որոշել էր դառնալ գերագույն հրամանատար, և ԳՇ պետը նրան է ուղիղ ենթարկվել), և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի սխրանքները: Բայց արդյո՞ք, երբ նրանց թիրախավորել էր իշխանությունը, 44-օրյա պատերազմի ժամանակ անգամ բրիֆինգի հրավիրված Միքայել Միքայելյանը հիշել է նրանց մասին իր գրառումները:
Մի ուշագրավ դրվագի էլ անդրադառնանք:
Տարիներ առաջ Միքայել Միքայելյանը նման գրառում էր արել.
«Կյանքումս չեմ մոռանա, երբ հոկտեմբերի 1-ին Ջաբրայիլում գոռում էի, աղաչում էի, որ մի փախեք, մեզ մենակ մի թողեք, երբ որ Կուբաթլույում Փաշինյան Աշոտը իմ աչքի առաջ լացելով աղաչում էր, որ խրամատը մի թողեք փախեք։ Կյանքում չեմ մոռանա ոչ մի դասալիքի»:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր.
«Աշոտ Փաշինյանը կամավոր ներկայացել է ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) 2020 թվականի հոկտեմբերի 7-ին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ զորակոչվել զորահավաքային զինվորական ծառայության՝ նշանակվելով ռազմական դրության ժամանակ ձևավորված N զորամասի (հրամանատար՝ գնդապետ Ա. Սմբատյան) 1-ին հգմ-ի 1-ին վաշտի 1-ին դասակում՝ ջոկի հրամանատարի պաշտոնում: Ծառայության ընթացքում Աշոտ Փաշինյանը սահմանված կարգով կատարել է վերադաս հրամանատարության կողմից իր առջև դրված մարտական խնդիրները»:
Դրանից առաջ պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ Աշոտ Փաշինյանը պատերազմի ժամանակ եղել է Ջրականի և Կուբաթլուի ուղղություններում, իսկ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընդգրկված է եղել մարտական հերթապահության Ներքին Խնձորեսկի տարածքում: Բայց թե՝ ե՞րբ է կոնկրետ եղել Ջրականի և Կուբաթլուի ուղղություններում, որքա՞ն ժամանակով և ե՞րբ է այդ վայրերից դուրս եկել, ՊՆ-ն չէր գաղտնազերծել:
Արդյո՞ք վերը նշվածից հետո կարիք կա որոշ ճշգրտումներ փորձել անել նաև Միքայել Միքայելյանի հետ կապված, կարծում ենք՝ այո: Մենք որևէ մեկի կատարածը չենք նսեմացնում, ընդամենը համադրում ենք փաստերը և փորձում ենք որոշ մանրամասներ պարզել, քանի որ խոսքը պատերազմի մասին է, ինչպես նաև՝ բանակի և անվտանգության:
Պաշտպանության նախարարությանը վերահսկելու լիազորություն ունեցող խորհրդարանական հանձնաժողովի նախագահն ինքը պետք է նման հարցերին լուրջ մոտենա:

