ՔՊ ցուցակով պատգամավոր դառնալ պատրաստվող 44-օրյա պատերազմի մասնակցի խաղաղության տեսլականի ռևոլյուցիան. Ինչու 44-օրյան չավարտվեց Գանձակի պայմանագրով

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չներկայացվեց լիագումար նիստում, բնականաբար, թույլատրելի հատվածներն էլ՝ հանրությանը, ինչը չէր բացառվել: Բնականաբար, առանցքային շատ դեմքերի հանձնաժողովում այդպես էլ չլսեցին՝ պատերազմի ժամանակ պաշտոնավարած ՊԲ նախկին երկու հրամանատարներին, Հայաստանի և Արցախի ԱԱԾ տնօրեններին և այլն, որի դեպքում զեկույցի բովանդակությունը կարող էր այլ լինել ինչ-որ առումով:

Վստահ ենք, որ շատ «մանր» դրվագներ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովի աշխատանքների շրջանակում ևս անտեսվել են, թեպետ հատկապես պատերազմական գործողություններում մանրուքներ չկան, և հետո՝ սատանան հենց մանրուքների մեջ է, ի վերջո: Հենց այս պարզ ճշմարտությունը հաշվի առնելով՝ մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել պատերազմական, ռազմական մեծ ու փոքր դրվագները: Ո՞րն է 44-օրյա պատերազմին առնչվող մեր հերթական անդրադարձի առիթը:

2025 թվականի տարեվերջին 44-օրյա պատերազմին մասնակցած ՀՀ քաղաքացի Միքայել Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ հաստատվել է իմ թեկնածությունը՝ ընդգրկվելու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում»:

Կարդացեք նաև

Պատերազմի օրերին նա ժամանակ առ ժամանակ ակտիվություն էր դրսևորում նաև Ֆեյսբուքում և տարաբնույթ գրառումներ կատարում (այդ թվում՝ իշխանամետ, իշխանապաշտպան), Միքայել Միքայելյանին 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի էր հրավիրել։ 

Նույն օրը՝ հոկտեմբերի 29-ին, կամավորականը գրառում էր արել, որտեղ պնդում էր՝ ստում են նրանք, ովքեր ասում են, թե Նիկոլ Փաշինյանը հողերը ծախել է:

Այս գրառումից առաջ Միքայել Միքայելյանը ևս մի քանի գրառում էր արել: Օրինակ, 2020 թվականի հոկտեմբերի 14-ին նա գրել էր. «Ամբողջ մոլորակում խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ երկրի վրա այլևս ոչ ոք թուրքերեն չխոսի»:

2020 թվականի հոկտեմբերի 19-ին էլ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր տարածել՝ կից գրելով՝ «Մայր եկեղեցին մեր կողքին՝ առաջնագծում»:

Իսկ Մայր Աթոռը 44-օրյա պատերազմի ժամանակ բառի բուն իմաստով եղել է զինվորի կողքին, ունեցել ենք զոհված, վիրավորված հոգևորականներ, մինչև հիմա անհայտ կորած է համարվում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի զինվորյալ միաբան Հոգշ․ Տ․ Մկրտիչ աբղ․ Կարապետյանը:

Բայց արի ու տես, որ ժամանակին ԱԺ-ում աշխատած, այսօր ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում աշխատող Միքայել Միքայելյանը հիմա պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի՝ բարենորոգման անվան տակ Հայ Առաքելական Եկեղեցին թուլացնող քաղաքական պլանն ու գործողությունները, այլև, ըստ էության, մեր տարածաշրջանում և Հայաստանում խաղաղության հաստատման իր պատերազմի օրերի տեսլականն է փոխել՝ «խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ երկրի վրա այլևս ոչ ոք թուրքերեն չխոսի», ավելին՝ որդեգրել է դրան հակասող Փաշինյանի խաղաղության օրակարգը, որի լիակատար իրագործման դեպքում հենց Հայաստանում թուրքերեն և ադրբեջաներեն խոսողների հոսք է լինելու: Բնավ, դեմ չենք խաղաղությանը, ոչ էլ պատերազմ ենք տենչում, բայց խաղաղությունը պետք է լինի պատվաբեր, իսկ տվյալ դեպքում ընդամենը փաստեր ենք արձանագրում:

Ի դեպ, պատերազմի օրերին կամավորականը նույնիսկ վստահեցնում էր՝ «այս պատերազմն ավարտվելու է Գանձակի պայմանագրով», բայց ավարտվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով թեև պահպանվեց Արցախը, բայց այնտեղ «ականներ» կային, իսկ եղած համեմատական հայանպաստ կետերի իրագործմանն էլ իշխանությունները չհասան:

Շարունակելով Միքայելյանի պատերազմական գրառումների թեման, հավելենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին էլ նա հետևյալ գրառումն էր արել, որտեղ, մասնավորապես, նշել էր.

«Ուսուցիչները պատմելու են Արցախ աշխարհի ղեկավար Արայիկ Հարությունյանի մասին, ասելու են, թե ինչ ուժ էր տալիս նա իր ժողովրդին: Մի ժպիտով ոնց էր ժպիտ տալիս ամբողջ մի ազգի:

Դավիթ Տոնոյանի մասին պատմելու են, թե ոնց էր ղեկավարում մեր բանակի աշխատանքներն ու համակարգում միջազգային համագործակցությունը:

Պատմելու են Օնիկ Գասպարյանի մասին: Ասելու են համեստ էր, ազնիվ էր ու արդար: Գասպարյանի սխրանքները դեռ այդքան էլ չեն երևում, որովհետև հիմա մենք ոչինչ պետք է չիմանանք: Գաղտնիք է»:

Իսկ վերջում խոսելու են նաև երիտասարդ զորահրամանատար, հայ ազգի փառապանծ զավակ, Բադարա գյուղից սերված Ջալալ Անատոլիի Հարությունյանի մասին»:

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում է, քանի՞ անգամ է նա գրել այս մասին, նեղսրտել, որ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության վերադարձի մասին խաղաղության օրակարգում չկա:

Արդյո՞ք արդարացի է համարել «հրթիռների գործով» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քաղաքական հետապնդումը, որի պատճառով մոտ 3 տարի անազատության մեջ է եղել:

Արդյո՞ք համաձայն է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դատարանում պիտի պատասխան տա Շուշիի կորստի համար, որովհետև «Շուշիի օգնության հասնող խումբը 2 օր ուշացումով է տեղ հասել»:

Կամ՝ ի՞նչ է կարծում՝ Ջալալ Հարությունյա՞նը, թե՞ Օնիկ Գասպարյանը պիտի պատասխան տան հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման համար, որը հաստատել է Նիկոլ Փաշինյանը, իսկ «Ցորի գործով» Ջալալ Հարությունյանը պե՞տք է ազատազրկման դատապարտվեր, ինչո՞ւ է նրա որոշումը հանգեցրել զինվորների նահատակման:

Այս հարցերի շուրջ պատգամավոր դառնալու մտադրություն ունեցող 44-օրյայի մասնակիցն ունի՞ կարծիք, պաշտպանե՞լ է այս մարդկանց՝ դեմ գնալով Փաշինյանին, թե՞ թույլատրելի է միայն այս օրերին Փաշինյանի ուխտերթին մասնակցած գեներալ Կարեն Շաքարյանին պաշտպանելը:

Ինչպես նկատեցիք, 44-օրյա պատերազմին Միքայել Միքայելյանի արածին կամ չարածին չենք անդրադառնում, այլ խոսում ենք միայն նրա մասին, ինչը կարող ենք հաստատել փաստերով:

Ու հենց այս տրամաբանության մեջ մի ուշագրավ դրվագի էլ անդրադառնանք:

Տարիներ առաջ Միքայել Միքայելյանը նման գրառում էր արել.

«Կյանքումս չեմ մոռանա, երբ հոկտեմբերի մեկին Ջաբրայիլում գոռում էի, աղաչում էի, որ մի փախեք, մեզ մենակ մի թողեք, երբ որ Կուբաթլույում Փաշինյան Աշոտը իմ աչքի առաջ լացելով աղաչում էր, որ խրամատը մի թողեք փախեք։ Կյանքում չեմ մոռանա ոչ մի դասալիքի»:

Ի դեպ, 2020 հոկտեմբերի 12-ին, իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը գրառում էր կատարել, թե իբր կամավորական բժշկից նամակ է ստացել, որում նշվում էր.

«Ես հիմա Գորիսի հիվանդանոցում եմ, Ջաբրայիլից զինվոր են բերել ազդրի հրազենային կոտրվածքով: Ասի, հերոս ջան, ասեց՝ հերոսը Փաշինյանի տղեն ա, գրադը խփեց, սաղ փախան, մի քանի հոգի մնացին ու Աշոտը»:

Նույնատիպ տեքստով գրառումներ ֆեյսբուքյան իրենց էջերին անմիջապես տեղադրեցին նաև «իմքայլական» այլ պատգամավորներ, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը: Այլ հարց է, որ նախկին «իմքայլական» պատգամավորի գրառումից պարզ չէ՝ որտե՞ղ է գրադը խփել, որ Փաշինյանի տղան էլ չի փախել:

Իսկ 2021 թվականի մայիսի 3-ին ԱԺ-ում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ իր որդու եղած վայրում ամենաշատ զոհերն ենք տվել, թերևս, նկատի ունի Ջրականը և ոչ թե՝ Կուբաթլուն (Որոտան, Սանասար):

168.amհարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, օրինակ, ո՞ր հատվածներում կամ որտե՞ղ է նա մասնակցել մարտական գործողությունների, արդյո՞ք Ջրականում, ինչպես պատերազմի օրերին հայտարարել էին իշխանության ներկայացուցիչները, թե՞ նաև այլ տեղերում:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ռազմական դրության ժամանակ ձևավորված զորամասի կազմով «Աշոտ Փաշինյանը մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջրականի և Կուբաթլուի ուղղություններում, իսկ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընդգրկված է եղել մարտական հերթապահության Ներքին Խնձորեսկի տարածքում»:

Ավելի ուշ ևս մեկ հարցման միջոցով փորձել էինք ՀՀ պաշտպանության նախարարությունից պարզել, թե երբ և որքան ժամանակով է Փաշինյանի որդին եղել Ջաբրայիլում և Կուբաթլուում: Պաշտպանության նախարարությունը, սակայն, խուսափել էր այս հարցերին պատասխանել: Փոխարենը նշել էին, որ Աշոտ Փաշինյանը որպես կամավոր՝ զինկոմիսարիատ ներկայացել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին, մինչդեռ Փաշինյանի տղան իր կամավորագրման մասին հայտնել էր հոկտեմբերի 5-ին՝ հավաքակայանից ինչ-որ նկար կցելով:

Ավելին, հոկտեմբերի 7-ին Աննա Հակոբյանը «Երեք փխրուն աղջիկները» վերտառությամբ լուսանկար էր հրապարակել՝ թվագրված և նշված՝ 5.10.2020թ., Ստեփանակերտորտեղ երևում է նաև Աշոտ Փաշինյանը:

Այս թեմային մանրամասն անդրադարձել ենք, ուստի կսահմանափակվենք այսքանով: Ակնհայտ է, չէ՞, որ կան իրար հետ «չբռնող» և պարզաբանում պահանջող դրվագներ, այդ թվում՝ Աշոտ Փաշինյանի հերոսությունները Կուբաթլուում տեսած Միքայել Միքայելյանը երբ է կամավորագրվել, արդյո՞ք նույն զորամասի կազմում է եղել, թե՞…, և այսպես շարունակ:

Ի դեպ, Միքայել Միքայելյանը միակ նիկոլականը չէ, ում պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանը հրավիրել էր բրիֆինգի: Մի առիթով գրել ենք, որ Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ ներկայացուցիչ է կարգվել հենց Նիկոլ Փաշինյանի, նրա վերահսկողության տակ գործող ՊՈԱԿ-ի ընտրությամբ և որոշմամբ:

Տեսանյութեր

Լրահոս