44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանին պաշտպանող կամավորականն արժանացել է ընդամենը 58 ձայնի

Հունվարի 10-ին՝ «ՔՊ ցուցակով պատգամավոր դառնալ պատրաստվող 44-օրյա պատերազմի մասնակցի խաղաղության տեսլականի ռևոլյուցիան. Ինչու 44-օրյան չավարտվեց Գանձակի պայմանագրով» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էինք կամավորական Միքայել Միքայելյանին, ով պատերազմի օրերին ժամանակ առ ժամանակ ակտիվություն էր դրսևորում Ֆեյսբուքում և տարաբնույթ գրառումներ կատարում (այդ թվում՝ իշխանամետ, իշխանապաշտպան): Օրինակ, որ «ստում են նրանք, ովքեր ասում են, թե Նիկոլ Փաշինյանը հողերը ծախել է»:

Թե երբ էր նա հասցնում լինել պատերազմի թեժ հատվածում, կռվել և պարբերաբար Ֆեյսբուքում գրառումներ անել, կարելի է ենթադրել:

Բայց, ինչպես նշել ենք, դա չի խանգարել, որ Միքայելյանին 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի հրավիրեր։ 

Ինչևէ, պատերազմից հետո նա աշխատանքի է անցել ԱԺ-ում, այսօր ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակից է և ցանկանում է ՔՊ ցուցակով դառնալ պատգամավոր: Թե նրա թեկնածությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկելուն քանի՞ հոգի է կողմ եղել, քանի՞սն է ցանկացել դե յուրե կամ դե ֆակտո համոզվել 44-օրյա պատերազմում նրա կամավորական գործունեությանը, կամ՝ մարտական ուղուն, չենք կարող ասել, ինչպեսև՝ արդյո՞ք կա գրավոր որևէ արձանագրում:

Կարդացեք նաև

Բայց 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության արդյունքները բաց են և կարելի է ծանոթանալ դրանց:

Եվ ըստ դրա, 44-օրյա պատերազմին կամավորագրված և Նիկոլ Փաշինյանին պաշտպանող գրառումներ կատարած Միքայել Միքայելյանը ստացել է ընդամենը 58 ձայն (212-րդ տեղ): Արդյո՞ք սա արտահայտում է իշխող կուսակցության վերաբերմունքը պատերազմով անցածների նկատմամբ, թե՞ ՔՊ-ում հարցեր կամ վերապահումներ ունեն Ջրականում կամավորականի մարտական ուղու հետ կապված:

Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ՊՆ մտերիմ պաշտոնյան՝ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, ավելի շատ ձայն է ստացել՝ 79 (172-րդ տեղ): Իսկ Սուրեն Պապիկյանը ներքին քվեարկության առաջին փուլի արդյունքներով 780 ձայնով 2-րդ տեղում է՝ Փաշինյանից հետո։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել է 894 պատվիրակ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, 38 ՔՊ-ական նրա օգտին չի քվեարկել: Առջևում ներքին «ընտրությունների» երկրորդ փուլն է:

Տեսանյութեր

Լրահոս