Բաժիններ՝

Տրանսպորտի թանկացումը կգերազանցի գազի թանկացմանը. տրանսպորտային ընկերությունները թանկացման հայտ են ներկայացրել

Մայրաքաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնող 1 տասնյակից ավելի ընկերություններ դիմել են Երևանի քաղաքապետարան՝ ուղեվարձը թանկացնելու հարցով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նրա խոսքով՝ ընկերությունները տարբեր գնային առաջարկներ են ներկայացրել՝ բերելով տարբեր հիմնավորումներ, որոնք վարչությունը կքննի, ու կորոշվի 1 ուղևորի փոխադրման գին, որն ընդունելի կլինի թե´ ընկերությունների, և թե´ քաղաքացիների համար:

Հ. Նավասարդյանը նշեց, որ թեև գազը 20%-ով է թանկացել, սակայն ուղեվարձի համար նույն հարաբերակցությամբ չեն կարող հաշվարկել, քանի որ տարբեր ժամանակներում տարբեր խնդիրներ են եղել փոխադրողների համար, պահեստամասերն են թանկացել, կյանքն ընդհանուր առմամբ է թանկացել: Երևանը սպասարկում է 63 ընկերություն:

«Ամեն դեպքում՝ հասարակական տրանսպորտը կրկնակի չի կարող թանկանալ, պետք է հաշվարկել: Մենք գիտակցում ենք ժողովրդի սոցիալական վիճակը, և խելամիտ գին կլինի»,- ասաց Հ. Նավասարդյանը:

Նա տեղեկացրեց, որ որոշակի թանկացում կլինի նաև էլեկտրաէներգիայով աշխատող տրանսպորտի համար. «Տրոլեյբուսների պարկն անընդհատ բարձրացրել է այդ հարցը, կառավարությունից ստացվող որոշակի սուբսիդիայի շնորհիվ կարողանում էինք պահել գինը, բայց հիմա դա էլ է վերանայվելու»:

Մետրոյի կապակցությամբ վարչության պետը նշեց, որ այս դեպքում թանկացում չի լինի, քանի որ ընդամենը 1.5 տարի առաջ է մետրոյի ուղեվարձը բարձրացվել:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի վարչության պետ Դավիթ Մելքոնյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ միջմարզային և միջպետական երթուղիների սակագները վերանայելու հարցով առայսօր որևէ փոխադրող իրենց չի դիմել:

Չնայած դրան, ներկայում ՏԿՆ Տրանսպորտի վարչությունում նույնպես հաշվարկներ են իրականացվում՝ ուղեվորավարձի վրա գազի թանկացման ազդեցությունը ճշտելու համար: Ըստ Դ. Մելքոնյանի՝ քանի որ տրանսպորտային միջոցները տարբեր են, տարբեր վառելիքով են աշխատում՝ գազով կամ դիզվառելիքով, հաշվարկները պետք է կատարել ըստ չվացուցակի՝ քանի երթ է կատարում, քանի կիլոմետր է շահագործվում:

«Այս բոլորը հաշվարկելուց հետո պետք է բաժանել ուղևորահոսքի վրա ու նոր ասել, թե մեկ ուղևորի փոխադրավարձն ինչքան կկազմի: Մեզ մոտ երթուղային ցանցը բազմապիսի է, ունենք 200 դրամանոցից մինչև 5000 դրամ փոխադրավարձով շահագործվող երթուղիներ: Նախ՝ պետք է հասկանանք, թե որն ինչքան է թանկանում՝ ըստ մարզերի, որ փոխադրողի կողմից հայտ ներկայացվելու դեպքում պատրաստ լինենք և ճիշտ որոշում կայացնենք: Յուրաքանչյուր երթուղու համար առանձին մոտեցում է լինելու»,- ասաց Դ. Մելքոնյանը՝ հավելելով, որ որոշումը կընդունվի մինչև 1 ամսում:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից մինչև 10 հազար խմ սպառողների համար 1 խորանարդ մետր գազը թանկացել է 24 դրամով (132 դրամից դարձել է 156 դրամ), իսկ էլեկտրաէներգիան՝ 8 դրամով (38 դրամ՝ ցերեկվա, և 28 դրամ՝ գիշերվա համար՝ նախկին 30-ի և 20-ի փոխարեն)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս