Նոր բացահայտումներ. Ի՞նչ է թաքցնում Բջնիի ամրոցը. Աշոտ Երկաթի և Պահլավունիների հետքերով. Ավետիս Գրիգորյան

Նոր գաղտնուղի՝ Բջնիի ամրոցում, Բաղաբերդում՝ կավե կարաս՝ լի ցորենով, և նոր պարիսպ՝ Զվարթնոցի տաճարում։ Հնագետների կողմից կատարված պեղումների և դրանց արդյունքների մասին 168TV«Մարդիկ» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք հնագետ Ավետիս Գրիգորյանի հետ։

Վերջերս Բջնիի ամրոցում նոր գաղտնուղի է հայտնաբերվել, ի՞նչ է հայտնի։

– Տարվա սկզբին՝ գարնանային անձրևներից հետո, Բջնիի ամրոցի մեր աշխատակիցները տեղեկացրեցին, որ ամրոցի ստորին բերդի հատվածում հողի շերտի փլուզում է տեղի ունեցել։ Հուշարձանների պահպանության ծառայության մասնագետներով գնացինք տեսնելու, թե ի՞նչ փլվածք է, և ուսումնասիրելու ժամանակ ամրոցի պարսպի արտաքին հատվածում պատահականորեն հայտնաբերեցինք մի խորշ։ Մտնելով ներս՝ պարզեցինք, որ այդտեղ կա մի գաղտնուղի, որը, հավանաբար, ինչ-որ ժամանակ գյուղացիների կողմից բացվել է, սակայն մասնագետների աչքից հեռու է մնացել, որովհետև նախկինում գտնվում էր արգելոցի տարածքից դուրս։

Կարդացեք նաև

Այսինքն, սկզբում գյուղացիներն են հայտնաբերել։

– Այո, այդպես լինում է։ Այս անգամ՝ ևս, ու տեսանք, որ մի հետաքրքիր գաղտնուղի է։ Գիտենք, որ Բջնիի ամրոցում նորահայտ գաղտնուղուց քիչ հեռու կա մեկ այլ հայտնի, բավականին լավ կառուցված գաղտնուղի, որը ստորին բերդից ճանապարհը տանում է ամրոցից դուրս։ Այն 2000-ականներին ուսումնասիրվել է, որոշակի ամրակայման աշխատանքներ են կատարվել, ու հիմա զբոսաշրջիկները կարողանում են այն տեսնել։

Ասեմ, որ գաղտնուղիները միջնադարյան ամրոցներում, բերդերում շատ տարածված երևույթ էին։ Հավանաբար ամրոցների մեծ մասն ունեցել է այդպիսի գաղտնուղիներ։ Հայտնի են Լոռի բերդի, Ամբերդ ամրոցի գաղտնուղիները։ Դրանք կարևոր ճանապարհներ էին. թշնամիների պաշարման ժամանակ բերդում գտնվողները կարողանում էին տեղեկություններ տանել դուրս, ջրի կամ սննդի հարց լուծել։ Գաղտնուղին պաշտպանական համակարգի մի մասն էր հանդիսանում։ Սովորաբար լավ թաքնված տեղում էին գաղտնուղիները, մուտքի, ելքի հատվածները լավ պաշտպանված էին լինում։

Գյուղացիների շրջանում տարիներ շարունակ զրույցներ կային, որ Բջնիում ժամանակին էլի գաղտնուղիներ են եղել, ու այս տարի բացահայտվեց նոր գաղտնուղին, որի հնագիտական ուսումնասիրությունը կլինի առաջիկայում։

Գաղտնուղին ունի մոտ 20 մետր երկարություն։ Փլվածքն անմիջապես գաղտնուղու վերին հատվածում է գտնվում։ Հավանաբար հաջորդ տարի կպեղենք, կհասկանանք, թե որքանով են առնչվում իրար հետ, և գուցե գտնենք գաղտնուղու շարունակությունը, որն ինչ-որ մի տեղ պետք է տանի։ Սովորաբար գաղտնուղիներն ամրոցի ներսից կամ տանում էին դուրս, կամ ջրի որևէ աղբյուրի մոտ, որն էլի կենսական էր ամրոցի պաշտպանների համար։

Լեգենդ կա, որ գաղտնուղիներից մեկը տարել է դեպի Բջնիի Սբ․ Աստվածածին եկեղեցի, որը մոտավորապես 100 մետր հեռավորության վրա է։ Շատ մեծ է հավանականությունը, որ այդ գաղտնուղին ինչ-որ ձևով կհասնի այդտեղ։ Չի բացառվում, որ գաղտնուղու որոշ հատվածներ արդեն փլվել են, որոշ հատվածներ՝ ընդհանրապես վերացել, որովհետև ամրոցի և եկեղեցու միջնահատվածում հիմա խիտ բնակեցված թաղամաս է։ 19-20-րդ դարերում այնտեղ ճանապարհներ են գծել, տներ կառուցել։

Գաղտնուղին ե՞րբ են գտել գյուղացիները։

– Դատելով հետքերից՝ հավանաբար նախորդ տարի։ Վերջին տարիների փորվածք էր։ Նախկինում եղել է գաղտնուղի, որը հետագայում փլվել է, և գյուղացիները կամ գյուղացին փորձել են մաքրել այդ հատվածը՝ հավանաբար ինչ-որ թանկարժեք բան գտնելու հույսով։

Գանձագողերն ամենուր են ու հիմնականում դա գալիս է մարդկանց անտեղյակությունից։ Մտածում են՝ ցանկացած անհայտ վայրում գանձ կարող են գտնել, բայց նման բան հազվադեպ է պատահում։ Արդյունքում վնասում են պատմամշակութային արժեքներ։

Այս գաղտնուղին դուրս է գալիս ժայռերի արանքից, այսինքն՝ ելքը ժայռերի դիմացից է, իսկ մուտքը հավանաբար բերդի ներսից պետք է լինի։ Մուտքի հատվածը դեռ հայտնի չէ։ Պարզվել է միայն վերջնամասը, կամ գուցե այն շարունակվում և այլ գաղտնուղու է միանում։ Գաղտնուղիները կարող են երկու ելք ունենալ, բայց մեկ մուտք, և՝ հակառակը։

Ճի՞շտ եմ հասկանում, որ Բջնիի բերդում երկար ժամանակ պեղումեր չեն կատարվել։

– Այո, առաջին անգամ 1929թ. որոշակի հնագիտական աշխատանքներ են կատարվել գյուղի տարածքում, իսկ բուն ամրոցի տարածքում հիմնական պեղումները տեղի են ունեցել 1970-ական թթ. և 2000-ականների սկզբին։ 2007-2008թթ. որոշակի վերականգնման աշխատանքներ են կատարվել։

Ընդհանրապես խիտ կառուցված բերդ է, կան հուշարձաններ, մի մասը՝ պեղված, մի մասը՝ ոչ։ Հայտնի հուշարձաններից են վերին բերդի հատվածում Սուրբ խաչ եկեղեցին, Պահլավունիների պալատը, որի ավերակները լավ պահպանված են։ Կա ջրամբար, որը հետագայում, ենթադրվում է՝ վերածվել է հացահատիկի ամբարի։ Ստորին բերդի հատվածում ևս որոշակի կառույցներ են պեղվել։ Կան բազմաթիվ շինությունների հետքեր։ Մեծ հետազոտական աշխատանքի կարիք կա դեռ։

Ի՞նչ դեր է կատարել Բջնիի բերդը։

– Բջնին մեր միջնադարյան Հայաստանի ամենահայտնի և կարևոր բնակավայրերից մեկն է։ Բջնիի անունն առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու մոտ։ Հայտնի է, որ 9-րդ, 10-րդ դարերից պատկանել է Պահլավուներին, որոնք Բագրատուների թագավորության շրջանում առաջնային տեղ ունեին։ Երկրորդ կարևոր տոհմն էին այդ շրջանում։ Երկու կարևոր իշխանների անուններ են հիշատակվում, որոնց հետ կապվում է և՛ եկեղեցու կառուցումը, և՛ ամրոցի հիմնանորոգումը, վերակառուցումը։ Առաջինը Վասակ Պահլավունին էր՝ սպարապետ Վահրամ Պահլավունու եղբայրը, երկրորդը՝ նրա որդի Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, ով ոչ միայն հայտնի պետական գործիչ էր, այլև գիտնական։ Հիշատակվում է, որ Վասակ Պահլավունին հիմնանորոգում է բերդը՝ դարձնելով Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը։ Իսկ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1031թ. կառուցում է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այն ոչ միայն կարևոր կրոնական կենտրոն է դառնում, այլև գրչության։ Մինչև 15-րդ դարը բազմաթիվ ձեռագրեր են գրվել, ծաղկվել, նկարազարդվել ու պահվել։

Բջնիի տարածքը հավանաբար վաղուց է բնակեցված։ Հնագետները սկսած վաղ բրոնզե դարից՝ բնակության հետքեր են հայտնաբերել, դամբարաններ և այլն, բայց ծաղկման շրջանում։ Եթե մոտենանք Բջնիի անկման պատմությանը, առաջին մեծ անկումը 1072թ. է, երբ սելջուկ-թուրքերը մեծ դժվարությամբ գրավում են Բջնիի բերդը, դրանից հետո 1201թ. Զաքարյան եղբայրները կարողանում են ազատագրել ՀՀ տարածքը և Բջնին դառնում է Իվանե Զաքարյանի նստավայրը բավական երկար ժամանակ։ Հաջորդ կարևոր պատմական իրադարձությունը, որ տեղի է ունեցել Բջնիում, 1386-87թթ., է, երբ Լենկ Թեմուրի բանակները Հայաստանի տարածքը գրեթե ամբողջությամբ ավերում են, Բջնին ևս գրավվում է նրա բանակների կողմից։ Բայց Բջնին շարունակում էր մնալ կարևոր կենտրոն ընդհուպ մինչև 15-րդ դարը։ Վերջնական անկումը տեղի է ունենում 16-17-րդ դարում, երբ ամրոցն ավերվում է։

– Այդտեղ՝ Բջնիի բերդում, նաև ժամանակ է անցկացրել Աշոտ Երկաթը։

– Ընդհանրապես Աշոտ Երկաթի հետ կապված շատ լեգենդներ կան։ Նա ամենահզոր արքաներից էր, բազում հայտնի իրադարձություններ են կատարվում նրա հետ։ Կան տասնյակ ամրոցներ, որոնց ժողովուրդը տալիս է Աշոտ Երկաթ անունը՝ ասելով, որ կամ նա է կառուցել, կամ ինչ-որ մի պահի այդ բերդում պաշտպանվել է։ Չի բացառվում, որ այստեղ եղել է Աշոտ Երկաթը, որովհետև Բջնիի բերդը Հայաստանի կենտրոնական ամրոցներից էր։

– Իր դիրքով առանձանում է նաև Բաղաբերդը, որտեղ շուրջ երկու տարի է՝ պեղումներ եք կատարում։ Ի՞նչ արդյունքներ են գրանցվել։

– Միջնադարյան Սյունիքի պաշտպանության գլխավոր կենտրոնն էր և եղել է Կապանի կամ Սյունիքի թագավորության կենտրոնը։ Բաղաբերդում է ապրել, պաշտպանվել Հայաստանի Հանրապետության տարածքում թագ ունեցող վերջին թագավորը՝ Հասանը։ Բաղաբերդն ընկել է 1170թ.։

Պեղումներին զուգահեռ՝ վերականգնման նախագիծ է պատրաստվում, հավանաբար հաջորդ տարի կսկսվի, իսկ պեղումները շարունակվելու են։ Հիմնականում կավե առարկաներ ենք գտել, դանակներ, կարասներ, սափորներ։ Հետաքրքրականը հայտնաբերված կավե մի կարաս էր, որի մեջ հայտնաբերվեցին, իհարկե այրված վիճակում, բայց բավական լավ պահպանված ցորեն և, ընդհանրապես, մի քանի տեսակի հացահատիկի հազարավոր հատիկներ։ Սա տարածված երևույթ չէ, հազվադեպ է պատահում, որ այսքան լավ պահպանված ցորենի հազարավոր հատիկեր են դուրս գալիս։ Մոտավորապես 12-14-րդ դարերով թվագրվող միջավայր է։ Ցորենի հատիկները մեր հնաբուսաբանները հիմա ուսումնասիրում են։ Անալիզի կենթարկվեն՝ ավելի հստակ թվագրության համար։ Նախնական ենթադրությամբ՝ 800-600 տարեկան պետք է որ լինեն ցորենի հատիկները։

Հուսով ենք, կգտնենք նաև նետասլաքներ, հարձակվելու, պաշտպանվելու համար այլ զինատեսակներ։

Շուրջ 30 տարի անց պեղումներ եք կատարում նաև Զվարթնոցի տաճարում։

– Զվարթնոցը մեր ամենահայտնի հնավայրերից մեկն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է ներառված։ Առաջին պեղումները 19-րդ դարի վերջին են սկսել։ Առաջին պեղողները հոգևորականներ էին։ Հայտնի են հատկապես Խաչիկ վարդապետ Դադյանի պեղումները։ Որոշակի ընդմիջումներով մինչև 1989թ. պեղումներ են կատարել։

2025թ. համագործակցության հուշագիր կնքեցինք Վարշավայի համալսարանի միջերկրածովյան հնագիտության կենտրոնի հետ և իրենց մասնագետների հետ Զվարթնոցում նոր պեղումներ սկսեցինք։ Մոտ 4 հեկտար տարածք գեոֆիզիկական ուսումնասիրության ենթարկվեց։ Դա հողի ընդերքի սկանավորման աշխատանքն է։ Ուզում էինք հասկանալ՝ կա՞ն հուշարձաններ, որոնք վրիպել են հնագետների աչքից՝ 100 տարվա ինտենսիվ պեղումներ արդյունքում։

Հետաքրքիր հանգամանք բացահայտեցինք. պարզվեց, որ Զվարթնոցի տաճարի շուրջը պահանվել է հզոր պարսպի մի հատված, որը պարուրել է տաճարը։ Պեղումներ կատարեցինք հնձանի արևելյան մասում և բացվեց մի պարիսպ՝ 3,5 մետր հաստությամբ։ 1 մետրից ավելի պահպանված բարձրություն ուներ։ Եվ այստեղ կարող ենք հիշել պատմիչ Դրասխանակերտցու, Սեբեոսի, Կաղանկատվացու հիշատակությունները, որոնք նկարագրում են, որ Ներսես 3-րդ Տայեցի կաթողիկոսը, երբ կառուցում է տաճարը, կառուցում է նաև իր պալատը տաճարի կողքին՝ շրջապատելով հզոր պարիսպներով։

Փաստորեն հայտնաբերել ենք այդ պարսպի փոքր հատվածը։ Մեր պեղումները ցույց տվեցին, որ պարսպի մի հատվածը հնձանի պեղման ժամանակ հնագետները տեսել են, բայց քանի որ չեն ունեցել գեոֆիզիկական ուսումնասիրության արդյունք, գուցե չեն պատկերացրել, որ դա ավելի մեծ պարսպի մի հատվածն է։ Նոր տեխնոլոգիաները միայն մեզ օգնեցին հասկանալ բացված պատի իրական կոնտեքստը։ Այս տարի կատարեցինք նաև տաճարի 3D մոդելավորումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930