Ֆլորիան Էսկյուդիեի նշանակումը և Փարիզի անվտանգային օրակարգը Հայաստանում

Այսօր պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնում Օլիվիե Դըկոտինյիին փոխարինելու է Ֆլորիան Էսկյուդիեն:

Այս մասին 168.amգրել է դեռ հուլիսին՝ «Գերմանիան հետախուզական լուրջ բարեփոխման և Ֆրանսիայի հետ հետախուզական ինտեգրացիայի խորացման կարիք ունի. Ի՞նչ է Փարիզը պատրաստել Երևանի համար» վերտառությամբ հոդվածում և ուշագրավ համատեքստում:

Մենք նախ հիշեցրել ենք, որ Հայաստանին սպառազինության մատակարարման մտադրությանը զուգահեռ՝ 2023 թվականին Ֆրանսիան որոշեց, որ Հայաստանի հետ համագործակցությունն անվտանգության բնագավառում պիտի ամրապնդվի նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելության հիմնմամբ, իսկ հետո Հայաստանի և Ֆրանսիայի հետախուզությունների միջև փոխգործակցության մասին ավելի ուշ տեղեկություններ շրջանառվեցին ոչ տեղական մամուլում:

Արդեն 2025 թվականի սեպտեմբերին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել էր Արտաքին հետախուզության ղեկավար Նիկոլա Լեռների հետ:

Կարդացեք նաև

Ավելի ուշ Intelligence Online-ը գրեց, որ Ֆրանսիան ստանձնելու է Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայության կադրերի պատրաստումը։

Իսկ ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն մասնագիտացած է ռազմավարական հարցերի, անվտանգության և կիբերանվտանգության ոլորտներում, և տարբեր տեղեկություններով՝ բավականին լավ խորացած է հայկական «թղթածրարում»: Նա անգամ, ըստ ֆրանսիական աղբյուրների, ինչ-որ ժամանակ եղել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարի կաբինետի դիվանագիտական խորհրդական:

Այս ամենը հաշվի առնելով, Ֆլորիան Էսկյուդիեի նշանակումը դժվար է դիտարկել միայն որպես դիվանագիտական հերթական փոփոխություն։ Նրա մասնագիտական անցյալը՝ ռազմավարական հարցերի, անվտանգության և կիբերանվտանգության ոլորտներում ունեցած փորձը, ինչպես նաև Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության կաբինետում դիվանագիտական խորհրդականի պաշտոնը, առանձնահատուկ նշանակություն են ստանում այն ֆոնին, երբ Փարիզ-Երևան հարաբերություններում պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող ուղղությունները վերջին տարիներին դարձել են առանցքային։

Հատկապես ուշագրավ է, որ նոր դեսպանի՝ հայկական «թղթածրարին» ծանոթ լինելու մասին տեղեկությունները զուգադիպում են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հետախուզական ու անվտանգային համագործակցության խորացման վերաբերյալ հրապարակումներին: Այսինքն, Փարիզը Երևանում իր դիվանագիտական ներկայացուցչության համար ընտրել է ոչ միայն դասական դիվանագիտական փորձ ունեցող, այլև անվտանգային և ռազմավարական օրակարգին խորությամբ տիրապետող պաշտոնյայի։

Թե ինչպիսի նոր բովանդակություն կստանա այս ուղղությունը նրա պաշտոնավարման ընթացքում, ցույց կտա ժամանակը։ Սակայն նրա կենսագրությունն ու նշանակման համատեքստը հիմք են տալիս ենթադրելու, որ Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների անվտանգային բաղադրիչը նոր դեսպանի օրոք կարող է ավելի խորանալ։ Չի բացառվում, որ սրանում նաև թաքնված են Փարիզի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները՝ կապված Հարավային Կովկասի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930